Դատարանն ապացուցված է համարել՝ տղամարդն ապօրինի մտել է նախկին կնոջ բնակարան և հրկիզել անկողնային պարագաները

38-ամյա տղամարդուն նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ խախտել է իր նախկին կնոջը պատկանող՝ Հրազդան քաղաքում գտնվող բնակարանի անձեռնմխելիությունը՝ վերջինիս կամքին հակառակ, չունենալով նրա թույլտվությունը և համաձայնությունը, նախապես տեղյակ լինելով, որ բնակարանում ոչ ոք չկա, ոտքով հարվածելով կոտրել է նշված հասցեի բնակարանի մուտքի փայտյա դռան փականը, ապօրինի մուտք է գործել բնակարան և հրկիզել անկողնային պարագաները:

Ըստ մեղադրական եզրակացության՝ տղամարդու գործողությունների արդյունքում կնոջը պատճառվել է 10 000 դրամի գույքային վնաս: Նրան մեղադրանք էր առաջադրվել բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մաս): Հետագայում նախաքննության մարմնի որոշմամբ՝ կնոջ գույքը դիտավորությամբ ոչնչացնելու դրվագով տղամարդու նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել` հանցակազմի բացակայության հիմքով:
Առաջին ատյանի դատարանն իր վճռում նշել է, որ մինչ դատաքննությունը սկսելն ամբաստանյալը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով, և հայտարարել է, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է իր պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ և առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչում: Դատարանը որոշում է կայացրել արագացված կարգով դատական քննություն անցկացնելու մասին: Առաջին ատյանի դատարանը նաև ապացուցված է համարել, որ 38-ամյա տղամարդը կատարել է իրեն վերագրվող հանցանքը:

Որպես տղամարդու անձը բնութագրող տվյալներ` դատարանը հաշվի է առնում վերջինիս կողմից կատարված հանցանքի համար զղջալը, իր նկատմամբ մեղմ վարվելու խնդրանքը, քրեական գործի քննության ընթացքում ճշմարտացի, ինքնախոստովանական ցուցմունքներ տալը, ինչպես նաև՝ ըստ բնակության վայրի դրական բնութագրվելը:

Որպես ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք` դատարանը հաշվի է առնում նախկինում արատավորված` դատապարտված չլինելը: Դատարանն իր վճռում նշել է. որ տղամարդու պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ գործում առկա չեն:
Առաջին ատյանի դատարանն իր վճռում նշել է, որ դատարանը գտնում է՝ սույն գործով ամբաստանյալի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայով նախատեսված նվազ խիստ պատժատեսակի` տուգանքի ձևով նշանակմամբ կհասնի պատժի նպատակներին` սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի ուղղմանը և հանցագործությունների կանխմանը:

Գործով տուժողը, ըստ դատարանի վճռի, դատաքննության ընթացքում հայտնել է, որ իրեն պատճառված գույքային վնասն ամբաստանյալի կողմից վերականգնվել է, և նրա նկատմամբ որևէ պահանջ չունի:
Դատարանի վճռով՝ տղամարդը դատապարտվել է 50 հազար դրամ տուգանքի: Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտնելու հրապարակումից մեկ ամիս անց:

 

Տեսանյութեր

Լրահոս