Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը հրահրիչ է որակել Ասանժի կտտանքների վերաբերյալ ՄԱԿ-ի ներկայացուցչի խոսքերը
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթը հրահրման մեջ է մեղադրել ՄԱԿ-ի՝ կտտանքների գծով հատուկ զեկուցող Նիլս Մելցերին, որը հայտարարել է, թե Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը մի քանի տարի Միացյալ Թագավորությունում ենթարկվել է հոգեբանական կտտանքների։
«Դա այդպես չէ: Ասանժը նախընտրեց թաքնվել դեսպանատանը եւ միշտ կարող էր ազատորեն դուրս գալ այնտեղից եւ կանգնել արդարադատության առաջ: Հարկ է, որ ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը թույլ տա բրիտանական դատարաններին իրենց վճիռները կայացնելու առանց նրա միջամտության կամ հրահրիչ մեղադրանքների»,- մայիսի 31-ին գրել է Հանթը Twitter-ում:
Նիլս Մելցերը մայիսի 31-ին The Times թերթում հրապարակված հարցազրույցում հայտնել է, որ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի մոտ առկա ախտանշանները վկայում են, որ նա մի քանի տարի հոգեբանական կտտանքների էենթարկվել Մեծ Բրիտանիայում:
«Ասանժը մի քանի տարի ենթարկվել է ավելի ու ավելի դաժան, անմարդկային, մարդկային արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի եւ պատժի, որոնց միագումար ներգործությունը կարելի է բնութագրել սոսկ որպես հոգեբանական կտտանք»,- նշել է փորձագետը, որը WikiLeaks-ի հիմնադրի հետ հանդիպել է Բելմարշ բանտում: Մելցերը Մեծ Բրիտանիային, ԱՄՆ-ին եւ Շվեդիային մեղադրել է այն բանում, որ նրանք համատեղ «ահաբեկման եւ զրպարտության չդադարող եւ ոչնչով չսահմանափակված արշավ են կազմակերպել» Ասանժի դեմ:
Մայիսի 30-ին WikiLeaks-ը հայտնել է, որ Ասանժը պատժական հիմարկության հիվանդանոցային բաժանմունք է տեղափոխվել առողջական վիճակի վատանալու պատճառով: Բժիշկներն ավելի վաղ Ասանժի մոտ ախտորոշել են միջին ծանրության դեպրեսիա, շնչուղիների վարակներ եւ ատամների հետ կապված խնդիրներ, որոնք դարձել են Էկվադորի դեսպանատանը երկարատեւ մնալու հետեւանքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: