
«Թրամփն իսկապես համարում է, որ պետք է աջակցել քրիստոնյաներին, այդ թվում՝ Հայաստանին». Մարիամ Խալոյան
Հայաստանի կառավարությունն այսօր հաստատեց, որ Նիկոլ Փաշինյանը մեկնում է ԱՄՆ՝ հանդիպելու Դոնալդ Թրամփի և Ալիևի հետ:
Ամերիկահայ լոբբիստ, Ամերիկայի Հայկական համագումարի կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում նշեց, որ ինչպես բոլորը, այնպես էլ իրենք սպասում են, թե ինչպես պետք է արձագանքեն:
«ԱՄՆ Սփյուռքը շատ մեծ աշխատանք է կատարում, և հուսով եմ՝ Սփյուռքի արձագանքները կանդրադառնան նաև Սպիտակ տան որոշման վրա»,- ասաց նա՝ շեշտելով, որ հայկական լոբբիի համար առաջնային ուղղությունը Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակումն է:
«Եթե Հայաստանի կառավարությունը չի բարձրաձայնում գերեվարվածների մասին, ԱՄՆ հայ համայնքը շարունակելու է խնդրել, որ գերեվարվածներն ազատվեն, որովհետև եթե կան հայ գերեվարվածներ, ո՞նց կարող եք խաղաղության հասնել: Նրանք գերեվարված են, և այդ ուղղությամբ ոչինչ չի կատարվում: Մենք՝ լինելով ամերիկյան անկուսակցական կազմակերպություն, հետևում ենք լուրերին, տեսնում ենք, թե ինչ է կատարվում, իհարկե, լինելով այստեղ՝ հանդիպում ենք թե՛ ընդդիմադիրների, թե՛ ներկայիս աշխատակազմի հետ, որպեսզի ավելի լավ հասկանանք, թե այստեղի օրակարգն ինչպես է, և վերջում մեր վերլուծություններն ենք անում, թե ոնց կարող ենք այդ ամենը ներկայացնել, որ և՛ մեզ համապատասխան լինի, և՛ մի քիչ լոգիկային մոտ: Ի վերջո, երբ խոսում ենք արցախցիների վերադարձի մասին, խոսքը 10 հոգու մասին չէ, այլ 120 հազար մարդու, ովքեր մի օրվա ընթացքում էթնիկ զտման ենթարկվեցին»,- ասաց նա:
Մարիամ Խալոյանն անդրադարձավ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքի՝ Սյունիքով անցնող ճանապարհը 100 տարով վարձակալելու վերաբերյալ հայտարարությանը՝ նշելով, որ եթե խոսքը խաղաղության մասին է, ինչո՞ւ պետք է Հայաստանն իր տարածքից մի մաս վարձով տա.
«Եթե, իրոք, խաղաղության կետեր պետք է լինեն, ուրեմն՝ դրանք պետք է լինեն բաց սահմաններով և ի նպաստ տարածաշրջանի բոլոր երկրների, ոչ թե 100 տարով տարածքդ վարձով տաս: Դա խաղաղություն չի երաշխավորի»:
Հարցին՝ այսինքն՝ չհամարե՞լ դա ԱՄՆ պաշտոնական առաջարկ, նա պատասխանեց, որ չի կարող հստակ ասել, և խորհուրդ տվեց սպասել ուրբաթ օրվա հանդիպմանը.
«Ուրբաթ օրը երևի ԱՄՆ-ը մեդիատորի դեր կստանձնի. Ես չեմ կարծում, որ ԱՄՆ-ը կգա Սյունիք: Մենք հետագայում կտեսնենք, թե ինչ արդյունքներ կլինեն: Ես դրական եմ վերաբերվում որևէ արձագանքի, ուզում եմ լավատես լինել, բայց կան ռեալ խնդիրներ, կան գերեվարվածներ, որոնց մասին չի խոսվում: Ես հուսով եմ, որ այն, ինչ կքննարկեն, ինչ խոսակցություն էլ որ կլինի, դա կլինի ի նպաստ Հայաստանի շահերի, և գերեվարվածներն էլ կազատվեն»:
Նա շեշտեց, որ կան թեմաներ, որոնք Դոնալդ Թրամփին ավելի շատ են հետաքրքրում, և դրանցից մեկը քրիստոնեությունն է. «Կարող է՝ ռոմանտիկ է հնչում, բայց Թրամփն իսկապես համարում է, որ քրիստոնյաները պետք է ավելի շատ ուշադրության կենտրոնում լինեն, և քանի որ իրենց ավելի շատ հալածանք է գալիս աշխարհով մեկ, պետք է նրանց աջակցել: Դրանց մեջ մտնում է նաև Հայաստանը: Արդեն երկու տարի կրոնական համաժողով է տեղի ունենում Վաշինգտոնում, և ազգային աղոթքի շրջանակներում Հայաստանից են ներկայացուցիչներ լինում»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում