
Տեխնոլոգիական մայրաքաղաքը մեկ շաբաթով տեղափոխվում է Լոռի. Tech Week Vanadzor

Հուլիսի 4-ից 6-ը Վանաձորը կդառնա Հայաստանի տեխնոլոգիական կյանքի կենտրոնը։ Տեղի կունենա Tech Week Vanadzor 2025 միջոցառումը, որը միավորում է տեխնոլոգիական, կրթական, բիզնես և համայնքային ոլորտների ներկայացուցիչներին։
Tech Week-ը հայկական ՏՏ օրացույցի ամենասպասված միջոցառումներից է, որն ամեն տարի տեղափոխվում է տարբեր քաղաքներ՝ նպաստելով մարզերի ներուժի բացահայտմանն ու զարգացմանը։ 2021 թվականին այն անցկացվել էր Արցախում, 2023-ին` Գյումրիում, իսկ այս տարի հյուրընկալ քաղաքը Վանաձորն է։
Տեխնոլոգիան՝ բոլորի համար
Tech Week-ի կազմակերպիչները վստահ են՝ մարզերում տեխնոլոգիական աճի համար բոլոր նախադրյալներն առկա են։ «Վանաձորի ընտրությունն ամենևին պատահական չէ։ Մենք ցանկանում ենք տեխնոլոգիան և դրա հնարավորությունները բերել մարզ՝ տեղում բացահայտելու տաղանդը, միավորելու փորձառու և սկսնակ մասնագետներին, ինչպես նաև ոգեշնչելու նոր սերնդին»,-ասում է միջոցառման կազմակերպչական թիմի ղեկավար Սպարտակ Կյուրեղյանը։
Միջոցառման շրջանակում տեղի կունենան տեխնոլոգիական կոնֆերանսներ, ոլորտային քննարկումներ, գործնական աշխատարաններ, հաքաթոններ և մարքեթինգային դասընթացներ։
Բացի այդ, Tech Week-ը այս տարի առանձնանում է երկու կարևոր նախաձեռնությամբ.
DevHacks հաքաթոն՝ կազմակերպված Layerswap-ի կողմից, որին կմասնակցեն 70 մասնագիտական թիմեր։ 48 ժամվա ընթացքում նրանք կաշխատեն տեխնոլոգիական խնդիրների լուծման վրա՝ միաժամանակ փորձարկելով համագործակցության նոր ձևաչափեր։
«Wings» գաղափարների մրցույթ՝ նախատեսված նորարար ձեռներեցների համար, ովքեր պատրաստ են առաջարկել Լոռու զարգացմանն ուղղված նախագծեր։ Մրցույթը նախատեսված է 16-ից բարձր անձանց համար, թիմային մասնակցությամբ։ Հաղթող թիմերը կմենթորավորվեն և իրենց գաղափարները կներկայացնեն Tech Week-ի բեմում։
«Մենք չենք սահմանափակվում միայն IT ոլորտով։ Տարածաշրջանի զարգացմանն ուղղված գաղափարներ կարող են լինել նաև տուրիզմի, ագրոբիզնեսի և այլ ոլորտներից։ Կարևորը՝ նորարարությունն ու գործնական տեսլականն է»,-ընդգծում է կազմակերպչական թիմի անդամ Գայանե Գրիգորյանը։
Միջոցառման մի կարևոր ուղղությունն էլ համայնքային համագործակցության խթանումն է։ Խոսելու են նաև կարիերայի ընտրության, մասնագիտական կողմնորոշման և մոտիվացիայի մասին։ Լավագույն մասնագետները վարելու են աշխատարաններ՝ ուղղված պատանիներին ու սկսնակներին։
«Արդեն գործող մասնագետների համար մենք առաջարկում ենք հարթակ, որտեղ կարող են ինքնադրսևորվել, համագործակցել և նույնիսկ ստեղծել նոր ընկերություններ»,-ասում է կազմակերպչական թիմի ներկայացուցիչ Խաչատուր Հակոբյանը։
«Tech Week-ի անցկացման գաղափարը 2020 թվականից է սկսել եփվել։ Քանի որ ես ինքս ապրել ու մեծացել եմ մայրաքաղաից հեռու՝ Բերձորում, միշտ տեսել եմ նման նախաձեռնությունների պակաս, միշտ մտածել եմ, թե ինչ կարող ենք անել, որ մարզում ակտիվություն լինի։ 2021 թվականին մենք արեցինք մեր առաջին Tech Week-ը Ստեփանակերտում․ բոլոր կազմակերպչական աշխատանքներն իրականացվել էին ընդամենը մեկ ամսում։ Մեր գաղափարի հիմքում հետևյալն է՝ երեք օրով տեխնոլոգիական կենտրոնը տեղափում ենք մարզ։ Այս տարի իրադարձությունների կենտրոնը Վանաձորն է․ ունենալու ենք տարաբնույթ հետաքրքիր միջոցառումներ»,-միջոցառման «դեսպանների» նշանակման արարողության ժամանակ նշել է Սպարտակ Կյուրեղյանը:
Tech Week-ը կեզրափակվի մեծ համերգով՝ Վանաձորի կենտրոնական հրապարակում։ Իսկ որտեղ կանցկացվի հաջորդ Tech Week-ը՝ կտեղեկացվի միջոցառման ավարտին։