
«Դա շատ հուզիչ էր, ես մեծ ուրախություն ապրեցի». Վարինե Մկրտչյան

Մոսկվայում ծնված և Պրահայում մեծացած երգչուհի, սոպրանո Վարինե Մկրտչյանը տարբեր համերգների ժամանակ հաճախ է կատարում Կոմիտասի ստեղծագործությունները և իր կատարումներով եվրոպացիներին մոտեցնում հայկական երգարվեստին:
Չեխիայում քիչ են ծանոթ հայկական մշակույթին, և ահա Չեխիայում բնակվող հայ սոպրանոն առիթը բաց չի թողնում եվրոպական բեմերում ներկայացնելու դասական երգարվեստի հայկական ստեղծագործությունները: «Ամեն անգամ, երբ ես ներկայացնում եմ Կոմիտասի ստեղծագործությունները, հատկապես «Կռունկը», «Ծիրանի ծառը», չեխերն ու այլ ազգերի ներկայացուցիչները մոտենում են, իրենց հիացմունքն են հայտնում, հետաքրքրվում են հեղինակով։ Համերգներիցս մեկից հետո իմ տաղանդավոր աշակերտուհին Կոմիտասի երգը սովորելու մեծ ցանկություն հայտնեց։ Դա ինձ շատ ուրախացրեց։ Շատերը նշում են, որ իմ կատարմամբ Կոմիտասի ստեղծագործությունը ներթափանցում են մինչև հոգու խորքը, իսկ դա շատ կարևոր գնահատական է արտիստի համար»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Վարինե Մկրտչյանը։
Վարինե Մկրտչյանը 8 տարեկան էր, երբ ծնողների հետ Մոսկվայից տեղափոխվեց Պրահա, որտեղ էլ շարունակեց իր քայլերը դասական վոկալի բնագավառում: «Երբ ես փոքր էի, մայրս երգում էր ինձ համար։ Երաժշտությանը ծանոթացա մորս շնորհիվ, վոկալի տվյալներն ու հայկական երաժշտության հանդեպ սերն էլ ժառանգել եմ մորս կողմից իմ նախապապից, որը հիանալի է կատարել Սայաթ Նովայի և Կոմիտասի երգերը, ձայնագրությունները պահպանված են։ Ես 2 տարեկան էի, երբ նկատելի է դարձել, որ լավ լսողություն ունեմ։ Մանկուց մասնակցել եմ տարբեր համերգների և մրցույթների։ Ես սիրում էի լինել բեմում, երգել, և ահա ծնողներիս աջակցությամբ և իմ ցանկությամբ ընտրեցի երգեցողությունը»,-ասաց Վարինե Մկրտչյանը։
Վարինեն Չեխիայում սկսեց բացահայտել դասական երաժշտության աշխարհը։ Սկզբում սովորել է Պրահայում՝ ազգային թատրոնի մեներգչուհի, պրոֆեսոր Վերա Նովակովայի դասարանում։ Ինչպես նկարագրում է Վարինեն, Վերա Նովակովան, բռնելով նրա ձեռքը, նրան առաջնորդեց դասական երաժշտության աշխարհ, ծանոթացրեց արվեստի, երաժշտության չեխական աշխարհին: Երաժշտական գիմնազիան ավարտելուց հետո (Gymnazium a hudebni shkola hlavního města Prahy) Վարինեն ընդունվեց ակադեմիա (Akademie muzickych umeni v Praze) ու սովորեց օպերային թատրոնների մենակատար (Չեխիայում և Գերմանիայում) Նատալյա Մելնիկի դասարանում: Ուսման տարիներին Վարինեն կատարել է Ագաֆայի դերը կոմպոզիտոր Բոհուսլավ Մարտինուի «Ամուսնություն» օպերայից, որը հայտնի դարձավ 20-րդ դարի առաջին կեսին ԱՄՆ-ում, կատարել է նաև Մարենկայի դերը կոմպոզիտոր Բեդրժիխ Սմետանայի «Փոխանակված հարսնացուն» չեխական հայտնի օպերայից և Սյուզաննայի դերը Վ. Ա. Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերայից։
«Դժվարությունների առանձնապես չեմ հանդիպել, բայց կար մի պահ, երբ ուզում էի փորձել ինձ այլ ուղղությամբ։ Դրա համար ես ընդունվեցի Չարլզի համալսարան (Univerzita Karlova), Միջազգային հարաբերությունների ինստիտուտ: Երեք տարի սովորելուց հետո հասկացա, որ երաժշտությունն ինձ ավելի շատ ուրախություն ու հաճույք է պատճառում։
Չէ՞ որ երաժշտությունը հավերժ է, իսկ քաղաքականությունը՝ փոփոխական։ Իմ ստեղծագործական ճանապարհին ծանոթացել եմ բազմաթիվ նշանավոր մշակութային գործիչների հետ, համագործակցության կապեր հաստատել տարբեր նախագծերի շրջանակներում, բազմաթիվ համերգներ եմ ունեցել, բազմաթիվ վարպետության դասերի եմ հաճախել հայտնի մանկավարժների, վոկալի մասնագետների մոտ (Sona Ghazarian-Austria, Тimothy Cheek-USA, Krum Galabov-Bulgaria, Wilma Vernocchi-Italy, Bojidar Nikolov-Bulgaria, Gabriela Beňačková-Czech Republic etc.), ինչը հրաշալի է», – նշեց Վարինե Մկրտչյանը։
Վարինե Մկրտչյանը մասնակցել և հաղթել է միջազգային մրցույթներում ինչպես ուսման ընթացքում, այնպես էլ դրանից հետո, ստացել է մի շարք մրցանակներ՝ Պրահայի երգիչ միջազգային մրցույթ 1-ին տեղ, Բոգուսլավ Մարտինի մրցույթ 2-րդ տեղ, Դուշեկի միջազգային մրցույթ Պրահայում ՝ նվիրված Վ.Ա. Մոցարտին: Վարինեն նաև Մոսկվայի «Ռուսական երգ» միջազգային փառատոնի կրկնակի դափնեկիր է: Նրա համար ամենատպավորիչը հենց առաջին մրցանակն էր, որը ստացավ 9 տարեկանում՝ Karlovarsky Skrivanek մրցույթում:
«Ես առաջին տեղն եմ զբաղեցրել Չեխիայի հանրապետական մրցույթում։ Դա շատ հուզիչ էր։ Ես մեծ ուրախություն ապրեցի։ Այն բերեց ճանաչելիություն, բայց նաև մեծ պատասխանատվություն էր: Դրանից հետո եղել են համերգների, միջազգային փառատոների հրավերներ, իսկ հաջորդ մրցույթներին շատերն էին սպասում, թե ինչպես եմ երգելու», – նշեց Վարինե Մկրտչյանը։
Այս տարիների ընթացքում Վարինե Մկրտչյանի ելույթները վայելել են ոչ միայն Չեխիայում, այլև նրա սահմաններից դուրս: Նշենք, որ Վարինեն նաև վոկալի հաջողակ ուսուցիչ (voice teacher/vocal coach) է, և նրա սաները Չեխիայի ողջ տարածքում անցկացվող մրցույթներում զբաղեցնում են առաջին տեղերը՝ գնալով իրենց ուսուցչի հետքերով:
Մասնագիտական ճանապարհին նա չի մոռանում իր հայկական արմատները. Կոմիտասն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում կատարողների ցանկում: «Ակադեմիայում բակալավրիատի վերջին կուրսում ես պետք է ներկայացնեի դիպլոմային աշխատանք, և իմ ընտրությունը կանգ առավ Կոմիտաս Վարդապետի ստեղծագործության վրա։ Այդ ժամանակ ես սկսեցի ուսումնասիրել նրա կյանքը, ստեղծագործությունը, անցած ուղին այդ ժամանակի համատեքստում։ Եվ Կոմիտասն իր մշտական տեղը գտավ իմ երգացանկում։ Ցանկացած ժամանակ, երբ համերգների առաջարկներ կան, ես անպայման Կոմիտասի ստեղծագործություններից ինչ-որ բան եմ առաջարկում»,-ասաց նա։
Այս ընթացքում Վարինե Մկրտչյանը մեկ անգամ համերգով հանդես է եկել Հայաստանում։ Այդ ժամանակ հայ հանդիսատեսին ներկայացվեցին չեխ հեղինակների ստեղծագործությունները՝ Անտոնին Դվորժակ, Բոգուսլավ Մարտինու, Վիտեզլավ Նովակ։
«Հայտնի է, որ հայ հանդիսատեսը բավականին խիստ է, նրան դժվար է գոհացնել, բայց երևանյան համերգը շատ լավ անցավ։ Ես շատ ուրախ կլինեի կրկին համերգով հանդես գալ Հայաստանում, մեծ ցանկություն ունեմ։ Հնարավորություն կլինի նաև ներկայացնելու չեխական ստեղծագործությունները: Կարծում եմ, որ երկու երկրների միջև միջմշակութային կապերը պետք է ակտիվանան։ Չեխերի համար Հայաստանը քիչ ուսումնասիրված երկիր է։ Մենք պետք է շատ հնարավորություններ գտնենք չեխերին ներկայացնելու մեր երկիրը, մշակույթը, խոհանոցը, իսկ չեխերը շատ են սիրում համեղ ուտել (հեղ.- ժպտում է),- ավելացրեց սոպրանոն։
Վարինե Մկրտչյանը ստեղծագործական ակտիվ փուլում է, հանդես է գալիս նաև այլ ժանրերում: Առաջիկայում սպասվում են համերգներ չեխ կիթառահար, կոմպոզիտոր Լուկաշ Սոմերի (Լուկáš Sommer), չեխ վիրտուոզ ջութակահար Յարոսլավ Սվեցենի (Jaroslav Svecený) հետ: