«1/5-ը մեր Ազգային ժողովի հենց 26-ը կարող է լինել, որովհետև 26.4-ը կլորացվում է, և հասկանալի է՝ ինչու է կլորացվում՝ 0.4 տասներորդական մաս չի լինում». Լարիսա Ալավերդյան

Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանն այսօր 168.am-ի հետ զրույցում տեղեկացրել էր, որ Հրայր Թովմասյանը Սահմանադրական դատարան չի գալու, քանի որ գտնվում է արձակուրդում: Հարցին՝ ԲՀԿ-ի կողմից երեկ ներկայացրած դիմումն արդեն վարույթ ընդունվե՞լ է, Էդգար Ղազարյանը պատասխանել է, որ դիմումն արդեն ստացել են, սակայն այն միանգամից վարույթ չի ընդունվի.

«Դիմումը պետք է ենթարկվի նախնական ուսումնասիրության, որից հետո դատարանը որոշում է՝ այն վարույթ ընդունե՞լ, թե՞ ոչ, մենք դիմումը ստացել ենք։ Ժամկետների առումով ոչինչ չեմ կարող ասել, տարբեր գործեր, տարբեր ժամկետներ ունեն, պատգամավորների դիմումի քննության ժամկետը հստակ չեմ հիշում։ Հիմա քանի որ պարոն Թովմասյանն արձակուրդում է, նրան փոխարինում է Ալվինա Գյուլումյանը, որն այդ դիմումը պետք է մակագրի որևէ դատավորի կամ մի քանի դատավորների, նրանք նախնական ուսումնասիրություն իրականացնեն, որից հետո դատարանն աշխատանքային կարգով կորոշի՝ այն վարույթ ընդունի՞, թե՞ ոչ»:

Մարդու իրավունքների պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ անգամ ընդունված նոր օրենքի պայմաններում ՍԴ-ն կարողանալու է քննել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված դիմումը.

«Եթե նույնիսկ կարողանան հանել այդ երեքին, ապա միևնույն է՝ այնտեղ մնում է 6 դատավոր, որոնցից 5-ն առնվազն գալիս են աշխատանքի, այսինքն՝ իրենք իրենց գործը չեն դադարեցնում:

ՍԴ-ն կարող է անցկացնել առնվազն այնպիսի գործողություն, որով կհաստատի՝ բողոքն ընդունելության պայմաններին համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ.  հիշեցնեմ՝ ինչո՞ւ եմ դա ասում, որովհետև կար կասկած՝ 26 ստորագրությո՞ւն, թե՞ 27:

Ես երեկ տվեցի այդ բացատրությունը, որ մաթեմատիկայի մեջ կա կլորացման օրենքը: Այնպես որ՝ 1/5-ը մեր Ազգային ժողովի հենց 26-ը կարող է լինել, որովհետև 26.4-ը կլորացվում է, և հասկանալի է՝ ինչու է կլորացվում՝ 0.4 տասներորդական մաս չի լինում»:

Իրավապաշտպանի դիտարկմամբ՝ ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացը կամայական է. «Կասեի՝ ինքնիրավչության ամենավերջին դրսևորումն է, և չեմ կարծում, որ սա այդպես կշարունակվի: Հույս ունեմ, որ մենք կունենանք դրական փոփոխություններ:

Իր գործողություններով ոտնահարելով գործող Սահմանադրության մի քանի կարևորագույն կետեր՝ ԱԺ-ն կորցնում է լեգիտիմության կարևորագույն տարրը»:

Հիշեցնենք, որ ԱԺ-ն ընդունել էր Սահմանադրության փոփոխությունների նախագիծ, որով կասեցվում են 12 տարի պաշտոնավարած ՍԴ դատավորների լիազորությունները։ Նույն նախագծով՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը դառնում է ՍԴ դատավոր։

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ստորագրահավաք էր նախաձեռնել` օրինագիծը ՍԴ-ում վիճարկելու վերաբերյալ։ Ստորագրահավաքին միացել էր նաև ԱԺ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

Տեսանյութեր

Լրահոս