«Սկզբունքների մասին խոսելիս՝ անվտանգության և կարգավիճակի վրա են կառուցված մեր հիմնական գերակայությունները». Մնացականյան
«Եթե մենք ունենք կոնկրետ, բովանդակային առումով զինադադարի խախտման հետաքննության մեխանիզմը, դա անհրաժեշտություն է, ոչ թե Սանկտ Պետերբուրգ ու Վիեննա է, այլ, որպեսզի մենք ամրապնդենք էսկալացիայի նվազեցման նպատակը»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Պատասխանելով 168.am-ի հարցին, թե երբ կարող ենք ակնկալել, որ համանախագահներն իրենց հայտարարություններում հիշատակեն ԼՂ հակամարտության կարգավորման 3 սկզբունքները, և առաջընթաց տեղի ունենա Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունների ուղղությամբ, նախարար Մնացականյանը պատասխանեց, որ իրենք խոսում են իրենց գերակայությունների մասին, որոնց հիմքում դրված է երկու հարց՝ անվտանգություն և կարգավիճակ՝ ինքնորոշման իրավունքի արտահայտությունը, և հիմքում՝ անվտանգությունը:
«Սա մեր համար գերակայությունն է: Սկզբունքների մասին խոսելիս՝ սա մեր համար սկզբունք է, սրա վրա է կառուցված մեր հիմնական գերակայությունը: Ինչպես համադրել, համաչափ դարձնել դա մյուս գերակայությունների հետ՝ դա այդ պարամետրերի համադրումն է»,- ասաց բանախոսը:
Ինչ վերաբերում է Սանկտ Պետերբուրգին և Վիեննային, ապա, նրա պարզաբանմամբ, դրանք փաթեթ են, որոնց մեջ դրված են կոնկրետ նպատակներ:
«Մենք այսօր ունենք իրավիճակ, երբ, իհարկե, ես չեմ օգտագործելու «բավարար» բառը, քանի որ յուրաքանչյուր կրակոցն անբավարար է, բայց զգալի տարբերություն կա լարվածության առումով, բավարար երբեք չի լինի, երբ կա նույնիսկ մեկ կրակոց, բայց զգալի տարբերություն կա: Դրա հիմքում դրված են տարբեր բաներ, առաջին հերթին՝ այն, ինչ հնարավոր եղավ պայմանավորվել Դուշանբեում: Ես նաև առիթ էի ունեցել խոսելու «Դուշանբե պլյուս»-ի անհրաժեշտության մասին: Եթե մենք ունենք կոնկրետ, բովանդակային առումով զինադադարի խախտման հետաքննության մեխանիզմը, դա անհրաժեշտություն է, ոչ թե Սանկտ Պետերբուրգ ու Վիեննա է, այլ, որպեսզի մենք ամրապնդենք էսկալացիայի նվազեցման նպատակը, էսկալացիայի, ռիսկերի նվազեցման նպատակը: Սա միակը չէ, բայց անհրաժեշտ է: Մեզ համար խաղաղությանը նպաստող միջավայրը երկու բաղադրիչ ունի՝ դա ժողովուրդներին պատրաստելն է՝ հռետորաբանությունը, և այլն, էսկալացիայի ռիսկերի նվազեցման գործառույթն է, որոնք երկուսն իրենց ամբողջության մեջ միտված են ամրապնդելու խաղաղությանը միտված մթնոլորտը»,- ասաց նախարարը:
Նա նշեց, որ, եթե ենթադրություն կա, որ իրենք պետք է մոռանան դրա մասին, կամ իրենց համար դա նշանակություն չունենա, երբ կոնկրետ նպատակն ամբողջովին համալրում է գերակա նպատակը, որը վերաբերում է էսկալացիայի ռիսկերի նվազեցմանը: «Ավելի ամրապնդելու անհրաժեշտություն կա: Տարբերություն կա՝ լարվածության առումով: Որքանով ամուր ու խորքային է, դա առօրյա մեր մարտահրավերն է»,- ասաց նա:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: