Բաժիններ՝

Օրենքը դեռ ուժի մեջ չմտած՝ քաղաքացիները բախվում են խնդրի. Հայ-վրացական սահմանը հատելիս ուղևորների ցուցակները՝ լրացուցիչ բե՞ռ

Հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող՝ «ՀՀ կառավարության և Վրաստանի կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրի 4-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, Հայաստանի Հանրապետությունից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները պետք է իրականացվեն հսկիչ փաստաթղթի (ուղևորների ցուցակի) առկայությամբ։

Հսկիչ փաստաթուղթը պետք է լրացված լինի էլեկտրոնային եղանակով և դրա տպագրված թղթային օրինակը լինի տրանսպորտային միջոցի վարորդի մոտ։

Այսօր ուղևորափոխադրումներ կատարող ընկերությունների մի խումբ ներկայացուցիչներ դիմել էին խմբագրություն՝ նշելով, որ փաստաթղթերի լրացման գործընթացում կան տեխնիկական խոչընդոտներ, իսկ ՀՀ համապատասխան կառույցների «թեժ գիծ»-ը զանգերին հիմնականում չի պատասխանում։

«Մեզ ասում են, որ ձեր ուղևորների ցուցակը պետք է կազմեք ու տպեք՝ Հայաստանից գնալուց և Վրաստանից վերադառնալուց։ Այն անձինք, ովքեր ունեն «Մինիվեն» մեքենա, 5 հոգուց ավելի ուղևոր ունենալու դեպքում պետք է ցանկ ներկայացնեն՝ սահմանն անցնելուց պետք է տպված ցուցակը լինի վարորդի մոտ, որպեսզի այնտեղ կնիքը դնեն ու վարորդն անցի։ Հուլիսի 1-ով օրենքն ուժի մեջ է մտնում, հիմա մենք պետք է ցուցակ ներկայացնենք, բայց իրենց կայքը նորմալ չի աշխատում, ոչ էլ pdf-ը։ Զանգահարել եմ համապատասխան մարմնին, ասում եմ՝ ինչպե՞ս անեմ, ասում է՝ «մենք հիմա խնդիր ունենք, բայց խորհրդի կարգով կարող եմ ասել, որ եթե համակարգչի տիրապետում եք, կարող եք word ֆայլը տեղափոխեք jpg և աշխատեք»։ Լավ, ես եմ համակարգչից հասկանում, անում եմ, բա մյուսնե՞րը, ես իմ վարորդին ինչպե՞ս ասեմ, որ սա անի։ Կամ՝ վարորդը գնում, տեղ է հասնում, քնում-հանգստանում է, որ իր ուղևորներին ապահով բերի տեղ հասցնի, ես իրեն ինչպե՞ս այս ամենն ասեմ, որ անի, ե՞րբ հասցնի անի»,- նշեց մեր զրուցակիցներից մեկը։

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ այսօր բոլորը կանգնած են խնդրի առաջ, քանի որ պատկան մարմիններն օրենքն ընդունել են, առանց կայքի նորմալ աշխատանքի։

«Սա զբոսաշրջության ոլորտի վրա էլ է ազդելու, եթե վաղը վարորդը սահմանին խնդիր ունենա, ո՞վ է լուծելու, ինչպե՞ս է լուծվելու։ Մենք այս փոփոխությունների իմաստը չենք հասկանում։ Լավ, տանք ցուցակները, բայց իրենց կայքը վերջնական պատրաստ չէ, խափանումներով է աշխատում, մեզ ասում էին՝ մինչև հուլիսի 1-ը կայքը վեջնականապես պատրաստ կլինի։ Բայց փաստը մնում է փաստ, որ պատրաստ չէ, իմ մեքենաները Վրաստան են գնալու երեկոյան, այսինքն՝ սահմանը հատելուց ես կանգնելու եմ խնդրի առաջ։ Իմ վարորդին առանց այդ թղթի, բնականաբար, թույլ չեն տալու հատել սահմանը։ Բացի այդ, թղթի վրա թույլ չի տալիս 5 հոգուց ավելի մարդու անուն լրացնես։ Հիմա մենք խնդիրը բարձրաձայնում ենք և հույս ունենք, որ օրենքը ուժի մեջ չի մտնի, այնպես, ինչպես, օրինակ, առողջապահության ապահովագրությունն օրենքի ուժ չստացավ, սա իրատեսական չէ։ Օր է լինում, որ մենք 100-ից ավելի ուղևորներ ենք ունենում, ես չեմ կարող այդքանի ցուցակ ներկայացնել»,- ասաց մեզ դիմած քաղաքացիներից մեկը։

Գործընթացը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տիրույթում է, ուստի 168.am ՏԿԵ նախարարի խոսնակ Սոնա Հարությունյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս կարող են քաղաքացիների բարձրաձայնած խնդիրները լուծել, ինչին նա պատասխանեց՝ կայքը, որով պետք է օնլայն լրացնեն ցանկը՝ անխափան աշխատում է։

«Կայքը նորմալ աշխատում է, դիմումի լրացման օրինակելի ձևերը տարածված են։ Հավաստիացնում եմ, որ կայքը չի խափանվել։ Կարող եք ինքներդ էլ փորձել, որ կայքն աշխատում է»,- շեշտեց ՏԿԵ նախարարի խոսնակը։

Տեսանյութեր

Լրահոս