Իսկ ժողովուրդը հաց չունենա, գաթա կուտի
Սահմանադրական բարեփոխումներ և Հայաստանի անդամակցություն Եվրասիական տնտեսական միությանը: Ահա այն երկու գլխավոր հարցերը, որոնք քաղաքական օրակարգում են: Եվ մեկ էլ՝ իշխանափոխությունը, որն իրականացնելու խնդիրն իր առջև է դրել ոչ իշխանական եռյակը: Իշխանափոխության թեման՝ վերոնշյալ կազմով, նուրբ հարց է: Տակավին վերջերս (ընդունում եմ, բավականին ուշացումով) կարդացի Կուրտ Վոնեգուտի «Կատվի օրորոց» գործը: Առանցքը շատ տպավորիչ էր. ընդդիմությունն ու իշխանությունը միմյանց դեմ կատաղի պայքար են մղում: Կարելի է ասել՝ կյանքի ու մահու պայքար: Սակայն ստեղծագործության վերջում պարզվում է, որ ընդդիմությունը ոչ միայն ամբողջովին ֆինանսավորվում էր բռնակալի կողմից, այլև բռնակալը նաև ընդդիմության իրական առաջնորդն էր: Ոչինչ չեմ մեկնաբանում: Միայն խորհուրդ եմ տալիս նրանց, ովքեր չեն հասցրել ընթերցել «Կատվի օրորոցը», չծուլանալ և կարդալ:
Իսկ Հայաստանի մուտքը Եվրասիական տնտեսական միություն (ԵՏՄ) այլևս անկասելի է թվում: Ինչ խոսք, միայն մասնագետները՝ քաղաքագետներն ու տնտեսագետները, կարող են իրենց թույլ տալ մասնագիտական վերլուծություններ անել այս թեմայով: Սակայն այն հիմնավորումը, որով մեր շատ համաքաղաքացիներ սիրով ընդունում են ԵՏՄ անդամակցությունը, սարսափելի է թվում: Այն հնչում է այսպես. «Կարող ենք հանգիստ քնել, քանի որ արդեն ոչ միայն ռուսը, այլև ղազախները մեզ կպաշտպանեն»գ
Եթե պաշտպանությունն ակնկալում ենք ռուսներից ու ղազախներից, այդ դեպքում ինչո՞ւ մյուս բոլոր դեպքերում նախապատվությունը չենք տալիս այն ամենին, ինչ ռուսական է կամ ղազախական:
Ազատ ընտրություն կատարելիս՝ ընտրում ենք ամեն ինչի արտասահմանյանը:
Ավտոմեքենաներ, կենցաղային տեխնիկա, հեռուստացույցներ, հեռախոսներ…
Հանգիստը, դրամը (եվրո, դոլար), հագուստը, ժամացույցները, բժշկական սարքավորումները…
Ոչինչ ռուսական, ղազախական և նույնիսկ` բելառուսական:
Կարելի է անվերջ թվարկել՝ դեղորայքը, համակարգիչները… Սակայն բանն արդեն շատ հեռու է հասել. խնդիրն արդեն միայն ապրանքի ցուցակները չեն, այլ մտածողությունն ու կյանքը կազմակերպելու փիլիսոփայությունը:
Հնարավորություն ունեցողները նախընտրում են, որ իրենց կանայք ծննդաբերեն Միացյալ Նահանգներում: Եվ խնդիրը ոչ միայն ԱՄՆ բաղձալի քաղաքացիությունն է, այլև առողջ երեխա ունենալու ցանկությունը:
Մեր երեխաները խաղում են արտասահմանյան արտադրության խաղալիքներով:
Բանն այնտեղ է հասել, որ անգամ ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչներին են արտասահմանից հրավիրում:
Միայն, չգիտես ինչու, նախագահին ու պատգամավորներին ընտրում ենք տեղական, անորակ «հումքից»:
Հայրենասեր ենք այնքան, որ մեզ չե՞նք կարող թույլ տալ ընտրել օտար կառավարիչների, թե՞ Սահմանադրությունն է արգելում: Արգելում է Սահմանադրությունը. երկրի նախագահի պաշտոնին կարող է հավակնել վերջին 10 տարիների ՀՀ քաղաքացիություն ունեցող և վերջին 10 տարում ՀՀ-ում բնակվող անձը: Իսկ պատգամավոր՝ համապատասխանաբար՝ 5 տարվա քաղաքացիություն և վերջին 5 տարում ՀՀ-ում բնակված անձը:
Սահմանադրությունն է պարտադրում, և դա ուղղակի հրաշալի է: Հակառակ դեպքում՝ ընտրողներին այս հարցում ևս վստահել չէր լինի:
Ընտրողները միանշանակորեն կընտրեին եվրոպացի պատգամավորների, որոնք խորհրդարան են գնում ոտքով կամ հեծանվով, որոնք հաճույք ու խանդավառություն չեն ապրում մտքից, որ հրապարակավ հնարավորություն ունեն քծնել ու հաճոյանալ շեֆին:
Նախագահի հարցում ևս նախապատվությունը կտրվեր ոչ տեղացու: Ամենայն հավանականությամբ, ազնիվ ու արդար ընտրություններին հաղթանակ կտաներ Ուրուգվայի նախագահ Խոսե Ալբերտո Մուխիկա Կորդանոն, որի վերաբերմունքը փողի հանդեպ շատ ավելի փիլիսոփայական է, քան գործող նախագահինը: Ամեն դեպքում, ուրուգվայցի նախագահն իր կառավարության կազմում չէր տեղավորի միայն վճարունակ նախարարների:
Բայց կարող ենք գոնե մխիթարվել, որ ո՛չ նախագահի, ո՛չ պատգամավորների ընտրության հետ կոնկրետ որևէ առնչություն չունենք, թեև Սահմանադրությունը շռայլորեն մեզ բազմաթիվ իրավունքներ է տվել: Նախևառաջ՝ սևով սպիտակին ամրագրված է՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին:
Թեև կառավարության կազմը, մարզպետները, անգամ պատգամավորների ցուցակը միանձնյա որոշում է երկրի նախագահը: Իշխանության իրական տիրոջ՝ ժողովրդի կարծիքը, թե կառավարության անդամները կոռումպացված են, պատգամավորները՝ ոչ պրոֆեսիոնալ ու պնակալեզ, մարզպետները՝ հանցագործ, որևէ անհարմարություն չի ստեղծում. նախագահը, կառավարության անդամները, մարզպետներն ու պատգամավորները, այլ կերպ ասած՝ «ժողովրդի ծառաները», լրիվ անտարբեր են նրանց հանդեպ, ում, ի պաշտոնե, ծառայում են:
Կադրային այս ձախողված քաղաքականությունը հստակ ուղերձ է «իշխանության տերերիս»՝ աղավնյակնե՛րս, կարծիք արտահայտելու նեղություն կրել պետք չէ: Այն ոչ մեկին չի հետաքրքրում:
Ու ընտրությունների ժամանակ, երբ պարզվում է, որ իշխանության իրական տերը՝ ժողովուրդը, չի պատրաստվում քվեարկել, «ժողովրդի ծառաները» դարձյալ խնդիր չեն տեսնում: Եթե չասենք՝ անգամ ողջունում են՝ «Կարող եք չգալ քվեարկության: Ձեզ համար հանգիստ պառկեք, քնեք: Առավոտյան կարթնանաք, մենք ձեզ կասենք՝ ում եք ընտրել»:
Ու դեռ ոմանք կասկածի տակ են դնում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցելու ողջամտությունը կամ հակառակվում սահմանադրական բարեփոխումներին:
Լարվել պետք չէ. ժողովրդի համար, խոշոր հաշվով, միևնույն է՝ երկիրը կառավարման նախագահակա՞ն, թե՞ խորհրդարանական կարգի է անցնելու: Մենք քաղաքական ու տնտեսական այս անշունչ համակարգում շարունակելու ենք գոյատևել ԵՏՄ-ի՞ կազմում, թե՞ դրանից դուրս:
Միևնույն է՝ բոլոր իրավիճակներում իշխանությունը շարունակելու է պատկանել ժողովրդին…