«Մարդուն ընդամենը պետք է տալ ազատություն, վստահություն, և նա կկարողանա ամեն ինչ հայթայթել»

«Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիցիայի» նախագահ Խաչատուր Մարոզյանի խոսքով՝ այսօրվա դրությամբ հայ ընտանիքի դեմոգրաֆիական պատկերն անմխիթար վիճակում է: Ըստ նրա` վերը նշվածի պատճառները սոցիալական խնդիրները չեն:

«Ես կասեի, որ առաջինը դա մեր արժեհամակարգի հետզհետե կորուստն է, մեր մեծ-փոքր հարաբերություններնը այսօր չեն կարգավորվում արժեքային համակարգով, այլ ընդամենը փողով և կաստային էլեմենտներով՝ այստեղից բխող բոլոր բացասական հետևանքներով: Սոցիալականը թողնենք մի կողմ: Հայ մարդը միշտ էլ կարողացել է աշխատել, ստեղծել: Այսօր ի՞նչն է փոխվել: Հայ մարդը կորցրել է վսահությունն իր ուժերի նկատմամբ: Բնականաբար, սա կորցնելով`առաջանում են հոգեբանկան կոմպլեքսներ՝ բոլոր բացասական հետևանքներով. ընտանիք չի ուզում կառուցել, չի ամուսնանում, դատարաններում 2.5-3 անգամ ամուսնալուծությունների թիվն ավելացել է»,- այսօրվա ասուլիսում ասաց Խաչատուր Մարոզյանը:

Նրա դիտարկմամբ`հայ ընտանիքներում կորել են մեծ-փոքր հարաբերությունները. «Մեծերը քիչ են խոսում՝ մտածելով, որ իրենց լսող չկա, փոքրերն ավելի քիչ են լսում, որովհետև մտածում են`իրենք ավելի խելացի են, և խզվել է սերունդների միջև եղած մեր ավանդական կապը: Հասարակության դեմոգրաֆիական պատկերն անմխիթար վիճակում է ատագնա աշխատանքի և արտագաղթի պատճառով»:

Խաչատուր Մարոզյանի գնահատմամբ՝ հասարակության իրավագիտակցությունը ցածր մակարդակի վրա է գտնվում, ինչը նրանց թույլ չի տալիս ճիշտ և արդյունավետ կողմնորոշվել իրավական դաշտում: Մյուս կողմից, ըստ «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիցիայի» նախագահի, սոցիալական անմխիթար վիճակն անհասանելի է դարձնում փաստաբանների ծառայությունից օգտվելը.

«Արդյունքում առաջանում է իրավական անպաշտպանվածության հոգեբանական կոմպլեքս, որը հղի է հասարակության համար շատ վտանգավոր ֆրուստրացիոն երևույթներով: Սա, ի դեպ, վերջին տարիներին, վերջին շրջանում ի տես բոլորիս կատարվող բոլոր ինքնասպանությունները, ինքնախեղման դեպքերը, նույնպես, եթե ուշադիր լինենք, նամանավանդ կոմպետենտ մարմիները, պետք չէ դա վերագրել միայն այս կամ այն կրոնական կազմակերպություններին, այլ սրա մեջ կան նաև ֆրուստրացիոն էլեմենտներ:

Դա մարդու անպաշտպանվածությունից է գալիս: Ինքն իրեն անպետք զգալով այդ հասարակության մեջ, չգտնելով իր տեղը` ինքնաոչնչացման է գնում: Կան նաև այլ գործոններ, բայց իմ կարծիքով` գերակշիռ մասը մեր մարդկանց մեջ մտած վախն է, իրավական անպաշտպանվածությունը: Հայը կարողացել է միշտ դուրս գալ նման իրավիճակներից, քանի որ ինքնավստահ է եղել: Այսօր մենք ինքնավստահության հետ պրոբլեմ ունենք: Կառավարության ռազմավարական ծրագրերում, որ տարբեր ամբիոններից հնչում են, կա այն միտումը, որ պետք է մենք մարդուն տանք, տանք, տանք ինչ-որ բաներ, թոշակը բարձրացնենք: Ընդամենը պետք է տալ ազատություն, վստահություն, և նա կկարողանա ամեն ինչ հայթայթել»:

Խաչատուր Մարոզյանի խոսքով՝ իրենց ասոցիացիան մշակում է ընտանիքի զարգացման ռազմավարություն, որն առաջարկվելու է ՀՀ կառավարությանը:

 

 

Տեսանյութեր

Լրահոս