Բաժիններ՝

Վիքիպեդիա. Շտապ օգնությունից արագ

Համացանցում որևէ տեղեկություն փնտրելիս` առաջինը հայտնվում է Վիքիպեդիայի հոդվածը: Այսօր Վիքիպեդիայում կա շուրջ 22 միլիոն հոդված` աշխարհի 285 լեզուներով: Հայերեն հոդվածների թիվն անցնում է 43 500-ից: Սակայն ոչ բոլոր հոդվածներն են հավաստի կամ ամբողջական: Վիքիպեդիան իսկական հեղաշրջում է տեղեկատվական դաշտում, գիտելիքի ստեղծման և ձեռքբերման նոր մշակույթ: Հայաստանում վիքի-նախագծերի համակարգող, տեխնիկական գիտությունների թեկնածու Սուսաննա Մկրտչյանը յուրաքանչյուրին, ով բողոքում է հայատառ Վիքիպեդիայի աղքատիկությունից, հարցնում է.«Իսկ Դո՞ւք ինչ եք արել` այն հարստացնելու համար»: Համակարգիչը տիկին Մկրտչյանի ձեռքին է կյանքի գրեթե բոլոր վիճակներում: Անգամ ապուր պատրաստելիս: Եվ դա տեսնելով` թոռնիկները նրան այդպես էլ կնքել են` Վիքիտատիկ:

– Վիքիպեդիան, թերևս, ամենահարուստ հանրագիտարանն է: Այն նաև տեղեկատվությունը տարածելու և աշխարհին հասանելի դարձնելու ամենաարագ միջոցն է: Իսկ պետությունը շարունակում է լուրջ գումարներ ծախսել, օրինակ, զբոսաշրջությունը զարգացնելուն միտված կայքերի վրա, երբ Վիքիպեդիայի միջոցով այդ ամենը կարելի է անել անվճար:

– Չէի ցանկանա զրույցը սկսել բացասական երանգով: Վիքի-փիլիսոփայությունը ստեղծարար փիլիսոփայություն է: Եկեք ոչ թե քննդատենք, այլ մտածենք` ինչպե՞ս զարգացնենք այն: Այս նախագծում ինձ հիացնում է համագործակցության գաղափարը: Պատկերացրեք` մեր երկրում եթե յուրաքանչյուրս մի շեղված բան ուղղեր, մի լավ գործ աներ, Վիքիպեդիայում ավարտեր լրացումների կարիք ունեցող մի հոդված, թեկուզ մի տառասխալ ուղղերգ Շատ երկրներում այն, ինչ ստեղծվում է պետական միջոցներով, հանրային սեփականություն է համարվում, ուստի կայքերի բովանդակությունը շատ արագ հայտնվում է Վիքիպեդիայում, և կայքերի այցելուների թիվը կտրուկ աճում է:

– Պարզապես ինչ-որ խնդիր շտկելու, լրացնելու համար նախ` պետք է այն տեսնել, ճանաչել: Եթե անգամ երանգը, ինչպես նշեցիք, բացասական է:

– Այդ առումով մեր ակտիվ խումբը քարոզչություն է տանում, կոնֆերանսներ կազմակերպում: Ակնկալում ենք Գիտության և կրթության, Մշակույթի նախարարությունների աջակցությունը` օգնելու տարածել վիքի-գաղափարախոսությունը, որովհետև դա գիտելիքահենք հասարակություն կրթելու ամենաարդյունավետ ճանապարհն է: Վիքի-գաղափարախոսության հիմքում հաջողակ մարդ և հաջողակ պետություն ձևավորելու դրույթներն են: Պետք է լինես ակտիվ, նախաձեռնող (թե՛ մարդկանց մասին է խոսքը, թե՛ երկրների): Ամենալավ համագործակցության սկիզբը քո մասին քննադատություն լսելն է:

– Վիքի-նախագծերից առավել հայտնի է Վիքիպեդիան: Մյուսների մասին գրեթե պատկերացում չունենք` վիքի-պահեստ, վիքի-գրադարան, վիքի-բառարան…

– Վիքիպեդիան «Վիքիմեդիա» հիմնադրամի ամենահաջողված նախագիծն է: Վիքիպեդիան, թերևս, ամենակարևորն է, գիտելիքի շտեմարան է: Հայերեն Վիքիդարանում այսօր կարող են տեղադրվել միայն այն հայ հեղինակների գործերը, որոնց մահվանից անցել է 70 տարի:

Ավելի նոր տեղեկատվությունը կարող է տեղադրվել հեղինակի համաձայնությամբ: Սա հնարավորություն է, որ մեր հեղինակները ներկայացված լինեն ամբողջ աշխարհին, անգամ թարգմանվելու հնարավորություն են ստանում: Վիքիգրքերը համարում եմ շատ կարևոր նախագիծ: Գիտենք` այսօր շտեմարանների, դասագրքերի շուրջ ինչ քննարկումներ են ծավալվել: Պատկերացրեք, որ բոլոր դժգոհողները հնարավորություն ունենային աշխատել վիքիգրքերի վրա: Դժգոհելու փոխարեն` իրենք իրենց լուման կներդնեին:

– Չե՞ք կարծում, որ դասագրքերը, շտեմարաններն, այդուհանդերձ, մասնագետների աշխատանք են ենթադրում:

– Նկատի ունեմ հենց մասնագետներին. չեմ կարծում, որ Վիքիգրքերում ոչ մասնագետները փորձեն շտկումներ անել: Թեև վերջիններիս խելամիտ առաջարկները ևս կարելի է օգտագործել:

– Վիքիպեդիայի գաղափարն ազատությունն է և բարի կամքը: Յուրաքանչյուրը կարող է դառնալ հեղինակ: Գուցե դա՞ է պատճառը, որ Վիքիպեդիայի հատկապես հայալեզու հոդվածները հաճախ թերի են, ոչ այնքան հավաստի:

– Մենք սահմանափակել չենք կարող ոչ մեկի ցանկությունը, և դա հոյակապ գաղափար է` յուրաքանչյուրը կարող է մանակցել: Հիմա շատ տարածված է. «learning by doing»` «Սովորել` անելով» մոտեցումը: Ձեր նշած խնդրին լուծում տալու համար շատ երկրներում ստեղծված է Վիքիպեդիա-ակադեմիա:

Այդ շարժման մեջ գիտնականներ են, դասախոսներ, առհասարակ, մտավորականությունը: Նրանք և՛ խմբագրում են, և՛ հետևում: Մեր ակադեմիկոսները, գիտնականները ևս, վատ չէր լինի, իրենց գիտելիքները ծառայեցնեին հայալեզու Վիքիպեդիայի հարստացմանը, փաստերի ճշգրտմանը: Ի վերջո, դա կամավորական շարժում է, որն, ի դեպ, մարդկանցից մեծ ժամանակ չի խլում: Եթե մասնագետը շաբաթը 10-15 րոպե հատկացնի Վիքիպեդիայի խմբագրմանը, արդյունքը սպասեցնել չի տա: Հանրագիտարանի վրա աշխատում է փոքր խումբ, և եթե նյութերը տեղադրեն նախ Վիքիպեդիայում, որքա՜ն մարդ կարող է արդիականացնել այդ հոդվածները:

Վիքիպեդիայի հոդվածներն ունեն հստակ կառուցվածք, գլխավորն անջատվում է, հոդվածը բաժանված է մասերի: Հանրագիտարանի խմբագրակազմը կարող է օգտվել Վիքիպեդիայից, վերախմբագրել և հրատարակել այս կամ այն հանրագիտարանը: Ի դեպ, Լեհաստանի հանրագիտարանն այդ եղանակով տարին մեկ հրատարակում է նորացված հանրագիտարաններ:

– Որքա՞ն մարդ է այսօր զբաղվում հայատառ Վիքիպեդիայով:

– Շատ ակտիվորեն` շուրջ 250 հոգի: 15.000-ից ավելի գրանցված խմբագիրներ ունենք: Իսկ մարդիկ, որոնք ամեն օր են խմբագրում, 20 հոգի են: Բոլորը կամավորներ են: Ոչ մի երկրում Վիքիպեդիայի խմբագրումները չեն վարձատրվում, և դա ճիշտ է:

– Նկատեցիք, որ «Հեղինակային իրավունքի մասին» հոդվածը որոշակի խոչընդոտներ ստեղծում է Վիքիպեդիան համալրելու առումով:

– Օրինակ` Վիքիպահեստը լուսանկարների, մեդիա-ֆայլերի պահեստ է, որտեղ կարող ենք ներկայացնել մեր երկրի տեսարժան վայրերը, եկեղեցիները: Սակայն այստեղ հենց այդ խնդրի առաջ ենք կանգնում. հուշարձանի նկարն ազատորեն օգտագործել չենք կարող, քանի որ, համաձայն «Հեղինակային իրավունքի մասին» օրենքի, միայն հուշարձանի հեղինակի մահից 70 տարի հետո կարող ենք լուսանկարը տեղադրել ազատ արտոնագրի ներքո:

– Այդ դեպքում չեք կարող լիարժեք աշխատել նաև Վիքիուղեկցորդ նախագծում, որը նախատեսում է անվճար ներկայացնել իր երկրի գրավիչ վայրերը և անվճար տրամադրել ճամփորդական ուղեցույցներ: գԱզնիվ չէ անհամբեր սպասել հեղինակի մահվանն, ապա հաշվել նրա մահվանը հաջորդող 70 տարիները:

– Վիքիուղեկցող նախագծով կարող ենք մեր երկիրը զբոսաշրջիկներին ներկայացնել: Անգամ ամենախուլ գյուղի մի բնակիչ կարող է իր գյուղի տեսարժան վայրերը ներկայացնել և ճանապարհը նկարագրել: Նորվեգիան ունի 4,6 միլիոն բնակչություն և 250.000 վիքիայցելու:

Վիքինախագծերում աշխատելով` մարդն աշխատում է ինքն իր վրա, բարձրացնում են իրենց մտավոր մակարդակը: Եվ պետության համար էլ կարևոր է. հնարավորություն է առաջանում խնայել պետական միջոցները: Շատ եմ ցանկանում, որ մեր թանգարանները ներառված լինեն Վիքինախագծերում: Արտասահմանում թանգարաններն իրենք են շահագրգռված, որ իրենց ամեն մի նմուշ դրված լինի Վիքի-պահեստում, որպեսզի մարդիկ իմանան` ո՞ւր են գնում և ի՞նչ տեսնելու (GLAM նախագիծ): Մատենադարանն այնպիսի՜ հնարավորություններ ձեռք կբերի, եթե գրագետ ներկայացված լինի Վիքինախագծերում:

– Ո՞րն է այն շարժիչ ուժը, որը կարող է մարդուն ստիպել իր ժամանակը և էներգիան ծախսել մի լավ գործի վրա. դիցուք` նստել համակարգչի առաջ և մի կարևոր հոդված զետեղել Վիքիպեդիայում:

– Գիտակցություն, որ մեզնից յուրաքանչյուրից շատ մեծ բան է կախված, և մեզնից յուրաքանչյուրը կարող է փոխել աշխարհը` իր ներկայությամբ, իր ինտելեկտով:

– Դուք պետությունից ոչինչ չեք ակնկալում: Այդուհանդերձ, ինչո՞ւ զրկել պետությանը` Վիքիպեդիայի կարևորությունը հասկանալու հնարավորությունից:

– Առաջնահերթ խնդիրը, որը լուծելու համար անհրաժեշտ է պետության օգնությունը, տարածքի խնդիրն է և «Հեղինակային իրավունքի մասին» օրենքում փոփոխությունների հարցը: Վիքիպեդիան զարգացնելու համար անհրաժեշտ է, որպեսզի մեր երկրին վերաբերող յուրաքանչյուր ոլորտ մասնակից դառնա: Ի վերջո, բոլոր գերատեսչությունները կարող են հետևել գոնե իրենց վերաբերող տեղեկատվության հավաստիությանը: Մեր նախաձեռնող խումբը պատրաստ է ուսուցողական աշխատանքներ կազմակերպել բոլոր գերատեսչություններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս