Ալիևի պատասխանը Չեմբեռլենին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական իրավապաշտպան ելույթն է ունեցել: Այս անգամ նա իր զայրույթն է արտահայտել Արևմուտքում ցույցերն ու հանրահավաքները ցրելու ժամանակ դրսևորվող վայրագությունների նկատմամբ:

«Մենք ամեն օր հեռուստատեսությամբ տեսնում ենք այդ երկրներում ընթացող գործընթացները, մասսայական անկարգությունները: Տասնյակ հազարավոր մարդիկ իրենց բողոքն են արտահայտում: Ճիշտ է նրանց շատ դաժան և կոպիտ ծեծի են ենթարկում և ճնշում: Այդ ամենը մենք տեսնում ենք հեռուստատեսությամբ:

Հասկանալի է, որ դա չի կարելի հանդուրժել: Մենք կոչ ենք անում զարգացած երկրներին զսպվածություն դրսևորել այս հարցում: Չի կարելի մարդկանց այդքան ցավ և տառապանքներ պատճառել: Մարդիկ դուրս են գալիս, որպեսզի արտահայտեն իրենց բողոքը, բայց անհանդուրժելի է, որ դրա համար նրանց ծեծեն մահակներով, թունավորեն գազով, ինչպես ասում են ճնշեն: Այս ամենը հակասում է ժողովրդավարության նորմերին:

Տեսնելով այսպիսի դրսևորումներ այնպիսի երկրներում, որոնք իրենց համարում են ժողովրդավարական, ժողովրդավարության օրորոց, մենք իսկապես զարմանում ենք»,- «Յենի Ադրբեջան» կուսակցության հիմնադրման 2-ամյակաին նվիրված հոբելյանական միջոցառման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Թե ինչու է Ալիևը հանդես գալիս ի պաշտպանություն արևմուտքի երկրների ճնշված ցուցարարների՝ պետք չէ կանխատեսումներ անել: Շարունակելով իր խոսքը՝ Ալիևը տալիս է նաև այս հարցի պատասխանը: Նա ասել է, որ իր խորին համոզմամբ, ինչպես մյուս ոլորտներում, ժողովրդավարության հետ կապված հարցերում ևս Ադրբեջանը կարող է օրինակ ծառայել մյուսներին:

«Ադրբեջանում բոլոր հարցերը լուծվում են քաղաքակրթության նորմերի շրջանակներում: Նման հարցերը պետք է լուծվեն միայն նման ճանապարհով: Մարդկանց մասսայական դժգոհության համար կան պատճառներ: Եթե պատճառ չլիներ, այդքան մեծ թվով մարդիկ դուրս չէին գա փողոց: Իսկ պատճառը պարզ է և հասկանալի. այդ գործողությունները հակասում են ժողովրդավարության նորմերին:

Ադրբեջանում գործում են բոլոր ազատությունները՝ խոսքի, խղճի, մամուլի և ինտերնետի: Բոլոր հարգարժան հյուրերը, ում հետ ես հանդիպում եմ, բարձր են գնահատում մեր կողմից կատարած աշխատանքները: Բայց կան նաև այնպիսինները, ովքեր մեր երկիր են գալիս սադրիչ գործողություններ կատարելու նպատակով:

Սակայն նրանց սադրիչ նկրտումները բացահայտված են: Կան հայամետ ուժեր, հակաադրբեջանական և հակաիսլամիստական ուժեր, որոնք չեն կարող մարսել մեր հաջողությունները: Նման ուժեր կան, և մենք գիտենք թե որոնք են դրանք:

Բայց մեզ արատավորելու նրանց ջանքերը չեն կարող որևէ ազդեցություն ունենալ: Քանի որ, ուզում եմ ես մեկ անգամ կրկնել, թաքցնել, քողարկել Ադրբեջանում ընթացող զարգացումը՝ անհնար է: Մենք ստեղծել ենք բաց հասարակություն, մեզ մոտ առկա են բոլոր ազատությունները: Այսօր Ադրբեջանում ինտերնետից օգտվում է բնակչության 65 տոկոսը, մենք ինտերնետային մալուխներ ենք անցկացնում յուրաքանչյուր գյուղի համար: Այդ դեպքում ինչպե՞ս կարող է խոսք լինել խոսքի ազատությունը խեղդելու մասին: Սա սուտ է և զրպարտություն»:

Թերևս Ալիևը հասկանում է, որ Արևմուտի երկրների ցուցարարներին պաշտպանող իր ելույթները միայն ծիծաղ են շարժում: Բայց Ալիևը մտածում է, որ իրեն ուղղված մեղադրանքներին հակադարձելու միակ ճանապարհը, մեղադրողներին փոխադարձաբար մեղադրելն է: Այսինքն՝ նրանց դեմ սեփական զենքով պատերազմելը: Մյուս կողմից Ալիևը լուծում է նաև ներքին խնդիր. նա ասում է, որ ժողովրդավարությունը, ցուցարարներին ծեծելն ու ճնշելը զուտ ադրբեջանական երևույթ չեն, նման ավանդույթներ կան նաև իրենց մոտ: Իսկ եթե Արևմուտքում ծեծում են, ինչո՞ւ մենք չպետք ծեծենք: Մանավանդ բացահայտվել է, որ սադրիչները հայամետ ուժեր են:

Այս իմաստով Ալիևը օրիգինալ չէ. այդպես են հակադրվել ու հակադրվում գրեթե բոլոր մեղադրյալները: Այսպիսի տրյուկներից ժամանակ առ ժամանակ օգտվել են նաև Հայաստանի իշխանությունները:

Տեսանյութեր

Լրահոս