
Մարդկանց զոռով անտուն են սարքում․ գերակա շահ ճանաչված թաղամասերի քաղաքացիները վրդովված են «առանց դատարան՝ սեփականազրկելու» նախագծից
Հուլիսի 10-25-ն Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում Արդարադատության նախարարության նախագծի տեսքով ներկայացվեց կառավարության մտադրությունը՝ քաղաքացու գույքը հանրային շահի համար վերցնելու պայմանները փոփոխելու մասին։
«Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» և մի շարք այլ օրենքներում լրացում ու փոփոխություն կատարելու մասին օրենսդրական նախագծերի փաթեթում հանրային ու մասնագիտական տարբեր շրջանակներ մտահոգիչ դրույթներ են տեսել․ առանձնացնում են հատկապես առանց դատարանի՝ գույքը քաղաքացուց վերցնելու դրվագը։
Իսկ նախարարությունն իր հիմնավորումներում եզրակացրել է՝ փոփոխություններն արվում են հստակեցնելու ոլորտը, լուծելու տարիների ընթացքում գոյացած խնդիրները, այդ թվում՝ գնահատող ընկերությունների ոլորտին առնչվող։
Թեմայի առնչությամբ 168.am-ը լսել է գերակա շահ ճանաչված 33-րդ (Ֆիրդուս) թաղամասի բնակիչ Ռոբերտ Բաղյանին և Ռուբեն Աթոյանին։
Ռոբերտ Բաղյանը մեզ հետ զրույցում շեշտեց՝ խնդիրները սկսվել են դեռ 2006 թվականից, երբ ընդունվել է գերակա շահի որոշումը։
«Մենք բազմաթիվ պայքարներ ունեցանք, բազմաթիվ փոփոխություններ, կառավարության անդամների, նախարարների հետ հանդիպումներ, որ «գերակա շահ» ասվածը քաղաքացու համար դարձնեն ավելի հեշտ (որ մարդը «գերակա շահ» բառը չլսի ու մտածի, թե իրեն ամեն կերպ խաբելու են):
Սպասում էինք, որ պետք է փոխվեր՝ ավելի նորմալ ինչ-որ դրույթներով, բայց նախագիծ են տեղադրել ու սարքում են կատաստրոֆալ մի բան․ նրանք, ովքեր համաձայն չեն ու դատարանով ուզում են իրավունքները պահել, որոշումը վիճարկել, այժմ հավասար դիրքերում չեն կարող բանակցել։ Նախ՝ օրենքն ունենալու է հետին ուժ, ապա նաև սարքում են այսպես՝ գնահատողը գալիս է, գումարը որոշում է՝ ինչքան է, կախում է քո դեպոզիտային հաշվին, ու քեզ վտարում են: Սեփականությունը կադաստրով անցնում է կառուցապատողին, որը գալիս-քանդում է։ Սա շատ մարդկանց է վերաբերելու՝ Կոնդ, Նորագյուղ, Կրիվոյ… այս թաղամասում մոտավորապես 6-7 տուն է մնացել․ փորձադաշտ հո չե՞ն այդ մարդիկ։
Սա որ մասնավորն անի՝ կհասկանաս, իր շահի համար է, բայց Կառավարությունն ինչպե՞ս է դա թույլ տալիս․ ինձ մոտ հիմնավոր կասկած է առաջանում, որ դա կոռուպցիոն գորշ սխեմա է։ Զոռով մարդկանց անօթևան են սարքում, անտուն են սարքում»,- մանրամասնեց Ռոբերտ Բաղյանը՝ պնդելով, որ այս որոշմամբ մարդկանց փակուղի են մտցնում։
Հիշեցնենք՝ Կառավարության որոշմամբ 2006-ին 33-րդ թաղամասը, որի մեջ մտնում են նաև Ֆիրդուսի ու հարակից մի քանի թաղամասեր, ճանաչվել են գերակա շահ։ Դեռ այդ թվականին հաստատված կառուցապատման ներդրումային ծրագիրը, սակայն, չի կատարվել։ Այս տարածքը գերակա շահ ճանաչելու մասին երկրորդ որոշումն ընդունվել է 2018թ. մարտին արդեն՝ Փաշինյանի իշխանության օրոք։
Մեր զրուցակցիներից Ռուբեն Աթոյանն ուշադրություն դարձրեց Կառավարության 332 Ն որոշման դրույթներից մեկի վրա, որով արգելվում է նոր կառուցվելիք շենքերում որպես փոխհատուցում տրամադրել բնակարաններ՝ շեշտելով, որ օրենքով հստակ նշվում է, որ դա թույլատրվում է։
«Այդ դեպքում երկու գործարք է արվում․ կառուցապատողը փոխհատուցում է բնակչին, բնակիչը նրանից տուն է գնում, և այդտեղ գեներացվում են բավականին լուրջ հարկեր, բայց մեր գործընթացը բիզնես գործընթաց չէ, այլ փոխհատուցում։
Դա հակասահմանադրական է․ ես այստեղ ծնվել եմ, մեծացել եմ, ինձ այդ կառավարության որոշումով արգելում են այստեղ ապրել։ Երկու ճանապարհ կա գնալու՝ սա բողոքարկել դատարանում, կամ հանդիպում կազմակերպել՝ միգուցե շահագրգիռ կողմերն ինչ-որ լուծում են գտնում և շտկում են այս իրավիճակը,- նշեց Ռուբեն Աթոյանը և առհասարակ առկա փոփոխությունների համատեքստում հիշեցրեց,- Պետք է մարդն օրենքներով պաշտպանված լինի։ Ի՞նչ ենք ասում՝ տո՞ւն ես վերցնում մարդուց, տուն տուր, պետք չի բերես-գնահատես, փող տաս և այլն․ 2007 թվականի ապրիլին մենք հանդիպեցինք այն ժամանակ վարչապետ Սերժ Սարգսյանին, որ այդ հանդիպման ժամանակ քաղաքապետ Երվանդ Զախարյանին հանձնարարեց, ասեց՝ եթե մարդուն փող ես տալիս, մարդը փողը չի վերցնում, մարդուն տուն կտաս։ Դա՛ է ճիշտ լուծումը, ու մարդիկ հավեսով կնքում էին պայմանագրերը»։
Մանրամասները՝ տեսանյութում