Գյումրիի համար ինչ էլ անենք, քիչ է
«Աշխարհի իսկական կենտրոնը Գյումրին է, հըմը շատ պետություններ չտեսնելու կուդան»: Մասնագիտությամբ իրավագետ գյումրեցի Արսեն Վարդանյանը, ով հայտնի է Շիրակի բազե անվամբ, «Գյումրին մեր տունն է» երիտասարդական նախաձեռնության համահիմնադիրն է, «Կատակում են գյումրեցիները» ֆեյսբուքյան էջի ստեղծման հեղինակը, «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ: Այս մասին գրում է asparez.am-ը։ Հարազատ քաղաքի մասին մտահոգ ու ստեղծագործ երիտասարդ, ում համար քաղաքում փոփոխություն կատարելը դարձել է ապրելակերպի բաղկացուցիչ մաս:
—Արսեն, դուք «Գյումրին մեր տունն» է երիտասարդական նախաձեռնության համահիմնադիրներից եք, ինչպիսի՞ քայլեր են ձեռնարկվում ծրագրի շրջանակում:
-Նախաձեռնությունը 2013 թվականի դեկտեմբերի 30-ին է ստեղծվել, համահիմնադիրները գյումրեցի երիտասարդներն են: Անդամները տարբեր կազմակերպություններում աշխատող անհատներ են, կամավորներ, ուսանողներ: Ամեն ամիս կամ ամսվա մեջ մի քանի անգամ հավաքվում եւ սկսում ենք մտածել ու անել այնպիսի կարեւոր գործեր, որ դեռ չեն եղել, կամ որ շատ կուզենայինք այլ ձեւաչափով մենք անել՝ ի բարօրություն Գյումրու եւ հայության: Ընդհանուր առմամբ, գաղափարական հենքի վրա ստեղծված ծրագիր է: Մարդիկ ազատ են գալ ու գնալ, միանալ ու բաժանվել, բայց այստեղից դուրս գալը չափազանց պատասխանատու է: Այստեղ եկողը բդի էղնի լավը, հետաքրքիր, ստեղծագործ ու բարիք մատուցի հասարակությանը:
—Խցաններով գորգեր պատրաստելու գաղափարն ինչպե՞ս ծագեց:
-Խցանհավաքը սոցիալական բողոք ունի, մարզը չունի վերամշակման գործարան, եւ մենք որոշեցինք մարդկանց համոզել խցաններ հավաքել: Այս ամենին նպաստեց նաեւ այն, որ ես Սլովենիայում տեսա աշխարհի ռեկորդը՝ 500 հազար խցաններով պատրաստված խճանկար, բայց ի տարբերություն Սլովենիայի, մենք որոշեցինք հավաքել նետվածը: Անգամ անեկդոտստեղծվեց, ասում էին՝ «սաղ Հայաստանի աղբը կհավաքեք Լեննական»:
Առաջին խճանկարը կոչվեց «Երազանքների օդապարիկ», պատրաստեցինք նաեւ Սլովենիայում համաշխարհային ռեկորդ գրանցած խճանկարի փոքր կրկնօրինակը:
—Իսկ ինչպե՞ս ծագեց «Կատակում են գյումրեցիները» ֆեյսբուքյան էջի ստեղծման գաղափարը:
-Համացանցը հզոր զենք է, կատակելու տրամադրություն կար: Որոշեցինք զրո դրամ ռեսուրսով ստեղծել խումբ, որը հետագայում կդառնա ռեսուրս, ինչու չէ, նաեւ տարբերվող միջավայր կլինի, մարդիկ մյուս խմբերից հոգնած՝ կգան այստեղ՝ մի փոքր լիցքաթափվելու: Խմբում, բացի կատակներ տեղադրելուց, մի փոքր նաեւ ներքին տուրիզմի զարգացման եւ դեպի Գյումրի մարդկանց հրավիրելու քայլեր ենք մշակել:
—Եթե ամփոփենք տարին.ի՞նչ ձեռքբերումներ ու վայրէջքներ ունեցաք:
-Ամենամեծ ձեռքբերումն այն էր, որ կարողացանք մի քանի արհեստանոցներ վերանորոգել ու վերազինել: Ստեղծեցինք աշխատանքային միջավայր, որպեսզի մարդիկ կարողանան տարվա ընթացքում անընդհատ ստեղծագործել ու աշխատել: Արդյունքները միշտ քիչ են, որովհետեւ մենք այնպիսի պայմաններում ենք ապրում, որ Գյումրիի համար ինչ էլ անենք, քիչ է:
Զրույցը՝ Ջեմմա Ղազարյանի
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։