Երբ անհրաժեշտ է՝ վարչապետի համար ՍԴ-ն և Հրայր Թովմասյանը լեգիտիմ են, երբ անհրաժեշտ չէ՝ դառնում են ոչ լեգիտիմ

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կեսգիշերին ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ սահմանադրական փոփոխություններն արդեն ուժի մեջ է մտել: «Այս պահից սկսած Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ չէ, իսկ Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը և Ալվինա Գյուլումյանը ՍԴ անդամ կամ դատավոր չեն։ Երկու ամսվա ընթացքում պետք է ընտրվեն ՍԴ երեք նոր դատավորներ։

Հայաստանի բոլոր պետական մարմինները պարտավոր են ի գիտություն ընդունել այս իրողությունը և առաջնորդվել ըստ այդմ»,- գրել էր Փաշինյանը։

Ի դեպ, այս գրառումից երեք ժամ առաջ նա մեկ այլ գրառում էր կատարել, որով հիշեցրել էր, որ մի քանի ժամից սահմանադրական փոփոխությունների նախագիծն ուժի մեջ է մտնելու: «ՀՀ ԱԺ նախագահը պաշտոնական տեղեկագրում հրապարակել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունները։

Դրանք ուժի մեջ կմտնեն մի քանի ժամից։

Ըստ այդմ՝ ՍԴ գործող նախագահը պաշտոնանկ կլինի, իսկ ՍԴ անդամներ Ֆելիքս Թոխյանի, Ալվինա Գյուլումյանի և Հրանտ Նազարյանի լիազորությունները կդադարեն՝ ժամը 00:01-ից»,- գրել էր նա։

Ն. Փաշինյանը բազմիցս է անդրադարձել Սահմանադրական դատարանին և դրա նախագահ Հրայր Թովմասյանին և նշել, որ վերջինս յուրացրել է ժողովրդին պատկանող իշխանությունը կամ, որ նա ընտրվել է կեղծիքներով, հետևաբար՝ չի կարող լինել ՍԴ նախագահ, պետք է լքի իր պաշտոնը։ Ավելին՝ վարչապետը տարբեր առիթներով ԱԺ ամբիոնից, ֆեյսբուքյան ուղիղ եթերում մշտապես հայտարարել է, որ պետք է լինի այնպիսի Սահմանադրական դատարան և ՍԴ նախագահ, որը վստահություն կներշնչի, և նրա կայացրած որոշումներին ժողովուրդը կվստահի։
Պարզվում է, անձամբ վարչապետի կամ իշխող թիմի համար երբ պետք է, Սահմանադրական դատարանը և Հրայր Թովմասյանը կարող են վստահելի լինել և որոշումներ կայացնել, իսկ երբ պետք չէ՝ կարող են նրան համարել կեղծիքներով ընտրված ՍԴ նախագահ և պաշտոնից հեռացնելու համար դիմել տարբեր քայլերի՝ ընդհուպ համաճարակի և արտակարգ դրության պայմաններում գնալ սահմանադրական փոփոխությունների, ինչը և արեցին։

Այսպիսով՝ հունիսի 4-ին ՀՀ կառավարությունը՝ ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանի, դիմել է Սահմանադրական դատարան՝ Հայաստանի Հանրապետության և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2020 թվականի մայիսի 23-ին և 2020 թվականի հունիսի 1-ին ստորագրված՝«Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման և լրացուցիչ փոխառու միջոցների ներգրավման մասին» նամակ-համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ սահմանադրականությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ։

Հարցի առնչությամբ վարչապետը ՍԴ-ին խնդրել է, որպեսզի դիմումի քննությունը տեղի ունենա արագացված կարգով, որի արդյունքում ՍԴ-ն քննել է դիմումը և հունիսի 16-ին դռնբաց նիստում՝ ՍԴ այն նույն կազմով, որն այսօր, ըստ վարչապետի՝ վստահություն չի ներշնչում, ընդունել է որոշում։ ՍԴ-ի ընդունած որոշման համաձայն՝«Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման և լրացուցիչ փոխառու միջոցների ներգրավման մասին» նամակ-համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը։
Նշենք, որ այս պայմանագրով Հայաստանն Արժույթի միջազգային հիմնադրամից վերցնելու է 315 մլն դոլարի բյուջետային վարկ։

Հիշեցնենք, որ հունիսի 24-ին խորհրդարանում ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանն անդրադառնալով այս միջոցներին, նշել էր, որ այդ վարկային միջոցի ներգրավումը հնարավորություն է տալու կյանքի կոչել կառավարության կողմից ներկայացված և ԱԺ-ի կողմից հաստատված պետական բյուջեի ծրագրերը։

«Բնականաբար, այդ միջոցները հնարավորություն են տալու իրականացնել արդեն իսկ հաստատված ծրագրերը, և կոնկրետ ծրագրի հետ փոխկապակցված չէ այս վարկը։ Երբ հարկերը նվազում են, իսկ կառավարությունը ծախսերը մեծացնում է, լրացուցիչ միջոցներ են պետք լինում, որպեսզի հնարավոր դառնա կատարել բյուջեով նախատեսված ծրագրերը»,- ասել էր Ա. Հայրապետյանը։

Իսկ ՍԴ ուղարկած դիմումի մեջ ՀՀ վարչապետը և Կառավարության ներկայացուցիչը հայտնել են, որ նամակ-համաձայնագրով նախատեսված միջոցներն ուղղվելու են կորոնավիրուսային համավարակի տարածմամբ առաջ եկող խնդիրների լուծմանը և դրանց հետևանքների մեղմմանն ուղղված սոցիալ-տնտեսական միջոցառումների ֆինանսավորմանը։

Հարկ է նշել նաև, որ հունիսի 20-ին Կառավարությունը կրկին դիմել է ՍԴ-ին, այս անգամ՝ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի՝ ՎԶՄԲ միջև 2020թ. ապրիլի 21-ին ստորագրված «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի սահմանադրականության հարցը որոշելու խնդրանքով։

Այս ամենից հետո հարց է առաջանում՝ ինչպե՞ս եղավ, որ ՍԴ-ի ընդունած այն որոշումները, որոնք վերաբերում են Կառավարությանը, անձամբ վարչապետի համար կարող են վստահելի լինել, իսկ այն որոշումները, որոնց հետ որևէ առնչություն չունեն, հանկարծ Փաշինյանի համար դառնում են կեղծված, ինչպես նա հաճախ սիրում է ասել։

Տեսանյութեր

Լրահոս