
Ալժիրի դատարանը 7 տարվա ազատազրկման է դատապարտել ֆրանսիացի սպորտային լրագրողին

Ալժիրի իշխանությունները հայտնի ֆրանսիացի սպորտային լրագրող Քրիստոֆ Գլեզին «ահաբեկչությունը փառաբանելու» մեղադրանքով դատապարտել են 7 տարվա ազատազրկման։
Այս մասին հայտարարություն է տարածել մեդիա իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը՝ դատարանի որոշումն «անհեթեթ» որակելով։
Որպես անկախ լրագրող՝ Քրիստոֆ Գլեզը, որը գրում է նաև So Foot և Society ամսագրերի համար և հայտնի է աֆրիկյան ֆուտբոլի մասին իր աշխատանքներով, ժամանել էր Ալժիր՝ տեղական Jeunesse Sportive de Kabylie (JSK) ֆուտբոլային ակումբի ոսկե դարաշրջանի՝ 1980-ականների մասին հոդված պատրաստելու նպատակով։ Նա նաև լուսաբանելու էր կամերունցի ֆուտբոլիստ Ալբերտ Էբոսեի մահվան 10-րդ տարվան նվիրված հիշատակի միջոցառումները, ինչպես նաև անելու մի շարք հարցազրույցներ տեղի ֆուտբոլային ակումբների ղեկավարերի ու ֆուտբոլիստների հետ։
Գլեզը ձերբակալվել էր 2024 թվականի մայիսին մայրաքաղաքից 100 կմ արևելքում գտնվող Թիզի Ուզուում, ինչից հետո նրան արգելել էին լքել երկիրը։ Նրա դեմ մեղադրանքներ էին ներկայացվել այն բանի համար, որ 2015 և 2017 թվականներին շփումներ էր ունեցել Թիզի Ուզուի ֆուտբոլային ակումբի ղեկավարի հետ, ով նաև Քաբիլիի ինքնորոշման շարժման առաջնորդներից է։ Այս շարժումն Ալժիրի իշխանությունները 2021 թվականին հռչակել էին որպես ահաբեկչական խմբավորում։ Այդուհանդերձ, լրագրողի և նշված անձի միջև շփումները տեղի էին ունեցել մինչև կազմակերպության ահաբեկչական հռչակումը։ Իսկ 2024 թվականին տեղի ունեցած միակ շփումը վերաբերել է JSK ակումբի մասին հոդվածի նախապատրաստմանը՝ փաստ, որը հաստատվել էր հետաքննության ընթացքում։ Ֆրանսիացի 36-ամյա լրագրողը բողոքարկելու է ալժիրյան դատարանի կայացրած որոշումը։
«Քրիստոֆ Գլեզն ավելի քան մեկ տարի ենթարկվել է աբսուրդային դատական հսկողության։ Նրա 7 տարվա ազատազրկումը անհեթեթություն է և ի ցույց է դնում մեկ բան՝ այսօր ամեն բան քաղաքականացվում է»,- նշել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության գլխավոր տնօրեն Թիբո Բրատենը։