«Ի՞նչ՝ պետք է կանգներ և Ալիևին վատ բառեր ասեր, որ մենք ասեինք՝ հաղթանակ տարա՞նք»․Տաթևիկ Հայրապետյան

Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հետ

– Տիկին Հայրապետյան, Նիկոլ Փաշինյանն իր առցանց ասուլիսի ժամանակ Արցախի օրինական ընտրված իշխանությունների մասին խոսելիս՝ մի քանի անգամ կրկնեց «Արցախի ընտրված ներկայացուցիչներ» տերմինը, ինչը բազմաթիվ քննադատությունների առիթ դարձավ։ Ինչո՞ւ է այդ տերմինը կիրառվում։

– Խոսքն Արցախի ընտրված իշխանությունների մասին է։ «Ընտրված ներկայացուցիչներ» ձևակերպումն է օգտագործվում, նույն դրսի տերմինաբանությամբ` authorities բառն է օգտագործվում, և խոսքը՝ Արցախի ընտրված իշխանությունների մասին է։ Դրա տակ այլ կոնտեքստ դնելու իմաստը, անկեղծ ասած՝ չեմ հասկանում։ Չեմ էլ հասկանում ինչպե՞ս են կարողանում այնպես անել, որ դա դարձնում են քննարկման թեմա և դրանով փորձում ինչ-որ բաներ նսեմացնել։ Եվ որտեղի՞ց է գալիս այդ «ընտրված» բառի շաշտադրման կարևորությունը․ երբ վարչապետն ասում է, օրինակ՝ Ալիևը ներկայացնում է Ադրբեջանում համատարած բոլորին, ես ներկայացնում եմ բացառապես ՀՀ քաղաքացիներին, որովհետև Արցախում ինձ չեն ընտրում, իրենք ընտրում են իրենց իշխանություններին։

Դրա համար այդ ընտրված բառի վրա առանձնահատուկ շեշտադրում է կատարում, որի հիմքում դնում է լեգիտիմության գործոնը։ Այսինքն՝ ես իրենց կողմից չեմ ստացել այդ քվեն՝ իրենց անունից բանակցելու, այդ քվեն ստացել են Արցախի իշխանությունները, դրա համար այդ բառի շեշտադրումն է անում։

– Մտահոգությունները վերաբերում են նրան, որ այս պահին բավականին ակտիվ է Արցախի, այսպես ասած՝ ադրբեջանական համայնքը, և երբ Հայաստանի վարչապետն ասում է՝ «Արցախի ընտրված ներկայացուցիչներ», նրանց նույն հարթության վրա է դնում։

– Ոչ, դա անհեթեթություն է՝ մի պարզ պատճառով, որ իրենք ինչպես իրենց որակում են՝ համայնք կամ այլ մի բան, այդ նույն մարդիկ Ալիևին ընտրում են։ Նույն հարթության վրա ուղղակի հնարավոր չէ դիտարկել հենց այդ պատճառով՝ այդ մարդիկ Ալիևին ընտրում են։ Իրենք իրենց քվեով Ալիևին տալիս են հնարավորություն՝ բանակցել իրենց անունից, դրանով թեման փակվում է, ինչը տեղի չի ունենում Արցախի ընտրված իշխանությունների պարագայում, որովհետև այստեղ մարդիկ ընտրում են իրենց սեփական իշխանություններին, իրենք մեզ չեն ընտրում։ Սա է դրված փաստարկի հիմքում, թե ինչու Արցախը պետք է անխուսափելիորեն վերադառնա բանակցային սեղան։

– Բանակցությունների վերաբերյալ նախկինում Դուք էլ էիք ասում, որ բանակցություններ չկան, խորհրդակցություններ են։ Ժնևի հանդիպումից հետո մեր տաղավարում ասացիք, որ 11 ժամ միջավայրի առողջացման մասին են խոսել։ Հիմա ինչո՞ւ շրջանառության մեջ դրվեց բանակցություններ տերմինը, ո՞ր պահից սկսած այդ խորհրդակցությունները դարձան բանակցություններ։

– Տեսեք՝ ըստ էության, նախարարն էլ դրա մասին խոսում է՝ բանակցություն, քննարկում, խորհրդակցություն, տարբեր թեմաներ։ Որ փուլից է բանակցությունը դառնում բանակցություն․ իրականում, տարբեր փուլեր են լինում, բայց դա ամբողջությամբ բանակցային գործընթացի մաս է։ Ուղղակի մի պարզ տրամաբանություն էլ այստեղ է գործում․ երբ խոսում ենք Արցախի վերադարձի մասին՝ բանակցային սեղան, մենք ասում ենք, որ մենք դա վերջնագրի ձևով չենք դնում, որպեսզի որևէ ձևով փակուղային իրավիճակ չստացվի բանակցային սեղանին, բայց մենք դա համարում ենք կարևոր և անխուսափելի գործոն՝ առարկայական բանակցություններ ունենալու համար։ Սա է ամբողջը։

Դրա հետ կապված մի հետաքրքիր բան նշեմ․ որ այդքան խոսվում է փաստաթղթի առկայության մասին, փաստացի 2 օր առաջ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակի հայտարարության մեջ նշվում էր փաստաթղթի բացակայության մասին։ Այսինքն՝ անգամ իրենք իրենց խոսքով հաստատեցին այն, ինչի մասին մենք ամիսներ շարունակ խոսում ենք և չգիտեմ՝ ինչու՝ որոշ շրջանակներ համառորեն հրաժարվում են այդ խոսքերը լսել։

– ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունից հետո այդ խոսակցությունները ծավալվեցին։

– Լավրովի հայտարարությանն ի պատասխան՝ հնչեց մեր ԱԳ նախարարի հայտարարությունը։ Դրանով թեման փակված է։

– ՀՀ ԱԳ նախարարը բառացի չասաց, որ որևէ փաստաթուղթ չկա։

– Արցախյան հարցին փոքր-ինչ ծանոթ ցանկացած մարդ պետք է հասկանա, որ տարբեր ժամանակներում առաջարկվել, քննարկվել են տարբեր լուծումներ։ Բայց այս պահի դրությամբ որևէ քննարկվող լուծում, որը մեզ առաջարկվել է, որի վերաբերյալ ասում ենք՝ այ, այս լուծման շուրջ ենք բանակցություններ վարում, նման բան չկա։

Այսինքն՝ դա խոսում է փաստաթղթի բացակայության մասին։

Լավրովը տարբեր բաներ հնչեցրեց․ Քի Ուեսթի մասին խոսեց, տարբեր փուլերի մասին խոսեց ու նույն իր մեջբերումը, որ 2019թ․ ապրիլին քննարկվել է, թե ինչ, համանախագահների համատեղ հայտարարության մեջ վերջին շրջանում ոչ մի խոսք չկա։ Այսինքն՝ թաքցնելու բան էլ չկա, երբ ինչ-որ բան քննարկվում է, ասում ենք՝ գիտեք՝ ինչ՝ մեզ նման լուծում են առաջարկում, կամ ինչպես վարչապետն ասաց՝ առնվազն միանգամից ոչ ասել չարժե, գուցե պետք է քննարկել։ Թաքցնելու ի՞նչ իմաստ կա։

Նախ՝ այդ հարցը պետք է լուծվի ժողովուրդների համար։ Եթե ժողովուրդները հաշտ չեն լուծման հետ, իմաստը ո՞րն է գնալ նման լուծումների, որոնց անհաշտ են ժողովուրդները և չեն պատրստվում ապրել պարտադրված լուծման մեջ։ Մյուս կողմից՝ նույն այդ տարածքում ապրում է արցախցին և ամենակարևորը իր խոսքն ու իր մոտեցումն է, որովհետև ինքն է, առաջին հերթին, կրելու այդ ամբողջի հետևանքները կամ արդյունքները։ Սա շատ բազմակողմանի է և այդպես պրիմիտիվ նայել ու ասել՝ այս փաստաթուղթը կամ չգիտեմ՝ ինչը, անհեթեթություն է։ Գործընթացին տիրապետող ցանկացած մարդ դա կհասկանա։ Ուղղակի տարբեր ժամանակներում տարբեր իշխանություններ իրենց տակտիկան են ունենում։

– Վերջին օրերին շատ քննադատվեց նաև Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե Ալիևը նույնպես կառուցողական է տրամադրված։ Այս հայտարարության վերաբերյալ ի՞նչ կասեք։

– Ես կարծում եմ՝ այնքան պարզ էր նաև այդ հայտարարությունը։ Նախ՝ դա փոքր-ինչ դիվանագիտական ժեստ էր ադրբեջանցի գործընկերոջն այն առումով, որ տեսեք՝ հրադադարի չխախտման կամ իրավիճակը պահպանելու պայմանավորվածություն կար, և վերջին շրջանում Ադրբեջանի կողմից շարունակ տեսնում էինք խախտման դեպքեր, և կարծում եմ՝ այդ ժեստով փորձում էր հիշեցնել Ալիևին՝ իր հետ ձեռքբերված այդ պայմանավորվածությունը՝ պահպանել ռեժիմը և այդ գործընթացի ներքո շարունակել խոսակցությունն ու քննարկումները։

Ի՞նչ՝ պետք է կանգներ և Ալիևին վատ բառեր ասեր, որ մենք ասեինք՝ հաղթանա՞կ տարանք։ Մարդիկ պետք է հասկանան, որ վարչապետը նաև դրսում մեր բանակցողն է, իր ամեն բառը, ամեն խոսքը նաև որոշակի նշանակություն ունի՝ հետագայում նույն բանակցային գործընթացի համատեքստում։ Փոքր-ինչ պետք է լայնախոհ լինել՝ մեկնաբանելիս և քննադատելիս։ Իսկ Ալիևի դիրքորոշումների մասին բազմիցս տարբեր տեղերում խոսում և բարձրաձայնում ենք, և դա որևէ մեկի համար գաղտնիք չէ։

– Միջազգային հանրության կողմից էլ Ադրբեջանը որպես ապակառուցողական կողմ է ընկալվել միշտ, հիմա երբ ՀՀ վարչապետն է նրան ասում կառուցողական, պատկերացումներ են փոխվում համաձայն չե՞ք։

– Վարչապետն իր ասուլիսի ընթացքում այդ հարցին անդրադարձավ և ասաց, թե դա ասելով՝ ինչ է նկատի ունեցել։ Բնականաբար, եթե Ադրբեջանն այնքան կառուցողական լիներ, որ անգամ երազել չի կարելի, հարցի լուծումն այլ հունով կընթանար։ Բայց հասկանալի է, չէ՞, որ նման Ադրբեջանի և նման ղեկավարության հետ գործ չունենք և վարչապետը նաև դրան տվեց սպառիչ պատասխան։

Տեսանյութեր

Լրահոս