Հայաստանում գիտության անհրաժեշտության և կարևորության շեշտման խնդիր կա
Համացանցի The Awesome Foundation-ի կայքէջը տեղեկացնում է, որ նախաձեռնվել է «Ուշագրավ գիտություն» ծրագիրը, որի ընդհանուր նպատակն է` գիտության հանրայնացումը, դպրոցականների մոտ գիտության վարկանիշի բարձրացումը, գիտության ոլորտի գրավչության մեծացումը: Ծրագրի նախաձեռնողն ու գաղափարի հեղինակն է Հայկ Իշխանյանը` ակտիվ, եռանդուն, էներգիայով և բազում ծրագրերով լի երիտասարդ գիտնական:
– Հա՛յկ, կպատմե՞ս քո մասին. կրթություն, աշխատանք, անելիքներ:
– Ավարտել եմ Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի ընդհանուր և կիրառական ֆիզիկայի ֆակուլտետը: Բակալավրիատն ավարտելիս Ռուսական պետական ատեստացիոն հանձնաժողովն ինձ երաշխավորեց` ուսումս միանգամից ասպիրանտուրայում շարունակելու, և ես զուգահեռաբար ընդունվեցի ՀՀ ԳԱԱ-ի ասպիրանտուրան` Աշտարակի ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում` շարունակելով ուսումս նաև Ֆիզտեխում: Անցած դեկտեմբերին պաշտպանեցի «Ոչ գծային նյութական ալիքների վերարգելքային անցումը և անդրադարձումը» վերնագրով ատենախոսությունս:
Իմ բուն գիտական գործունեությունից` հիմա ես զբաղվում եմ ածխածնային նանոխողովակների էլեկտրոնային սպեկտրերի ուսումնասիրությամբ: Դրանով սկսել եմ զբաղվել մոտավորապես կես տարի առաջ:
Ծրագրերից առանձնապես չեմ սիրում նախօրոք խոսել: Դրանք շատ են, որոշ ծրագրեր աշխատում են, որոշ ծրագրեր ընդհանրապես չեն աշխատում: Օրինակ` լաբորատորիա եմ փորձում կառուցել, որը համարում եմ գիտության սենյակ, և այդտեղ զբաղվում ենք միայն գիտությամբ: Նույնիսկ մերձգիտական նամակները գրում ենք միջանցքում կամ այլ սենյակում: Մի խորհրդանշական բան ասեմ` վերանորոգման վերջին օրը փոքրիկ բույս տնկեցինք, այնքան փոքր, որ մանրամասն տեսնելու համար խոշորացույց էր պետք: Տնկեցինք, որպեսզի մեզ զուգահեռ աճի, և հիմա այն բավական մեծ է:
– Հայկ, ի՞նչ մասշտաբի նախագիծ է սա, ովքե՞ր են նախաձեռնողները, ի՞նչ ուժեր են ներգրավված:
– Բուն գաղափարը, թերևս, վաղուց կա: Գաղափարից գործի անցնելու խթան հանդիսացավ պարոն Աշոտյանի հետ խոսակցությունը: Իսկ ներգրավված ուժերի քանակն օրեցօր աճում է, օրինակ` The Awesome Foundation-ին դիմելուց հետո այդ հիմնադրամի խորհրդից մի շարք մարդիկ ինձ գրեցին և զանգեցին` առաջարկելով իրենց աջակցությունը նաև այլ խողովակներով: Իր կանոնադրական խնդիրների շրջանակում աջակցում է ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը: «Ուտոպիանա» հ/կ-ի Transformer շրջիկ բեռնատարի ծրագրում էլ ենք ներգրավվել: Սա և՛ ելույթի հարթակ է ապահովում, և՛ դրամաշնորհ:
– Եթե ծրագիրը նման հետաքրքրություն է առաջ բերել, ապա ինչո՞ւ միանգամից չառաջարկեցիր դա անել հեռուստատեսությամբ, ինչն ավելի արդյունավետ կլիներ, այլ որոշեցիր կազմակերպել շրջիկ բեռնատարով:
– Բնականաբար, ավելի արդյունավետ կլիներ հեռուստատեսությունը, բայց հարցն այն է, որ դրա համար նախ և առաջ` արդեն իսկ պետք է ապահովել շատ բարձր որակ, իսկ այդ բարձր որակն ապահովելու համար, բացի մասնագիտական կրթությունից, ցանկությունից, նաև պետք է սիստեմատիկ մարզվել` հղկելու ու մշակելու յուրաքանչյուր փորձը: Ես ընդհանրապես կողմ եմ բնական զարգացումներին, ուստի` հիմա միանգամից հեռուստատեսությանն անցնելը կլիներ անհասկանալի թռիչք, որին թիմը դեռ պատրաստ չէ:
Առայժմ մենք սկսում ենք փողոցից, որտեղ հանդիսականների քանակը մի քանի տասնյակի կարգի է, հոսք կա: Ապա` շրջիկ բեռնատարով` մարզկենտրոններում: Երբ դա հաղթահարենք, հասկանանք` որտեղ ինչ վտանգներ կան, կարող ենք անցնել հաջորդ փուլին` հեռուստատեսությանը, որն ապահովում է շատ ավելի լայն տարածում, նաև հնարավորություն է ընձեռում ավելի փոքր փորձեր ցույց տալու, տարբեր անկյուններից նկարահանելու և լրացուցիչ հղումներ, անիմացիաներ ու նյութեր ավելացնելու:
– Ի՞նչ կտա այս ծրագիրն ընդհանրապես: Ընդունա՞կ է այն շոշափելի փոփոխություն կատարելու:
– Կարծում եմ` ազդեցությունը կզգացվի: Հույս ունեմ, որ մենք կփոխենք դպրոցականների վերաբերմունքը: Զարգացած երկրներում, օրինակ, գիտության պիտանելիության հարցն ընդհանրապես չի դրվում, դա բոլորին է ակնհայտ, իսկ Հայաստանում ունենք գիտության անհրաժեշտությունն ու կարևորությունը շեշտելու խնդիր: Կարծում եմ, որ ծրագիրն այդ ուղղությամբ նույնպես ի զորու է դրական գործ կատարելու:
– Մարդիկ ինչպե՞ս են տեղեկանալու ցուցադրության մասին: Նյութի մատուցման ի՞նչ մեթոդներ եք կիրառելու:
– Այդ մանրուքները մանրակրկիտ մտածված են, կան շատ սցենարներ, ուղղակի ամեն ինչ կախված է այն բանից, թե որն ավելի արդյունավետ կաշխատի: Տասնյակ սցենարներ քննարկել ենք, ու ինչ-որ բաներ արդեն սկսել ենք անել: Առաջին փուլում փորձերը ցույց ենք տալու քաղաքի կենտրոնում: Կլինի բեմական մաս, որտեղ վարողները կպատմեն, կներկայացնեն, կամավոր հանդիսատեսի հետ փորձեր կանեն: Ընդմիջումներում կկազմակերպվեն տաղավարատիպ բաներ, որոնց յուրաքանչյուր ցանկացող կարող է մոտենալ, ինչ-որ փոքր փորձ սեփական ձեռքով անել կամ նյութը վերցնել` տանը կատարելու:
Միայն թե, կարծում եմ, որ հայկական հանրությունը բարդ կանխատեսելի է, այդ պատճառով մենք ճկունության վրա ենք շեշտ դնում, այսինքն` եթե ինչ-որ բան լավ չի գնում, փոխում ենք և, ըստ հակադարձ կապի, լավացնում: Այն էլ ասեմ, որ պատրաստ եմ ցանկացած քննադատության, որովհետև քննադատությունն ընկալում եմ` որպես հետադարձ կապ:
– Ծխի մետրանոց օղակներ, հայացքից հալվող մետաղյա գդալ, անտեսանելի հեղուկ, անհետացող թանաք… սա ինձ հիշեցրեց «Հարյուր տարվա մենության» Մելկիադեսին: Ուրեմն ի՞նչ` գիտական աճպարարությո՞ւն:
– Հայկական հանրությանը, ցավոք, դժվար թե հետաքրքրի որևէ ակադեմիական բան, փոխարենը` կհետաքրքրի շոուն: Մեր վերջնական նպատակն, իհարկե, որակյալ ակադեմիական նյութ մատուցելն է, բայց հետաքրքրելու համար, որպես առաջին քայլ, այո՛, փորձերը նման կլինեն աճպարարության: Այնուհանդերձ, փորձերը մաքուր գիտական են. մենք աչքը չենք խաբում, այսպես` նախատեսված փորձերից երևի երկուսն են վերաբերում ուղեղին խաբելուն, մնացյալը մաքուր գիտական են:
– Իսկ փորձերն ո՞ւմ համար են հատկապես, դպրոցականների՞:
– Փորձերը շատ ուշագրավ են` վառվռուն, փայլուն, սիրուն, գրավիչ: Դրանք զարմացնում են անգամ մասնագետներին: Հետևաբար` ցանկացած հետաքրքրվող, դատող մարդ ինչ-որ հետաքրքիր բան կգտնի դրանց մեջ. մեկը մի նոր բան կսովորի, մյուսը հնարավորություն կստանա այդ նույն փորձը տանն անելու, ցույց տալու երեխաներին, ընկերներին, և այլն:
– Այսինքն` ոչ միայն զարմացնում են, նաև զարգացնո՞ւմ:
– Զարմացնո՛ւմ առաջին հերթին, հետո արդեն, հետաքրքրության հիման վրա, զարգացնում: Մարդիկ, ենթադրում եմ, կսկսեն հարցեր տալ շրջակա բնության մասին, փնտրել դրանց պատասխանները, նոր բաներ սովորել, և այլն: Փորձերն ունեն մի քանի ուղղություն և ներկայացման մի քանի հնարավորություն` հեղուկ ազոտ, չոր սառույց, քիմիական փորձեր, որտեղ, ինչ-որ բաներ խառնելով` անսպասելի արդյունք է ստացվում, էլեկտրամագնիսական, կրակով ու պայթյունով, մեխանիկական փորձեր և լույսով փորձեր:
Ընդ որում, նույն փորձը կարելի է շատ տարբեր ձևերով ներկայացնել` սկսած ալքիմիայից, միջնադարից. օրինակ` փոքրերի համար. «գիտե՞ք ժամանակին ալքիմիկոսները փորձում էին ամեն ինչ ոսկու վերածել, ա՛յ հիմա կանենք այդ փորձը, և դուք կտեսնեք, թե ինչպես ենք ոսկեզօծում մետաղադրամը», և այլն: Կարելի է ակադեմիական շեշտով` ներկայացնելով ու բացատրելով հեղուկ ազոտի հատկությունները, ջերմաստիճանը, ֆիզիկական բնութագրերը և այլն: Հեղուկ ազոտն արտաքինից շատ նման է ջրի, բայց քանի որ իր ջերմաստիճանն անհամեմատ ցածր է սենյակայինից, մեզ շրջապատող ամեն ինչ իր համար շատ տաք է:
Ի՞նչ է տեղի ունենում` սովորական ջուրն իրենից շատ տաք, շիկացած թավայի մեջ լցնելիս. սկսում է թշշալով գոլորշիանալ: Նույնն ազոտն է անում. այսինքն` եթե ազոտը լցնում ենք սեղանին կամ մի կում ենք անում դրանից, սկսում է թշշալով գոլորշիանալ: Ջուր պարունակող բաները, լինի դա թրջած թուղթ թե մսի կտոր, ազոտի մեջ շատ արագ սառում են, չորանում ու փշրվում: Օրինակ` ծաղիկն ազոտի մեջ մտցնել-հանելուց հետո շատ արագ փշրվում է: Ազոտն ապահովում է նաև հետաքրքիր մառախուղ, երբ լցնում ենք ինչ-որ հեղուկի մեջ, նաև կարելի է կես րոպեի ընթացքում պաղպաղակ սարքել` ուղղակի խառնելով կաթ, մրգի կտորներ, մի քիչ հեղուկ ազոտ:
Ես նկարագրեցի շոուատիպ բաները, հիմա անցնենք ավելի գիտականին, օրինակ` մագնիսական լևիտացիան: Երբ մենք գերհաղորդիչ սկավառակը տեղադրում ենք հեղուկ ազոտի մեջ, սառեցնում, այն անցնում է գերհաղորդիչ վիճակի և սկսում է վանել մագնիսը, որն իր ծանրության ուժի և գերհաղորդչի վանելու արդյունքում` հավասարակշռվում է օդում: Ընդ որում, մագնիսն առանց շփման կարող ես պտտել, տակով թուղթ անցկացնել: … Տեսե՛ք` սա չոր սառույց է, և այս փոքրիկ բաժակով կարելի է երեխաներին նկարագրել ամպերի գոյացման մեխանիզմը, բացատրել, որ ամպերը մեզ անհարթ են թվում, բայց տակից հարթ են: Կարող ենք շատ պարզ ձևով արհեստական ձյուն ստանալ:
Մեկ ուրիշ փորձ` պարզվում է` հավն ունի ստաբիլիզացիայի որոշակի մեխանիզմ, հավի մարմինն ինչպես էլ շարժես, նա գլուխը շատ կայուն է պահում: Եթե հավի գլխին տեսախցիկ ենք դնում, հանգիստ կարելի է մարել խոտորումները. ինքը մարմինը կշարժի, իսկ գլուխն անշարժ կմնա: Մեկ այլ օրինակ, եթե փուչիկը մի թեթև ջրով լցնենք, այն մոմի վրա չի պայթի: Կամ, ի՞նչ եք կարծում` վակուումում հեռախոսը կզանգի՞, թե՞ ոչ: Այս փորձի հիման վրա կարող ենք բացատրել, թե ինչ սկզբունքով է առաջանում ձայնը, և այլն:
– Մոտավորապես քանի՞ փորձ է նախատեսված:
– Կա իրարից զգալիորեն տարբեր 200 փորձ, որոնք մեր պայմաններում կարող ենք անել: Դրանք նախ` կարելի է ներկայացնել տարբեր կոնտեքստներում, տարբեր ձևակերպումներով: Բացի դրանից, կարող ենք անել դրանց կոմբինացիաները. ահա մի փորձ` գերսառած հեղուկ. վերցնում ենք սովորական ջուր, ջուրը պետք է 0 ջերմաստիճանում վերածվի սառույցի, բայց եթե ջրում չկան բյուրեղացման կենտրոններ, ապա այն 0-ից ցածր ջերմաստիճանում մնում է հեղուկ: Այդ հեղուկին եթե մի մեխանիկական բան դիպչի, մի պտղունց աղ լցվի, այն անմիջապես կբյուրեղանա, կսառի: Վերցնելով այդ հեղուկով շիշը, կարող ենք փոքրիկ սառույցի կտորի վրա սառցե արձանիկ կառուցել:
Բնականաբար, այդպիսի արձանիկներն իրարից տարբեր կստացվեն, յուրաքանչյուր երեխա դա հաճույքով կանի, կհետաքրքրվի, ինչ-որ բան կստանա: Էլի մի հետաքրքիր փորձ` 2 լրիվ թափանցիկ հեղուկ իրար ենք խառնում, մի ակնթարթում խառնուրդը վերածվում է արնանման շաղախի: Կամ` օղու բաժակի ծավալով երկու թափանցիկ հեղուկ ենք իրար խառնում, հրաբխի նման մետրանոց փրփուրի շիթ է առաջանում: Դրա հիման վրա կարելի է բացատրել հրաբխի սկզբունքը, և այլն:
– Հայկ, այս ամենն ինչքա՞ն կխլի քո ժամանակից, ամբողջովին զբաղվելու ես փորձերո՞վ, թե՞ դրանց հատկացվելու է ժամանակիդ քիչ մասը:
– Ես զբաղվելու եմ գիտությամբ: Կախված հանրության արձագանքից և նրանից, թե որքան լավ կհաջողվի կազմակերպել թիմը, ենթադրում եմ, սա կխլի ինձնից մի քանի շաբաթվա ինտենսիվ աշխատանք, հետո` թեթև կոնսուլտացիաներ, հետո` միայն որակական կոնսուլտացիաներ: Ես հետազոտող մարդ եմ, ինձ հետաքրքիր է շարժվել առաջ` դեպի նոր գիտելիքի ու փորձի ձեռքբերում:
– Այսօր շատ է խոսվում առևտրայնացումից: Ունի՞ արդյոք ծրագիրը բիզնես տարրեր:
– Ծրագիրը բավական լայն և ճկուն է, այն կարող է ունենալ բիզնես տարրեր, ընդ որում` տարատեսակ: Ես դրանով առանձնապես զբաղվել չեմ ուզում, բայց գիտեմ որոշ բաներ ու կարող եմ դա կազմակերպել: Այնուամենայնիվ, ես դա համարում եմ երկրորդական, առաջնայինն այս պահին ընդհանուր հետաքրքրության ալիքի բարձրացումն է, ապա` այդ ալիքի ուղղումը դեպի ավելի խորը, որակյալ կրթություն:
– Ինչի՞ վերաճելու միտում ունի ծրագիրն ի վերջո, չէ՞ որ չեն կարող անվերջ շարունակվել փողոցում կամ շրջիկ բեռնատարով ցուցադրումները:
– Ծրագրի էջում ներկայացված է հետևյալը` մենք կանենք Երևանում, ցույց կտանք հեռուստատեսությամբ և կտարածենք դպրոցներում, ես ուզում եմ ավելացնել նաև վերջին շտրիխը` ի վերջո կբարձրացվի ակադեմիական բաղադրիչի մակարդակը, քանակը, ներկայությունը, շեշտն այդ ամենում, և սա կամաց-կամաց կվերածվի այնպիսի բանի, ինչպիսին է, օրինակ, գիտության ինտերակտիվ թանգարանը` որակյալ հավաքածուներով, որակյալ ակադեմիական բացատրությամբ, գիտական թատրոնով:
Ես ենթադրում եմ սահուն անցում առաջինից երկրորդին: Այսինքն` ի սկզբանե կլինի շոու` առանց տերմինների, առանց ծանրաբեռնելու, ուղղակի շոու, այնուհետև ամիսների ընթացքում կամաց-կամաց կաճեցվի ակադեմիական բաղադրիչը, ու, ի վերջո, ենթադրում եմ` դուրս գալ հենց գիտական թանգարանին, որտեղ կլինի հստակ ակադեմիական շեշտ: Բնականաբար, դրա հանդեպ հետաքրքրությունը պակաս կլինի, քան շոուների, բայց փոխարենը` այն կլինի հաստատուն:
– Իսկ Հայաստանում Գիտության և տեխնիկայի պետական թանգարան ստեղծելու մասին խոսվե՞լ է ԿԳ նախարարի հետ:
– Այդ հարցը չենք քննարկել, բայց գիտեմ, որ Երևանի Ֆիզիկայի ինստիտուտը և Գիտությունների ազգային ակադեմիան գիտության թանգարանի հարցը վաղուց դիտարկում են, դա բավական ծախսատար ծրագիր է: Մեր պատկերացրած թանգարանն ավելի համեստ է: Ծախսը, այսինքն` կայացման համար հիմնական ներդրումը, սարքերն ու նյութերը տեղավորվում են նախագահական մի գրանտի մեջ (դրանք 5 միլիոն դրամանոց գրանտներ են): Այսինքն` միկրոներդրում և մակրոազդեցություն: