Զենքի մատակարարում և հետախուզական տվյալների կիսում. ինչպե՞ս կարող է Ռուսաստանը զսպել Թուրքիային
Այսօր Մոսկվայում կայացավ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, որից հետո համանախագահները տարածեցին հայտարարություն՝ տագնապով արձանագրելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շարունակվող բռնությունը և կոչ անելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անհապաղ քայլեր ձեռնարկել հոկտեմբերի 10-ի մոսկովյան հայտարարությանը համապատասխան կողմերի պարտավորությունների ամբողջական կատարման ուղղությամբ։
Համանախագահները կողմերին կոչ են արել նաև անհապաղ հաստատել հումանիտար հրադադար, որպեսզի ապահովեն աճյունների, ռազմագերիների և այլ պահպանման տակ գտնվող անձանց վերադարձը, և կոչ են անում կողմերին անհապաղ համաձայնեցնել հրադադարի ստուգման մեխանիզմը: 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում անդրադառնալով համանախագահների տարածած հայտարարությանը՝ «Կովկաս» ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Հրանտ Միքայելյանը նշեց.
«Մեծ հաշվով, սա նույն մոնիտորինգի մեխանիզմներին վերադառնալու կոչն է՝ Վիեննա, Ժնև և Սանկտ Պետերբուրգ։ Հիմա դրսում հասկանում են, որ 2016 թվականից հետո Ադրբեջանին չստիպեցին դրան գնալ, հիմա հասկանում են, թե ինչ հետևանքների է բերում Ադրբեջանին դա չստիպելը»,- ասաց Միքայելյանը։
Հարցին՝ ո՞վ է լինելու Ադրբեջանին ստիպողը, ու ի՞նչ կերպ պետք է ստիպել այդ երկրին, քաղաքագետը նկատեց, որ այդ քայլն անողը պետք է լինեն Մինսկի խմբի համանախագահները։
«Համանախագահները պատասխանատու են խաղաղության համար, հետևաբար՝ դա ստիպելու պատասխանատվությունը մնում է Մինսկի խմբի վրա, իսկ թե ի՞նչ ձևով կգնան այդ քայլին, առաջիկայում կերևա։ Չնայած ցանկացած վերլուծության ունակ մարդ էլ կարող է տեսնել՝ ով է ագրեսորը. բնական է, եթե մարտերը գնում են Հադրութի շուրջ, ապա ակնհայտ է, որ հայկական կողմը չի ձգտում Հադրութին տիրանալ, այն իրենն է, այդ ձգտումն ունի հակառակորդը, իսկ եթե ադրբեջանական կողմը խոսում է Գյանջայի մասին, ապա դրանից առաջ պետք է խոսել Ստեփանակերտի մասին»,- ասաց քաղաքագետը։
Ըստ նրա՝ չկատարելով Ռուսաստանի միջնորդությամբ հոկտեմբերի 10-ին կրակի դադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը՝ Ադրբեջանը ցույց է տալիս Ռուսաստանի նկատմամբ իր ագրեսիան։
«Սրանով իր ագրեսիան է ցույց տալիս, մյուս կողմից էլ՝ հիմա ավելի շատ մտահոգված է Թուրքիայի հետ իր հարաբերությունները զարգացնելով»,- ասաց նա։
Անդրադառնալով Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարությանն առ այն, որ պատրաստ են իրենց իրավասության շրջանակում ակտիվ մասնակցություն ունենալ ԼՂ-ում տիրող իրավիճակը հնարավորինս շուտ կարգավորելու նախաձեռնություններին՝ Միքայելյանը նկատեց, որ այդ իրավասության շրջանակում է, որ ռուսական ուժերը ռմբակոծում են ահաբեկիչների այն բազաները, որտեղից նրանք պետք է տեղափոխվեին Արցախի սահման։
«Ահաբեկիչները նախաձեռնողական դեր ունեն. սկզբից սկսեցին կրակել ռուսական ռազմաբազայի ուղղությամբ, վառեցին տարածքի անտառները, որ Ռուսաստանին այս խնդրի կողմ դարձնեն, հանեն չեզոք դիրքից։ Ռուսաստանը որոշել է այդ դիրքում մնալ, ինչը մեզ համար և՛ լավ է, և՛ վատ. մի կողմից՝ Ռուսասատանի աջակցության աստիճանը նվազում է, մյուս կողմից՝ կա վտանգ, որ, եթե Ռուսաստանն ու Թուրքիան սկսեն Հայաստանի տարածքում կռվել, Հայաստանին դրանից մեծ վտանգ է սպառնում։ Դրա համար լավ կլինի, եթե Ռուսաստանը Թուրքիային զսպի զենքի մատակարարում, հետախուզական տվյալների կիսում և բազմաթիվ այլ գործիքներով, որոնք ունի։ Դա կարող է շատ մեծ աջակցություն լինել հայկական կողմի համար, և հենց այստեղ է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը կարող է մեծ դեր խաղալ։ Ռուսաստանն ունի մեծ փորձ Թուրքիային համոզելու, որ ականջալուր պետք է լինել ՌԴ պաշտոնական դիրքորոշմանը. դա և՛ ռազմական, և՛ տնտեսական լուրջ ճնշում է Թուրքիայի վրա»,- ասաց նա։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում