
Ակնկալվում է, որ ՀՀ-ԵՄ «Ընդհանուր օդային տարածք ստեղծելու մասին» համաձայնագիրը կստորագրվի առաջիկա ամիսներին․ Անդրեա Վիկտորին

Տարեսկզբից նախատեսվում էր Հայաստանի և Եվրամիության միջև «Ընդհանուր օդային տարածք ստեղծելու մասին» համաձայնագրի ստորագրումը։ Տվյալ համաձայնագիրը բանակցվել և նախաստորագրվել էր դեռևս 2017 թվականին՝ ՀՀ նախկին իշխանությունների օրոք և, փաստորեն, ՀՀ-ում թավշյա իրադարձություններից հետո որպես հերթական ժառանգություն՝ փոխանցվել Նիկոլ Փաշինյանի կառավարությանը։
Ինչպես հայտնի դարձավ 2019 թվականի դեկտեմբերին, համաձայնագրի ստորագրումը նախատեսվում էր իրականացնել 2020 թվականին: Սակայն ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի շուրջ վերջին ամիսների իրադարձություններից և հատկապես այն բանից հետո, երբ Եվրահանձնաժողովն արգելեց Հայաստանում գրանցված բոլոր ավիաընկերություններին թռիչքներ իրականացնել Եվրամիության տարածքում, կասկածներ են շրջանառվում, որ այս համաձայնագրի ստորագրումը եվրոպական կողմը կչեղարկի։
Թեմայի վերաբերյալ 168․am-ը մի քանի գրավոր հարցեր էր ուղղել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ն.Գ. տկն. Անդրեա Վիկտորինին։
– Ստորագրվելո՞ւ է արդյոք համաձայնագիրը: Եթե այո, մոտավորապես ե՞րբ է ստորագրվելու այն, իսկ եթե չի ստորագրվել, ինչո՞ւ:
– Ակնկալվում է, որ Համաձայնագիրը կստորագրվի առաջիկա ամիսներին և նոր ուղի կհարթի այս ոլորտի ուղղությամբ համագործակցությունը խորացնելու համար: Այն միաժամանակ կապահովի տնտեսական օգուտներ, այդ թվում՝ ցածր գներով պայմանավորված սպառողական ավելցուկի, սոցիալական ազդեցության (զբաղվածության մակարդակի բարձրացում), զբոսաշրջության կամ միակցվածության ապահովման՝ ուղիղ չվերթերի շնորհիվ ժամանակի խնայողության միջոցով։
– Արդյո՞ք հայկական ավիաընկերությունների՝ Եվրոպայի տարածք մուտքի արգելքի, այսինքն՝ մեր «սև ցուցակում» հայտնվելն այդ համաձայնագիրը չստորագրելու պատճառներից է:
– 2020 թվականի մայիսին հայտարարված Հայաստանում գրանցված ավիափոխադրողների ԵՄ Օդային անվտանգության ցուցակում ընդգրկվելու փաստը չի առնչվում և չի կարող ազդել Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև Ընդհանուր ավիացիոն գոտու մասին Համաձայնագիրի ստորագրման վրա: