«Առանց սրբությունների, անկիրթ ու անդաստիարակ են, ժողովրդից չեն վախենում». Մետաքսե Հակոբյան

«Նախ՝ գործ ունենք այլասերված իշխանության հետ. մեր առջև մարդիկ են՝ առանց արժեքների, առանց սրբությունների, անկիրթ ու անդաստիարակ: Եկեք նորից փաստենք՝ դրանք մեր իշխանություններն են: Ցավալին այն է, որ հասարակությունը ևս տրվում է դրան: Եթե իրենք որոշում են, որ ինչ-որ ժամանակահատված պետք է հայհոյեն, ապա հասարակությունը, քաղաքական դաշտի մեծ մասը լծվում է հայհոյելուն: Եթե իրենք որոշում են, որ հրադադար է, չեն հայհոյում, ապա հասարակությունը հանդարտվում է: Այստեղից պետք է ուղղակի հետևություն անել, որ այո, իրենց ձեռքն ու լեզուն ամենուր է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

«Այս ամենն արդյունքն է նրա, որ այս մարդիկ չեն վախենում իրենց ժողովրդից: Ես բազմիցս ասել եմ՝ իրենք վախենում են բոլորից, բայց ժողովրդից չեն վախենում»,- ասաց նա՝ շեշտելով, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանավորման օրը, երբ ուժայինները մտան Մայր Աթոռ, երևաց, թե որքան է ժողովրդի ուժը:

«Դա ժողովրդի այն քանակը չէր, որը պետք է պաշտպաներ իր եկեղեցին, այն պարագայում, որ զանգերը հնչեցին: Դա եղել է մի անգամ 1918թ., երբ թուրքն էր յաթաղանով հարձակվել և այս փոքրիկ Հայաստանն էր ուզում գրավել, և մեկ դարից ավելի անց, արդեն սեփական իշխանություններից պաշտպանվելու համար եկեղեցին կոչ արեց, և մենք տեսանք՝ ժողովրդի որ հատվածն էր դրսում՝ պաշտպանելու իր եկեղեցին»,- շեշտեց նա:

Կարդացեք նաև

Մետաքսե Հակոբյանը նկատեց, որ Փաշինյանն ինքն իրեն որպես Հիսուս է ներկայացնում. «Այն ժամանակ Փաշինյանին Հիսուսի տեղը դնողներին որպես մոլագար էինք ներկայացնում, հիմա հասկանո՞ւմ եք՝ դա ուր բերեց: Դա բերեց նրան, որ ինքն իրավունք ունենա և կարողանա ժողովրդի մեջ ինչպես մյուս աղանդները մտցնել, որ ինքը այնքան է Հիսուսի մոտ կամ հենց Հիսուսն է, որ կարող է դատել բոլորիս: Եկեք՝ փաստենք, որ այս փուլում ինքը դեռևս շարունակում է հաջողել: Եթե իր կողքին կանգնածներին թվում է, որ հերթն իրենց չի հասնելու… Կամ էն մարդկանց, ովքեր այսօր խելոք առավոտյան գնում են աշխատանքի, երեկոյան գալու են տուն, հերթն իրենց չի հասնելու, հասնելու է, բոլորին է հասնելու: Այս ամենի մի փոքր արդյունք կարող են համարել այն, որ մարդիկ, ովքեր մտածում էին, որ իրենց վախեցած պահելու արդյունքում ապահով են, նրանք նույնպես սկսել են անհանգստանալ»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս