Բաժիններ՝

«Նրա դեմքի արտահայտությունից փորձում էի ինչ-որ բան կռահել, բայց ոչինչ չզգացի՝ անտարբերությունից բացի…»

Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում 95-րդ թատերաշրջանը բացվեց Գաբրիել Սունդուկյանի «Պեպո» կատակերգությունով։ Նախկինում սունդուկյանցիները հաճախ էին իրենց նոր թատերաշրջանը սկսում Սունդուկյանի այս գլուխգործոցով։ Սակայն ուղիղ 35 տարի «Պեպոն» չկար թատրոնի խաղացանկում։ Երևի, թատրոնի ղեկավարները դեռևս հիշում էին նախկին բեմադրության ֆիասկոն և ինչ-որ մտավա խություն ունեին։ Ո՞վ գիտի…

Թատրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը բեմադրեց նոր «Պեպո», ներկայացում, առանց որի, իսկապես, դժվար է պատկերացնել Գ. Սունդուկյանի անունը կրող թատրոնը։

Հոբելյանական թատերաշրջանի առաջին բեմադրության մեջ գլխավոր հերոսի՝ Պեպոյի դերը բեմադրող ռեժիսորը վստահել էր ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանին, ում հայրը՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Բաբկեն Ներսիսյանը տարիներ շարունակ համարվել է սունդուկյանական այդ կերպարի անզուգական կերտողը։ Տարբեր տարիներին ինձ բազմիցս բախտ է վիճակվել տեսնելու Բաբկեն Ներսիսյան-Պեպոյին թե՛ Թբիլիսիի Ստ. Շահումյանի անվան, թե՛ Երևանի Գ. Սունդուկյանի անվան թատրոններում ու նաև տեսել եմ պատմական այն ներկայացումը Թբիլիսիի Շ. Ռուսթավելու անվան թատրոնի բեմում, երբ Ներսիսյանը Պեպոյի դերը վրացերեն կատարեց և արժանացավ այնպիսի ընդունելության, որպիսին ես այլևս չեմ տեսել։

Ինձ հետաքրքրեց, թե Պեպոյի դերում ինչպիսին կլինի Տիգրան Ներսիսյանը։ Չէ՞ որ Բաբկեն Ներսիսյանի հեղինակությունը կարող էր ճնշել դերասանի վրա։ Սակայն այդ միտքը ես անմիջապես վանեցի. Տիգրան Ներսիսյանն ինքն է վաղուց արդեն հեղինակություն հայ թատերական արվեստում։ Սողոմոն Թեյլերյան ու Աբեղա, Կալիգուլա ու Ռասկոլնիկով, Արշակ թագավոր ու Հովհաննես Թումանյան, շեքսպիրյան Ռոմեո, Բաստարդ ու Էդմունդ խաղացած դերասանը դժվար թե վարանի և ինչ-որ մի պահի կասկածի իր ուժերի վրա։

Կարդացեք նաև

… Տիգրան Ներսիսյանի հետ զրուցում ենք թատրոնի՝ նրա հանդերձասենյակում՝ այնտեղ, որտեղ երեսուն տարի ներկայացումներին է պատրաստվել նրա հայրը։ Թեև արդեն ևս երեսուն տարի է, ինչ Տիգրանն է օգտվում այդ սենյակից, այնտեղ կարծես, այսօր էլ թևածում է Տիգրանի հոր՝ մեծն Բաբկեն Ներսիսյանի ոգին։ Ամենուր նրա լուսանկարներն են, ազդագրեր, նրան հիշեցնող ինչ-որ առարկաներ… Տվեցի առաջին հարցս Տիգրան Ներսիսյանին.

-Արդյոք դժվար չէ՞ր քո մուտքը Գ. Սունդուկյանի անվան թատրոն, որի սյուներից մեկը երկար տարիներ եղել է հայրդ։

-Ամենևին։ Ես այս թատրոնում եմ մեծացել, քանզի տակավին մանուկ հասակից հայրս ինձ բերում էր թատրոն, որտեղ ես ներկա էի գտնվում ոչ միայն ներկայացումներին, այլև փորձերին։ Թատրոնի մթնոլորտն ինձ հարազատ է եղել մանկուց։ Կասեմ ավելին, ես տակավին ինը տարեկան հասակում բեմ եմ բարձրացել Էվրիպիդեսի  «Իֆիգենիան Ավլիսում» պիեսի բեմադրությունում՝ խաղալով Օրեսթի դերը։ Իսկ երբ լրացավ իմ 12 տարին, ես խաղացի Ջոնիի դերը Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» պիեսում՝  փոխարինելով ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Վարդուհի Վարդերեսյանին։ Ի դեպ, այդ ներկայացման վերականգնման գաղափարը պատկանում էր Բաբկեն Ներսիսյանին։ Չէ՞ որ սարոյանական այդ գործը թատրոնի զարդն էր։

Բացի դրանից, ես Սունդուկյանի թատրոնում խաղում էի նաև թատերական ինստիտուտում ուսանելուս տարիներին։ Այնպես որ, իրոք, ես թատրոնում նոր մարդ չէի։

Իսկ եթե Ձեզ հետաքրքրում է, թե ինչպես եկա Սունդուկյանի թատրոն, ապա կասեմ՝ գեղարվեստաթատերական ինստիտուտն ավարտելուց անմիջապես հետո։ Երբ ընդունվեցի մայր թատրոն, դժբախտաբար, հայրս արդեն չկար։ Ես ինստիտուտն ավարտեցի հորս մահվանից մի քանի ամիս հետո։ Երբ թատրոն ընդունվելու խնդրանքով դիմեցի թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր Հրաչյա Ղափլանյանին, նա նույնիսկ զարմացավ. «Տիգրան ջան, իսկ դու ե՞րբ ես հեռացել թատրոնից, որ հիմա էլ եկել ես ընդունվելու»,- կատակեց և անմիջապես կարգադրեց հրամանագրել ինձ։ Դա 1986 թվականին էր…

-Տիգրան, իսկ դու երբևէ մտածե՞լ ես այն նշաձողի մասին, որ սահմանել է քո հայրը՝ Բաբկեն Ներսիսյանը։ Չէ՞ որ ժողովուրդն ասում է, որ որդին պիտի գերազանցի հորը։

-Ես դա գիտեմ։ Բայց, կարծում եմ, որ դա թատրոնին քիչ է վերաբերում։ Թատրոնում ձեր ասած նշաձողը չի գործում։ Եթե այդպես լիներ, ապա Գևորգ Չմշկյանից հետո ոչ ոք Պեպո չպետք է խաղար կամ Իսահակ Ալիխանյանից  հետո՝ Աբեղա, Ադամյանից հետո՝ Համլետ, Փափազյանից հետո՝ Օթելլո։ Շարունակե՞մ… Յուրաքանչյուր դերասան պարտավոր է սահմանել իր նշաձողը և աշխատի պահպանել այն։ Բաբկեն Ներսիսյանն իր ժամանակին դերեր է կատարել, որոնք իրենից առաջ խաղացել են հռչակավոր շատ  դերասաններ։ Ես ուրախ եմ, որ նա իր մնայուն հետքն է թողել հայ թատերական արվեստի տարեգրության մե ջ։  Ես նրան գերազանցելու մտադրություն չունեմ։ Մենք ապրում ենք 21-րդ դարում, իսկ յուրաքանչյուր դարաշրջան իր պահանջներն է ներկայացնում արվեստագետին։ Կարևոր է համապատասխանել այդ պահանջներին և կերտել մնայուն կերպարներ։

-Տիգրան, իմացել եմ, որ հայրդ «մատը մատին չի խփել» թատերական ինստիտուտ ընդունվելուդ ժամանակ։ Այդպե՞ս էր…

– Ոչ միայն «մատը մատին չի խփել», այլև… Նախ ասեմ, որ բոլորն էլ գիտեին, որ ես ընտրելու եմ դերասանի մասնագիտությունը։ Դա չէր քննարկվում։ Բայց… Երբ ես պատրաստվում էի ընդունելության քննություններին, հայրս խորհուրդ տվեց ծրագիր կազմել, ընտրել այն ստեղծագործությունները, որոնք պիտի կարդայի կամ խաղայի քննության ժամանակ: Իհարկե, իմ հայեցողությամբ և ճաշակով։ Ընտրեցի, ծրագիր կազմեցի։ Հայրս ոչ մի անգամ չհետաքրքրվեց, թե ինչ եմ արել, ինչով եմ գնալու քննությանը։

Այդ անտարբերությունն ինձ անհանգստացնում էր։ Քննությունների նախօրյակին նա ինձ կանչեց իր սենյակ և խնդրեց ցուցադրել այն ամենը, ինչ պատրաստել  էի։ Համբերությամբ լսեց, ձայն չհանեց։ Նրա դեմքի արտահայտությունից փորձում էի ինչ-որ բան կռահել։ Բայց ոչինչ չզգացի՝ անտարբերությունից բացի։ Խոսեց վերջացնելուցս հետո: Եվ կարդաց իր «դատավճիռը». «Եթե ուզում ես խայտառակել քո և իմ անունը, հենց դրանով էլ գնա քննության»։

Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ էր կատարվում իմ հոգում։ Ես, որ երբեք չեմ վախեցել քննություններից, այդ քննության օրը դարձել էի նյարդերի մի կծիկ։ Ամաչում էի հանձնաժողովի անդամներից։ Բարեբախտաբար, անկախ ամեն ինչից, քննությունս լավ հանձնեցի։ Երբ տանը մերոնց պատմեցի քննության մասին, հայրս շնորհավորեց և ասաց. «Տղաս, ինձ թվաց, թե դու քեզ արդեն իսկ աստղ էիր զգում։ Չէ՞ որ դու արդեն «հռչակավոր»  դերասան էիր զգում, դերեր էիր կատարել Սունդուկյանի թատրոնում, իսկ քեզ հետ հանձնողները՝ ինչ-որ թույլիկներ էին քեզ թվում։ Ուրախ եմ, որ իմ «դաժան» գնահատականը քեզ իջեցրեց ամպերից, և դու մյուսների պես, որպես հավասարը հավասարի,  մասնակցեցիր քննությանը»։

– Տիգրան, այդ փաստը խոսում է այն մասին, որ հայրդ, բացի մեծ դերասան լինելուց, նաև հիանալի մանկավարժ էր։

– Ես հետո հասկացա դա և շնորհակալ եմ հորս այդ դասի համար։ Ես այն երբեք չեմ մոռանում…

-Տիգրան, հայրիկիդ բախտն ինչ-որ առումով չի բերել։ Նրան չի վիճակվել խաղալ Շեքսպիրի պիեսներում։ Նշաձողի մասին կարծիքդ հայտնի է, բայց չէի՞ր ուզենա խաղալ Շեքսպիրի պիեսներում, ինչը հայրիկիդ, ինչ-ինչ պատճառներով, այնպես էլ չվիճակվեց անել։

– Ես գիտեմ, որ Վարդան Աճեմյանը մտադիր էր բեմադրել Շեքսպիրի «Ռիչարդ Երրորդ» ողբերգությունը։ Գլխավոր դերում պիտի հանդես գար Բաբկեն Ներսիսյանը։ Ցավոք, անհայտ պատճառներով, այդ բեմադրությունը չկայացավ։ Բայց ինձ բախտ է վիճակվել մասամբ  լրացնելու Բաբկեն Ներսիսյանի խաղացանկի այդ բացը։ Ես գլխավոր դերեր եմ կատարել Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ», «Լիր արքա» , «Ջոն արքա» պիեսներում։  Իսկ ինչ վերաբերում է Վարդան Աճեմյանի չբեմադրած «Ռիչարդ Երրորդ» ողբերգությանը, ապա այն երկու տարի է, ինչ խաղում են սունդուկյանցիները։ Ասեմ, որ այդ ներկայացումը նվիրված է Բաբկեն Ներսիսյանի հիշատակին։

– Ուրեմն, դու  ի կատար ես ածում հայրիկիդ երազանքը։ Խորհրդանշական «էստաֆետային փայտիկը», որ քեզ է փոխանցել Բաբկեն Ներսիսյանը, հուսալի ձեռքերում է … Շնորհակալություն հարցազրույցի համար…

Հարցազրույցը վարեց Լևոն  Ազրոյանը            

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս