«Ատոպիկ մաշկաբորբ ունեցող երեխաների լոգանքը պետք է տևի 5-7 րոպե, իսկ տեղը տեղին տրորելն էլ բերում է հիվանդության սրացման». մաշկաբան

Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնն ու Մաշկավեներաբանների հայկական ասոցիացիան հանդես են գալիս նոր նախաձեռնությամբ՝ նախատեսված ատոպիկ մաշկաբորբ ունեցող երեխաների ծնողների համար: Նախաձեռնությունում ներգրավված մաշկաբանները նպատակ ունեն իրազեկելու ծնողներին ատոպիկ մաշկաբորբ ունեցող երեխաների մաշի խնամքը ճիշտ կազմակերպելու համար: Խորհրդատվությունն անվճար է:

Նախաձեռնության մեկնարկը տրվել է հունիսի 9-ից և յուրաքանչյուր շաբաթ օր ժամը 11:00-ին Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնն ու Մաշկավեներաբանների հայկական ասոցիացիան կանցկացնեն ժամանակակից բժշկագիտական տվյալների վրա հիմնված սեմինար-դասախոսություններ։ Միաժամանակ, կենտրոնի և ասոցիացիայի բժիշկները կիրականացնեն անվճար խորհրդատվություն ատոպիկ մաշկաբորբով երեխաների բուժման, խնամքի միջոցառումների, խնամքի միջոցների ընտրության և օգտագործման ձևի վերաբերյալ։

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Մաշկավեներաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ, մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ մաշկային նման խնդիրներ ունեցող երեխաների ծնողների շրջանում բուժման, խնամքի միջոցառումների մասին իրազեկման անհրաժեշտություն կա:

«Մանկական պրակտիկայում ամենից հաճախ հանդիպող, դժվար բուժվող, երկար տևող մաշկային խնդրի հետ գործ ունենք: Ծնողների հետ աշխատելը շատ կարևոր է, նրանք պետք է հասկանան, թե ինչի հետ գործ ունեն, իսկ դրա համար իրազեկվածությունը, խնամքի գործընթացում գրագետ մոտեցումը շատ կարևոր է»,-ասաց Հովհաննես Հովհաննիսյանը:

Կարդացեք նաև

Նրա խոսքով, կան պարզ, տարրական քայլեր, որոնց արդյունավետությունն ապացուցված է, իսկ ծնողները պետք է տեղյակ լինեն ու կիրառեն, այլ ոչ թե հարևանի, բարեկամի խորհրդով շարժվեն, ինչն էլ կարող է բերել հիվանդության խորացման:

«Հասարակ մի բան, դիտարկենք լոգանքի ձևն ու տևողությունը, երեխային սովորաբար լողացնում ենք երկար, եթե ջուրը սիրում է, եթե չի սիրում՝ կարճ, էլ չեմ խոսում այն մասին, որ տատիները նախընտրում են տեղը տեղին տրորել: Այնինչ, ատոպիկ մաշկաբորբ ունեցող երեխաների լոգանքը պետք է տևի 5-7 րոպե, իսկ տեղը տեղին տրորելն էլ բերում է հիվանդության սրացման»,-ասաց մաշկաբանը:

Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի բաժնի վարիչ Սահակ Հակոբյանը կարևորեց մաշկային խնդիր ունեցող երեխա ունեցող ծնողների գրագետ մոտեցումը, որի պարագայում հնարավոր կլինի խուսափել հիվանդության սրացումից:

«Ատոպիկ մաշկաբորբը մաշկի խրոնիկական բորբոքային հիվանդություն է, որոնցով տառապում են հիմնականում երեխաները: Առաջին նախանշաններից է քորը, այտերի կարմրածությունը, բորբոքային պրոցեսը: Հայաստանում հասարակության շրջանում ընդունված է այսպես, մինչև դանակը ոսկորին չի հասնում, չեն դիմում բժշկին, այնինչ՝ երեխաների դեպքում դա ֆինանսի հետ կապված չէ, մինչև 6-7 տարեկան երեխաների համար բուժումն անվճար է: Այնպես որ, ծնողներին խորհուրդ է տրվում ուշադիր լինել, նախանշանների դեպքում դիմել մասնագետին»,-ասաց Սահակ Հակոբյանը:

Մասնագետները նշեցին, որ անհրաժեշտության դեպքում հանդիպումները կարող են շարունակվել նաև հուլիսին: Հետագայում հավանական է այլ մաշկային խնդիրների հետ կապված ևս կազմակերպվեն հանդիպումներ շահագրգիռ կողմերի համար:

Տեսանյութեր

Լրահոս