Կարեն Կարապետյան. «Բեմականացումները թողեք այդ ոլորտի մասնագետներին». «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը զրուցել է ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի հետ
– Աշխարհահռչակ Շառլ Ազնավուրի վերջին հարցազրույցներում արտահայտված որոշ մտքեր, մեղմ ասած, միանշանակ չընդունվեցին մեր հանրության կողմից: Ավելին, շատերն սկսեցին քարկոծել սիրված երգչին: Դուք հետևե՞լ եք այդ հրապարակումներին:
– Նախ պետք է շեշտեմ, որ գոնե ինձ համար Ազնավուրը սոսկ երգիչ չէ, սոսկ դերասան չէ: Ցավալի է, բայց փաստ. մենք անընդհատ միմյանց վարկաբեկելու ուղի ենք բռնել արդեն տարիներ շարունակ: Վարկաբեկում ենք բոլորին անխտիր, որտեղ մաքրության, անաղարտության, պարկեշտության հատիկ գոնե մնացել է: Արդյունքում սկսել ենք վարկաբեկման փորձեր անել նույնիսկ նրանց հանդեպ, ովքեր տարրական տրամաբանության բոլոր կանոններով արժեք պիտի գնահատվեին, օրինակ պիտի լինեին ներկայի ու ապագայի համար:
Եվ ինձ համար ուղղակի վիրավորական է, որ անարժան, անլվա ամեն մեկն իրեն իրավունք է վերապահում վիրավորել կյանքի ինը տասնամյակը բոլորած մեծությանը, ով իր ապրած ողջ կյանքը նվիրել է նաև Հայաստանին ու հայ ժողովրդին: Ու թող ոչ ոք իրեն ավելի լավ հայ կամ ավելի հայրենասեր չերևակայի, դա արդեն զավեշտի է վերածվում: Շառլ Ազնավուրն առաջին հերթին, անշուշտ, հայ է ու երբեք չի ուրացել այդ հանգամանքը, բայց նա նաև աշխարհինն է, նա վաղուց արդեն համամարդկային արժեք է, ու հենց իր միջոցով է աշխարհը շատ դեպքերում դրականորեն ու ավելի լավ ճանաչել մեր երկիրն ու մեր ժողովրդին, հայ արվեստն ու մշակույթը, նաև հայոց պատմության էջերը:
Բազմաթիվ երկրներում լինելով՝ ինքս եմ շոշափելիորեն զգացել առավել դրական վերաբերմունքն իմ հանդեպ որպես հայի, որպես Ազնավուրի հայրենակցի:
Ցեղասպանություն ապրած ընտանիքի զավակը, իմ պատկերացմամբ, խաղաղության, հաշտության կողմնակիցն է, իր հայրենիքի այսօրվա ու վաղվա օրվա հանդեպ մտահոգ մարդ է, ով, պատմության դառը փորձը հաշվի առնելով, չի ցանկանում, որ Հայաստանը գործիք դառնա այս կամ այն ձեռքերում: Ինձ համար նույնիսկ էական չէ, թե որքանով են աղավաղված կամ սխալ թարգմանությամբ ներկայացվել Ազնավուրի խոսքերը, որքան էլ կարևոր, բայց առաջնային չէ, որ ՀՀ ԱԳՆ-ն հերքել է թուրքական որևէ պարբերականի հարցազրույց տալը (թեկուզ ուշացումով, ինչի արդյունքում էլ ոմանք այսքան ակտիվացան): Էականն այն վերաբերմունքն է, որ մենք ցուցաբերեցինք:
Ամոթ է, իսկապես ամոթ է: Ժամանակին մատաղ սերունդը գոնե ձգտումներ ուներ՝ երգիչ էր ուզում դառնալ, աչքի առաջ ունենալով Ազնավուրին, դերասան էր ուզում դառնալ՝ աչքի առաջ ունենալով Հրաչյա Ներսիսյանին, Մհեր Մկրտչյանին, Սոս Սարգսյանին, Խորեն Աբրահամյանին ու մեր այլ մեծերի, տիեզերագնաց էր ուզում դառնալ, գիտնական էր ուզում դառնալ, վերջապես կարգին մարդ էր ուզում դառնալ՝ դարձյալ աչքի առաջ ունենալով մեր մեծություններին: Հիմա ամեն ինչ անում ենք, որ մեր երեխաները, մեր թոռներն արժեքային համակարգից զուրկ լինեն, չունենան այն չափանիշները, որոնց հասնելուն պետք է ձգտեն: Ուրեմն, ինչի՞ են ձգտելու նրանք, որո՞նք են լինելու նրանց արժեքները՝ թիկնապահնե՞րը, կաշառակերնե՞րը, անգրագետնե՞րը: Ժողովուրդ, ուշքի եկեք, քանի դեռ շատ ուշ չէ:
– Պարոն Կարապետյան, անդրադառնանք ներքաղաքական խնդիրներին: Ընդդիմությունը պահանջում է իշխանությունների հրաժարականը, իշխանություններն ասում են՝ արտահերթության որևէ պատճառ չկա: Իրականում ի՞նչ ակնկալի մեր հասարակությունը:
– Քաղաքական պայքարը պետք է առաջին հերթին գաղափարական հենք ունենա ու տրամաբանություն: Բոլոր կողմերին է դա վերաբերում: Ցավում եմ, բայց մեր իրականության մեջ քաղաքական պայքարը վերածվել է սոսկ անձնական վիրավորանքների հարթակի՝ «ինքդ ես հիմար» սկզբունքով, և անձնական շահերի սպասարկման միջոցի, ուր հաճախ ընդամենը ստամոքսի խնդիր են լուծում: Կներեք, եթե փոքր-ինչ կոպիտ է հնչում, բայց, ցավոք, առկա իրավիճակին բնորոշ է: Ո՞րն է քաղաքական հարաբերությունների ներկայիս հայկական մոդելը մեր քաղաքական որոշ ուժերի կամ գործիչների տեսանկյունից, ի՞նչ ենք ուզում ունենալ: Իշխանություն, որի միակ խնդիրն է «ուտել, պառկել, գիրանալ» (ոմանց համար հատուկ ուզում եմ շեշտել, որ մեջբերում եմ Աթաբեկ Խնկոյանից), թեկուզ արմատները ոչնչացնելու հաշվին, անհետևողական ընդդիմություն, որի գլխավոր խնդիրն «ուտել, պառկել, գիրանալու» համար իշխանության գա՞լն է: Իսկ հասարակությո՞ւնը… Որևէ մեկն ուզո՞ւմ է լսել հասարակության կարծիքը, մտածել նրա մասին, երկրի մասին…
Իհարկե, խոսքը բոլորի մասին չէ. ես տեսնում եմ և դիմադիր, և ընդդիմադիր դաշտում մարդկանց, ովքեր ազնիվ են իրենց մոտեցումներում ու քայլերում, որոնք շատ հարգված են իմ կողմից:
Բայց և քիչ չեն, այսպես կոչված, թանի մեջ ընկած ճանճերը, որոնց գլխավոր խնդիրն ուրիշի ձեռքերով շագանակներ հանելն է, առկա իրավիճակում իրենցը փախցնելը, իրենց այսրոպեական հարցերը կարգավորելը: Տղերք, հանգստացեք, սա ձեր դաշտը չէ: Չի կարելի շարժվել բացառապես «քաղաքականությունն անբարոյականություն է» սկզբունքով ու համարել, որ ինչքան անբարո ես, այնքան լավ քաղաքական գործիչ ես: Ափսոսում եմ, բայց, չգիտես ինչու, ներկայիս քաղաքական հարաբերությունների, ներքաղաքական վիճակի մասին մտածելիս մտքիս առաջին հերթին սիրված պոետի տողերն են գալիս. «Աշուն է, անձրև… Ստվերներն անձև, Դողում են դանդաղ… Պաղ, միապաղաղ: Անձրև՜ ու անձրև…»:
– Այս օրերին բավական աղմուկ բարձրացրեց «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը՝ մայրության նպաստների վերաբերյալ: Կառավարությունը, ի վերջո, գնաց զիջումների: Սա նշանակո՞ւմ է արդյոք, որ հասարակության ձայնը լսելի է իշխանությունների կողմից:
– Չեմ կարծում, թե օրենքի փոփոխության հեղինակները պատկերացում չունեին առաջարկի հետևանքների ու հնարավոր հակազդեցության մասին: Խոսքը մի հարցի մասին է, որն ուղղակիորեն առնչվում է մեզ համար շատ ցավոտ դեմոգրաֆիկ խնդիրներին: Եվ, փոխանակ շահագրգռելու ծննդաբերող մայրերին, որ կարողանան իրենց երեխաների կարիքները գոնե մի որոշ ժամանակ բավարարեն, պարբերաբար խոչընդոտներ ենք ստեղծում: Ինչ վերաբերում է հնչող մոտեցումներին, թե բյուջեում փող չկա, ապա կարծում եմ, որ նույնիսկ տնտեսագիտության այբն ու բենը իրարից չտարբերողները լուրջ չեն ընդունում նման փաստարկները: Շինարարությունից ու այլ ոլորտներից «տանելու» համար կա, «ատկատների» համար կա, տարաբնույթ գործուղումների ու ճոխությունների համար կա, իսկ մայրության նպաստների համար չկա՞:
Եվ, վերջապես, յուրաքանչյուր տաքսու վարորդի հարցրեք, ու նրանք ձեզ կասեն, թե որտեղից կարելի է ճարել այդ գումարները: Ես 20 տարի քաղաքական դաշտում եմ ու համոզվել եմ, որ հաճախ կառավարությունների համար նման իրավիճակն ուղղակի գործելաոճ է. չկարողանալով իրականացնել քայլեր, որոնք օգտակար կլինեն ու հասարակության սրտով, հանդես են գալիս, մեղմ ասած, վիճելի նախաձեռնությամբ, հետո զիջումներ են անում, ինչը հանրությանը հրամցնում են որպես լավություն: Եղբայր, նման կարգի լավություններից վաղուց հոգնել ենք, կարող եք՝ օգտակար եղեք, իսկ բեմականացումները թողեք այդ ոլորտի մասնագետներին:
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։