«ՄԱԿ-ի ԱԽ-ն նիստ է անելու Արցախի հարցով. ակնկալում ենք պատժամիջոցներ Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ». Անի Սամսոնյան

Հոկտեմբերի 16-ին Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ու նախագահի տեղակալ Անի Սամսոնյանը նամակ էին ուղարկել ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին՝ կոչ անելով օբյեկտիվ գնահատել Արցախի դեմ տարվող պատերազմի իրողությունները, չսահմանափակվել միայն դատապարտող կոչերով և ձեռնարկել հրատապ միջոցներ Արցախում հումանիտար աղետը կանխելու նպատակով։ 168TV-ի եթերում հանձնաժողովի նախագահի տեղակալ և «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը նշեց, որ ԱԺ համապատասխան հանձնաժողովը ողջ տարին ջանք ու եռանդ չի խնայում այդ կազմակերպության հետ, և՝ ոչ միայն, Հայաստանի ստորագրած կոնվենցիաներով սահմանված իր պարտավորությունների կատարման համար։

«Մեզ համար կարևոր է մեր պարտավորությունների կատարումը, որոնք, ի դեպ, այդ կառույցներն անընդհատ պահանջում են, բայց չէ՞ որ պարտավորությունները չեն կարող լինեն միակողմանի, ուստի հիմա Հայաստանն է պատասխան ակնկալում այդ կազմակերպություններից, ուզում ենք, որ նրանք լինեն շատ ավելի հստակ իրենց գործողություններով և չբավարարվեն ընդամենը կոչերով։ Այս խնդրով պայմանավորված էլ՝ ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչի կողմից ցուցաբերված պասիվությանը վերջ տալու համար էր, որ կոչով ենք դիմել, որ խտրականություն չցուցաբերեն մարդու իրավունքների պաշտպանությանը։ Եթե առաջնորդվում ենք մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքով, ապա այն չի սահմանափակվում միայն միջազգայնորեն ճանաչված պետությունների վրա տարածվելով, չպետք է այստեղ որոշակի նախապայմաններ գործածել»,- ասաց Սամսոնյանը։

Ըստ պատգամավորի՝ և՛ ՄԱԿ-ը, և՛ աշխարհի բազմաթիվ այլ կազմակերպություններ ստեղծվել են այն նպատակով, որ աշխարհում լինի խաղաղություն, որ այն կետերում, որտեղ բռնկվեն պատերազմներ՝ անկախ մարդու մաշկի գույնից և այլնից, այս կազմակեպությունները պետք է ապահովեն մարդու իրավունքների պաշտպանությունը և կանխեն հումանիտար աղետները։

«Միջազգային կառույցները պետք է զբաղվեն փաստահավաք աշխատանքով և օբյեկտիվորեն տան հարցերի պատասխանները, թե ո՞վ է այս պատերազմում ագրեսորը, կամ ո՞ր երկիրն է խախտում միջազգային բոլոր կոնվենցիաները և քաղաքացիական բնակչության, ենթակառուցվածքների նկատմամբ կիրառում մահաբեր զենք։ Միջազգային կառույցները պետք է այս ամբողջ փաստերը հավաքեն և ոչ թե՝ անեն հայտարարություններ, այլ կոնկրետ կիրառեն պատժամիջոցներ։ Ունենք տեղեկություն, որ երկուշաբթի օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը փակ նիստ պետք է գումարի և քննարկի Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը, հիմա կհետևենք նիստին ու կտեսնենք՝ արդյո՞ք ՄԱԿ-ի ԱԽ նիստում կքննարկվի, թե ով սկսեց պատերազմը, կամ որ երկիրն է օգտագործում խաղաղ բնակչության դեմ արգելված զենք, կամ որ կողմը չի պահպանում կրակի դադարեցման պայմանավորվածությունը։ Այս հարցերի պատասխաններից հետո պետք է լինեն հստակ բանաձևեր և պատժամիջոցներ Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ. դա ենք ակնկալում։ Երբ նման բան լինի, մենք կհասկանանք, որ այդ կառույցն իսկապես աշխատում է»,- ասաց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը։

Ըստ նրա՝ միջազգային հանրության որդեգրած սպասողական քաղաքականությունը կարող է վատ վերջանալ այդ նույն հանրության մաս կազմող պետությունների համար, որովհետև արցախաադրբեջանական պատերազմում վարձկանների ներմուծումը Թուրքիայի կողմից կարող է սպառնալ ոչ միայն՝ տարածաշրջանի երկրներին, այլ նաև՝ հասնել մինչև Եվրոպա։

«Եթե Թուրքիան այսօր կարողանում է ահաբեկիչներին շպրտել Հարավային Կովկաս, վաղը նույն հաջողությամբ կարող են ահաբեկիչները հասնել Եվրոպայի դարպասների մոտ, ուստի այս տարածաշրջանում բռնկված այս վտանգավոր պատերազմը կարող է վտանգավոր դառնալ նաև նույն միջազգային հանրության համար»,- ասաց Սամսոնյանը։

Ինչ վերաբերում է պատերազմի ավարտից հետո Հայաստանի արտաքին քաղաքականության վերանայման անհրաժեշտությանը՝ ապա Սամսոնյանը նշեց, որ բարեկամների ցանկում միանշանակ պետք է խմբագրումներ կատարել։

«Բայց ոչ թե զգացմունքի վրա հիմնված դա պետք է անենք, այլ՝ հաշվարկների։ Մենք պետք է հասկանանք, որ մեզ հետ պատերազմում են հաշվարկներով, հետևաբար՝ մենք էլ պետք է բոլորին դիմավորենք հաշվարկներով. հենց այսպիսին պետք է լինի մեր արտաքին քաղաքականությունը»,- ասաց նա։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս