
Սեփականության իրավունքը խախտվում է, ոստիկանությունն էլ որևէ քայլ չի անում. Ալոյան
Քաղաքապետարանի աշխատակիցները «Տաշիր» առևտրի կենտրոնի վրայից հեռացնում են գործարար, բարեգործ Սամվել Կարապետյանի պաստառը: Քաղաքապետարանի ներկայացուցիչները տեղի ունեցողը հիմնավորում են Երևանի ավագանու 2009 թվականի նոյեմբերի 18-ի N 37 որոշմամբ՝ պաստառը դիտարկելով գովազդ։
«Տաշիր»-ի ներկայացուցիչ Վարդան Ալոյանը քաղաքապետարանի գործունեությունը ոչ իրավաչափ է որակում՝ հավելելով, որ ավագանու հիշյալ որոշումը վիճարկելու են դատարանում։
«Նշյալ հիմքը, որին փորձում են հղում անել, վերաբերում է այն դեպքերին, երբ գովազդն ու գովազդակիրը միաժամանակ երկուսն էլ ապօրինի են։ Չնայած ամբողջությամբ ավագանու որոշումն է ապօրինի, որը դատական կարգով վիճարկելու ենք, և երկրորդը՝ անգամ, եթե ապօրինի լիներ, ապամոնտաժումը չի կարող իրականացվել՝ սեփականության իրավունքը խախտելով։ Սեփականության իրավունքը Սահմանադրությամբ պաշտպանված կարևորագույն իրավունք է, որն այս պահին խախտվում է, իսկ ոստիկանությունը որևէ գործողություն չի ձեռնարկում այդ խախտումը վերացնելու համար»,- մանրամասնեց Վարդան Ալոյանը՝ հստակեցնելով, որ փակցված պաստառն ընդամենն իրազեկման ակցիա է։
Անցած շաբաթ էլ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները Հյուսիսային պողոտայից հեռացրին գովազդային էկրանները, որոնց վրա գործարար Սամվել Կարապետյանի լուսանկարն էր, ու գրառումը՝ «Ազատություն Սամվել Կարապետյանին»․ ի դեպ, գովազդային վահանակները տեղադրված էին գործարարին պատկանող «Տաշիր սթրիթ» սրահների մուտքերի մոտ: Նկատենք՝ «Տաշիր» առևտրի կենտրոնը ևս Կարապետյանին պատկանող տարածք է։
Մանրամասները՝ տեսանյութում