«Եթե Ռուսաստանը չվերանայի իր քաղաքականությունը հետխորհրդային երկրներում, ապա պետք է պատրաստ լինի այդ երկրները և ստեղծված կառույցները կորցնելուն». Նիկիտա Իսաև

«Ապրիլյան պատերազմը Ղարաբաղյան կոնֆլիկտի վերջին բռնկումը չէր, ակնհայտ է, որ դա անցել է նաև Հայաստանի ներքաղաքական դաշտ, ինչը ցույց տվեցին վերջին երկու շաբաթների դեպքերը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց Արդի տնտեսության ինստիտուտի տնօրեն, քաղաքական գործիչ Նիկիտա Իսաևը (Մոսկվա)՝ նկատելով, որ այս պահին Ռուսաստանը չեզոք դիրք է գրավել.

«Հիմա Ռուսաստանը հարաբերություններն է կարգավորում Թուրքիայի հետ, Չինաստանը փորձում է «Մետաքսի ճանապարհ» կառուցել, այս ամենը թույլ չեն տալիս Ռուսաստանին՝ ակտիվորեն սատարել Հայաստանին՝ մեր ռազմավարական դաշնակցին: Բացի այդ, երկրի ներսում կարծիքներ են հնչում, որ անհրաժեշտ է թողնել Հայաստանին, և Ժիրինովսկու վերջին հայտարարությունն էլ, որն այդ առիթով արվեց, իսկ նրա կողմնակիցն է ՌԴ-ի բնակչության 15%-ը, այս ամենի արդյունքում՝ շատ քիչ են ռուս քաղաքական գործիչների կողմից հնչում Հայաստանին սատարելու մասին հայտարարություններ»:

Նա նշեց, որ, եթե Ռուսաստանը չվերանայի իր քաղաքականությունը հետխորհրդային երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, ապա պետք է պատրաստ լինի այդ երկրները և ստեղծված կառույցները կորցնելուն. «Այդ դեպքում՝ Ռուսաստանին սպառնում է դուրսմղում միջազգային ասպարեզից: Հիմա անհրաժեշտ է կողմնորոշվել: Կարծում եմ՝ սեպտեմբերին պառլամենտում այդ որոշումները կընդունվեն, ու ավելի հստակ ազդանշան կլինի Ռուսաստանից նաև Հայաստանի հարցում»:

ՌԴ-ից ժամանած քաղաքագետ, արևելագետ Կարինե Գևորգյանն էլ էր այն կարծիքին, որ Ռուսաստանը պետք է վերանայի հետխորհրդային երկրներում իր վարած քաղաքականությունը: Բայց նա միաժամանակ նկատեց՝ ՌԴ-ի դիրքերի թուլացումը տարածաշրջանում՝ Հայաստանին առավել ծանր վիճակի մեջ կդնի. «Հաշվի առնելով՝ ԻԼԻՊ-ի ոտնձգությունները, Ղարաբաղում պատերազմի վերսկսման վտանգը»:

Կարդացեք նաև

Իսկ ռուս-թուրքական հարաբերությունների մասով քաղաքագետը նշեց, որ Ռուսաստանը դրանք տնտեսական հարթության վրա կպահի. «Այլ հարց է, որ Թուրքիան և Ադրբեջանը կփորձեն այն տեղափոխել քաղաքական հարթություն»:

Տեսանյութեր

Լրահոս