Ինչո՞ւ են ընդվզում դպրոցները
Վերջին օրերին լարված իրավիճակ է Գյումրու թիվ 25 և Աբովյանի թիվ 1 դպրոցներում։ Երկու դպրոցներում էլ կայացել են տնօրենի ընտրություններ։ Թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել ձայների կեսից ավելին, ինչի արդյունքում էլ կառավարությունը որոշել է երկու դպրոցում էլ տնօրեն նշանակել «դրսի» թեկնածուներին։ Գյումրու թիվ 25 դպրոցում կոլեկտիվը և ծնողները ցանկանում են դպրոցի տնօրենի պաշտոնում տեսնել դպրոցի ուսուցչին, իսկ Աբովյանում՝ գործող տնօրենին։ Ինչո՞ւ ունենք այս իրավիճակը։
Շուրջ 20 տարի առաջ Հայաստանի կառավարությունը որոշեց դպրոցներում ներդնել տնօրենի ընտրության մասնակցային մեխանիզմը։ Այս մեխանիզմի էությունն այն է, որ դպրոցի տնօրենն ընտրվում է մի քանի շահագրգիռ կողմերի՝ ուսուցիչների, ծնողների, համայնքի և կառավարության ներկայացուցիչների կոլեկտիվ որոշման արդյունքում։ Այսինքն՝ ներդրվեց կառավարչի ընտրության ժողովրդավարական մոդելը։
Այս մոդելը լավ է աշխատում, եթե երկիրը դուրս է եկել ցեղային-ազգակցական մշակույթի փուլից և հաղթահարել է կոռուպցիան, նեպոտիզմը։ Բայց, ցավոք, Հայաստանում դեռ չունենք այդ իրավիճակը։ Սա բարեփոխման այն օրինակներից մեկն է, երբ նորամուծությունը չի համապատասխանում երկրում առկա մշակույթին։ Եվ եթե ուզում ես նորամուծությունը գործի, ապա պետք է փոխես մշակույթը։ Հայաստանում որոշվեց ոչ թե մշակույթը փոխել, այլ նորամուծությունը օգտագործել՝ որպես փաթեթավորում, իսկ ներսում թողնել հին համակարգը։ Մարզպետները, Երևանի քաղաքապետը, ԿԳ նախարարը որոշում էին, թե ով պետք է լինի տվյալ դպրոցի տնօրենը, իսկ կառավարման խորհուրդը վավերացնում էր այդ որոշումը՝ ապահովելով բարեփոխման «ժողովրդավարական» քողը։ Իհարկե, երբեմն նախարարության և մարզպետարանների, առանձին պաշտոնյաների միջև առաջանում էին տարակարծություններ, բայց բանը չէր հասնում գործադուլ-դասադուլներին։ Այս մասին գիտեն բոլորը։
2018թ.-ին իշխանության եկած ուժի հիմնական թեզերից մեկն այն էր, որ իրենք գալիս են դպրոցները, բուհերը կուսակցականացումից ազատելու, ինչպես նաև նախարարի, մարզպետների, Երևանի քաղաքապետի ազդեցությունը տնօրենի ընտրության գործընթացի վրա բացառելու նպատակներով։ Իրականում նոր իշխանության պատկերացումները դասագրքային էին, և շատ կարճ ժամանակ անց ի հայտ եկան խնդիրներ։ 2018թ. վերջին Չարենցավանի թիվ 3 դպրոցում կայացած ընտրությունների ժամանակ գործող տնօրենը պարտվեց։ Բայց քանի որ այդ շրջանում մարդկանց ներարկել էին այն գաղափարը, որ ժողովուրդն է որոշում ամեն ինչ, ապա ծնողները, ուսուցիչները՝ որպես «դպրոցի ժողովուրդ», որոշեցին, որ իրենք չեն ուզում նոր տնօրենին։ Մի քանի օր դասադուլ-գործադուլից հետո դպրոց այցելեց Նիկոլ Փաշինյանը։ Նա տևական ժամանակ զրույց ունեցավ դպրոցի նոր և նախկին տնօրենների հետ։
Զրույցից հետո նախկին տնօրենը տեղի տվեց և հեռացավ։ Այդ օրերին երկու բան եղավ։ Առաջին, ծնողներն ու ուսուցիչները հիասթափվեցին՝ տեսնելով, որ իրենց կարծիքը հաշվի չառնվեց։ Երկրորդ, բոլորին զարմացրեց այն հանգամանքը, որ երկրի վարչապետը զբաղվում է դպրոցի տնօրենի ընտրության հարցով, այն դեպքում, երբ ունենք Կրթության և գիտության նախարար ու մարզպետ։
Հաջորդ հիասթափությունը եղավ Արարատի մարզի Ավշար գյուղում։ Այստեղ ընտրվեց նոր տնօրեն, որը որոշեց աշխատանքից ազատել փոխտնօրենին՝ շփոթելով փոխտնօրենի պաշտոնը քաղաքական կամ հայեցողական պաշտոնի հետ։ Հետո պարզ դարձավ, որ փոխտնօրենի պաշտոնը պետք է ստանձնի Արարատի մարզպետի բարեկամը։ Դպրոցում մեծ աղմուկ բարձրացավ, ինչի արդյունքում նորընտիր տնօրենը հրաժարական տվեց։ Սա այն եզակի դեպքերից էր, երբ դպրոցի կոլեկտիվին հաջողվեց հասնել նպատակին։ Այս միջադեպը հիասթափեցնող էր այն առումով, որ պարզ դարձավ, որ նոր իշխանությունում կան մարդիկ, որոնք դպրոցը շարունակում են դիտարկել՝ որպես մտերիմ մարդկանց աշխատանքով ապահովելու կառույց։
Վերջին 3 տարում եղան նաև դասադուլ-գործադուլների մի քանի այլ դեպքեր։ Այս դեպքերը հնարավոր են դառնում այն պատճառով, որ գործող իշխանությունները միջամտության ավելի փափուկ մեխանիզմներ են աշխատացնում։ Այսինքն՝ տնօրեն դառնալու ցանկություն ունեցող մարդկանց չեն արգելում առաջադրվել։ Սրա արդյունքում՝ 2018թ.-ից հետո դպրոցների տնօրենների ընտրությունը դարձել է ավելի մրցակցային։
Լինում են դեպքեր, երբ տնօրենի թափուր պաշտոնի համար դիմում են մինչև մեկ տասնյակ թեկնածուներ։ Սա, իհարկե, դրական զարգացում է։ Բայց չենք կարող ասել, որ իշխանություններն առանձին դպրոցներում չունեն նախընտրելի թեկնածուներ։ Որոշ դեպքերում գործում է նաև հին տնօրեններից ազատվելու, դպրոցի ներսի թեկնածուներին խոչընդոտելու քողարկված ծրագիր։ Գյումրու և Աբովյանի դպրոցների դեպքերը հենց դրանց մասին են խոսում։ Երկու դեպքում էլ թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել բավարար ձայներ։ Բայց կառավարությունը երկու դեպքում էլ նախապատվությունը տվել է «դրսի» թեկնածուներին։
Ընդ որում, Աբովյանի դպրոցի դեպքում պարզվեց, որ խորհրդի կազմի անդամներից երկուսը նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի բարեկամներն են։ Այս տեղեկությունը չի հերքվել։ Եվ եթե այդպես է, ապա նշանակում է՝ շարունակվում են բարեկամների, ծանոթների միջոցով դպրոցների գործունեության միջամտելու փորձերը, որոնց դեմ էր այս իշխանությունը, երբ ընդդիմադիր ուժ էր։ Եվ այս օրինակներն ամբողջությամբ ստվերում են իշխանությունների նախընտրական խոստումները և զրոյացնում այն հայտարարությունները, որ Հայաստանի կրթական համակարգը կուսակցականացված չէ։
Պարզապես փոխվել է ձևը։ Եթե նախկինում ասվում էր, թե ում է պետք ընտրել (շատ դեպքերում մեկ թեկնածու էր լինում), ապա այժմ դա արվում է պարտիզանական ձևերով։ Խորհրդի կազմում նշանակվում են յուրայիններ, որոնց միջոցով փորձ է արվում ազդել ընտրությունների վրա։ Բայց քանի որ յուրայինների թիվը ոչ միշտ է 50+1, ապա առաջանում են նաև այսպիսի կոնֆլիկտային իրավիճակներ։ Դպրոցի աշխատակազմը չի ուզում դրսի մարդու մուտքը դպրոց, իսկ իշխանությունն էլ ուզում է դրսից մարդ բերել, որպեսզի կարողանա ազդեցության լծակներ ստանալ։ Իսկ դա հիմա կարևոր է, քանի որ իշխանության վարկանիշն ընկել է, և պետք են այնպիսի տնօրեններ, որոնք պարտավորվածության զգացողություն կունենան նոր իշխանությունների նկատմամբ։