Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» վեպի իրական ուղերձները, ինչի մասին լռում են. ՄԱՍ 1-ին

2022 թվականին վերահրատարակվեց Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» վեպը (Տե՛ս, Չարենց Ե., «Երկիր Նաիրի», Երևան, 2022, «Վերնատուն» հրատ.):

Վեպը հրատարակության էր պատրաստել ՔՊ-ական պատգամավոր Թագուհի Ղազարյանը: Գրքի շապիկի ետնամասում դրվեցին վեպից բացառապես այնպիսի հատվածներ, որոնցում «Նաիրիի միֆական, միրաժային լինելու և կորստի մասին է»:

2022 թվականի դեկտեմբերի 31-ին, երբ թևակոխում էինք դեպի 2023 թվական, ամանորյա ուղերձի ժամանակ ՀՀ դե ֆակտո ղեկավարը նշեց, որ 2023 թվականը հայտարարում է Թումանյանի և Չարենցի ռազմավարական գործերի ընթերցման տարի: Իր ուղերձում նա նշել էր. «Մենք բիբլիական ելքի մեջ ենք և քայլում ենք անապատի միջով՝ Երկիր Նաիրիից մղվելով դեպի 29 հազար 800 քառակուսի կիլոմետր շատ կոնկրետ ձև ու չափ ունեցող Հայաստանի Հանրապետություն: Սա ծանր և վտանգավոր, բայց և անխուսափելի ճամփորդություն է՝ հանուն փրկության, հանուն հանրապետության, հանուն պետականության»: (Տե՛ս Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ – ՀՀ վարչապետի ելույթները և ուղերձները – Լրատվություն – Հայաստանի Հանրապետության վարչապետ):

2023թ. սեպտեմբերի 19-ին ադրբեջանական բանակը գրոհ սկսեց Արցախի Հանրապետության դեմ, օկուպացրեց ամբողջ Արցախը, բնակչությանը ենթարկեց բռնի տեղահանման: Փաստացի կորցրեցինք Արցախը, մնաց միայն Հայաստանի Հանրապետությունը: Իրականացավ ամանորյա ուղերձում ՀՀ դե ֆակտո ղեկավարի առաջ քաշած թեզը՝ «….քայլում ենք անապատի միջով՝ Երկիր Նաիրիից մղվելով դեպի 29 հազար 800 քառակուսի կիլոմետր շատ կոնկրետ ձև ու չափ ունեցող Հայաստանի Հանրապետություն»:

Կարդացեք նաև

2024 թվականից Հայաստանում սկսվեց «Կրթվելը նորաձև է» շարժումը: Այդ շարժման տարածած տեսանյութերում հստակ երևում է, որ պարբերաբար խոսվում է Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» վեպի մասին և առաջ մղվում մի կեղծ գաղափար այն մասին, որ իրական Հայաստանի գաղափար կա Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» վեպում: Այդ կեղծ գաղափարը պարբերաբար ներկայացնում է նաև ՀՀ դե ֆակտո ղեկավարն իր ելույթներում: (Տե՛ս Մենք ճամփորդում ենք Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի»-ից դեպի իրական Հայաստան. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)):

«Կրթվելը նորաձև է» շարժմանը մասնակցում (նաև դրանից դուրս) Եղիշե Չարենցի մասին խոսում են նաև մի շարք գրականագետներ և «գրականագետներ»: Փաստացի 2023 թվականի դեկտեմբերի 31-ից սկսած պետական մակարդակով հանրությանը ներկայացվում է, որ չկա պատմական երկիր, չկա Նաիրին, քանի որ այն միֆ էր ու դատապարտված էր կործանման, ինչպես այդ մասին իբրև թե «փաստել է» Եղիշե Չարենցը: Սակայն նորություն ասած չեմ լինի, եթե գրեմ, որ այս պարագայում ևս փորձ է արվում կեղծել ևս մեկ ազգային արժեք՝ Եղիշե Չարենցին՝ ներկայացնելով նրան իբրև իրենց գաղափարակիցը՝ «իրական» երկիր ունենալու հարցում։ Թեև մեր գործը գրականությունն է։

Այսպիսով, սույն հոդվածի նպատակն է՝ ցույց տալ գրողի իրական գաղափարները «Երկիր Նաիրի» վեպում, որոնց մասին «կրթողները» լռում են։ Հոդվածաշարում, որը կունենա թեմատիկ տարանջատում և բաղկացած կլինի մի քանի մասերից, մենք կխոսենք, թե ովքե՞ր են կեղծում Չարենցին, ի՞նչ նպատակով և ո՞րն է ճշմարտությունը:

Քանի որ Չարենցի կենդանության օրոք «Երկիր Նաիրի» վեպն ունեցել է 4 հրատարակություն: Մենք այս հոդվածում կօգտագործենք «Երկիր Նաիրի» վեպի 1932 թվականի հրատարակությունը, որը խմբագրել է Եղիշե Չարենցը, և այն վերահրատարակվել է 2022 թվականին:

Հավիտենական հիվանդը՝ թուրքը, Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» վեպում

Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» վեպում հստակ ընդգծված է թուրքի կերպարը: Չարենցը վեպում նշում է, թե ո՞վ է թուրքը, ի՞նչ է ցանկանում հայերից և ի՞նչ ծրագրեր ունի մեզ հետ կապված: Վեպում Չարենցը թուրքերի մասին խոսելիս նրանց անվանում է ոսոխ, տաճիկ, թուրք, դարավոր թշնամի, բաշիբոզուկ և այլն: Թուրքին տրված մի շարք անունների կողքին Չարենցը վեպում տալիս է, թերևս, լավագույն անվանական բնութագիրը՝ «Հավիտենական հիվանդ»: Չարենցի ձևակերպմամբ՝ այդ հավիտենական հիվանդի հիվանդագին դրսևորումները մենք տեսնում ենք 20-րդ և 21-րդ դարերում: Թուրքական վայրագությունների և ցեղասպանության մասին Չարենցը ներկայացնում է վեպի մի շարք հատվածներում՝ մասնավորապես վեպի առաջին մասում, երբ նկարագրում է Մշեցի Թաթոյին.

«Այդ մարդը դժբախտ է եղել. Նաիրյան հեռու մի քաղաքում, ջարդի ժամանակ կորցրել է իր ընտանիքը և մերկ, բոբիկ, հասել է այդ քաղաքը և բախտի բերումով բնակություն գտել եկեղեցուն մոտիկ այդ խարխուլ տնակում:…Պատմում է այնտեղի մասին քստմնելի բաներ: Եվ պատմությունը նույնն է լինում՝ կոտորած, կոտորած, կոտորած: -Բռնաբարված կին, կորած երեխաներ: Ու փախուստ-օտարություն՝ մուրացկանի վիճակ»: ( Չարենց Ե., «Երկիր Նաիրի», Երևան, 2022, էջ 36):

Թուրքերի կողմից կատարած Հայոց ցեղասպանության մասին հիշատակումները Չարենցը վեպի տարբեր հատվածներում ևս անում է.

«Գլորվեցին, ինչպես ասացինք, 1914, 15, 16 թվականները, դատարկվեց ու ամայացավ այդ մռայլ տարիներում երկիրը Նաիրի»: «Իրականացան այդ տարիները, դաժան ու անկարելի, այնտեղ-Վանում, Բիթլիսում, Մուշում, Դիարբեքիրում,-այնտեղ-Էրզրումում, Սվազում, Երզնկայում…..»: (Նույն տեղում, էջ 196-197):

Թուրքական վայրագությունները Չարենցը ներկայացնում է վեպի այլ հատվածներում ևս, և անցյալի ցեղասպանական գործողություններից զատ՝ ներկայացվում է նաև 1920 թվականին Կարսում թուրքերի իրականացրած վայրագությունները՝ դրանով իսկ հաստատելով իր՝ թուրքին տրված հավիտենական թշնամի բանաձևը նաև այստեղ․

«Բայց թե ի՞նչ կարող էին անել այլևս նրանք, երբ արդեն մեր նկարագրած քաղաքի համարյա պարիսպների տակ էր ոսոխը, երբ, երկու օր անց, ինչպես հետագայում մանրամասն կիմանանք, դեպքերի թավալգլոր արագությամբ ընկավ նաիրյան այդ քաղաքը, և Հավիտենական ոսոխը ոտք դրեց վառվող քաղաքի մոխիրների վրա…»: (Նույն տեղում, էջ 235):

Թուրքերին և հատկապես Կարսում նրանց իրականացրած ցեղասպանական գործողությունների մասին Չարենցը մանրամասն խոսում է վեպի երրորդ և վերջին՝ «Երկիրը Նաիրի» գլխում: (Տե՛ս նույն տեղում, էջեր 225, 232, 235, 251, 254, 257, 264, 265): Դա հատկապես տեսնում ենք Կարսի բերդի գրավման և դրան հաջորդող արյունալի տեսարաններում.

«Մնացել է բերդը միայն, նաիրյան այս բերդը, որ վաղը ոտնակոխ պիտի արվի Հավիտենական Հիվանդի հորդաների կողմից, պիտի լիզե նորից Հավիտենական Հիվանդի հորդաների ոտները, Հավիտենական հիվանդի թափթփուկ բանակների չաքմաների փոշին»: (Նույն տեղում, էջ 254):

Չարենցը ներկայացնում է պատմական փաստերը, իրողությունները, ամենը, ինչպես կա և եղել է: Այս կետում կողք կողքի դնելով պատմական փաստերը և «Երկիր Նաիրի» վեպում Կարս քաղաքի և Կարսի բերդի գրավման հատվածները, ստանում ենք պատմական փաստերի գեղարվեստականացումը: Իսկ վեպի վերջում արդեն Չարենցը լռության տեքստով ներկայացնում է, թե հավիտենական հիվանդը՝ թուրքը, ինչպես է շարունակում իր ցեղասպանական գործողությունները.

«Մենք չենք պատմի, ընթերցո՛ղ, թե ինչ պատահեց այդ վայրկյանից հետո նաիրյան այդ քաղաքում, որովհետև դա վեր է մեր կարողությունից. Կասենք միայն, որ քաղաքում մնաց բազում ժողովուրդ, որ և սրի քաշվեց ոսոխի հորդաների կողմից»: (Նույն տեղում, էջ 264):

Վեպի սկզբում ոսոխի՝ թուրքի ցեղասպանական գործողությունների հիշատակումով (1915 թվականի ցեղասպանությունը Արևմտյան Հայաստանում, Տե՛ս նույն տեղում, էջ 36, 195, 196, 197), Չարենցը հասնում է իր օրեր, Կարս, 1920 թվական, Կարսի գրավում, Կարսի կոտորած: Ուրվագծվում է թուրքի հավիտենական հիվանդությունը՝ հային կոտորելու ցանկությունը, որ սկսվում է վաղ անցյալից, հասնում Չարենցի ժամանակ և ձգվում մինչև մեր օրեր:

Եղիշե Չարենցն իր «Երկիր Նաիրի» վեպում ներկայացնում է իր ժամանակի պատմական փաստերը: Տրվում է մեր թշնամու գնահատական-բանաձևը՝ հավիտենական հիվանդ, և ներկայացվում է այդ հիվանդության դրսևորումը: Թերևս այս թեման վեպում մեր կողմից արված թեմատիկ տարանջատումներից մեկն էր, որով փորձեցինք ցույց տալ պատմական իրողությունների չարենցյան գեղարվեստականացումը՝ ի հակադրություն մեր օրերի «խաղաղության դարաշրջան», «հարևան երկիր», թուրքի հետ «կողք կողքի ապրել» բանաձևումների։ Նշված մեջբերումներն ու նկարագրություններն առկա են «Երկիր Նաիրի» վեպում, յուրաքանչյուր հայ կարող է բացել գիրքը, կարդալ և վերհիշել, թե ով է թուրքը և ինչ հիվանդագին ու մշտական պահանջ ունի հայից։

Հաջորդիվ կներկայացնենք Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» վեպում հայ դավաճանների և նրանց տրված Չարենցի գնահատականի մասին:

Հ.Գ. Իսկ ինչո՞ւ մեր գրականագետները և «գրականագետները» «Կրթվելը նորաձև է» շարժմանը չեն խոսում այս մասին կամ դրանից դուրս չեն շշնջում ՀՀ ղեկավարի ականջին, որ այս գաղափարը, իրոք, հստակ կա Չարենցի «Երկիր Նաիրի» վեպում և կարող է այդ մասին խոսել հանրության առաջ, ինչը, այս դեպքում, արդեն բացարձակ ճշմարտություն է:

ԱՐԱ ԶԱՐԳԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս