Առանց ցնցուղ Հայաստան

Նիկոլ Փաշինյանի «կախիչացնցուղային» եթերաշրջանը, բացի նողկալի զվարճանքից, պարունակում է նաև այլ՝ խորքային շերտեր։ Դրա առիթով հնչող բոլոր գնահատականները, վարկածները (արտահերթ ընտրությունների պատրաստություն, սեփական շրջապատի մաքրում և այլն) այս կամ այն չափով հեռու չեն իրականությունից։ Բայց անգամ ճշգրիտ լինելով, դրանք արտահայտում են տեղի ունեցողի մակերեսային, ընթացիկ առանձնահատկությունները։

Մինչդեռ ավելի խորքային առումով Նիկոլ Փաշինյանի սանհանգուցային փոխակերպումն ամբողջությամբ արտահայտում է նրա իսկ իրականացրած քաղաքականության արդյունքում Հայաստանի՝ որպես պետության, պետական կազմավորման տեղը, կարգավիճակն այսօրվա իրականության մեջ։

Երբ 2021թ.  գարնանը Փաշինյանը հայտարարեց Արցախի հարցի հետ կապված «նշաձողն իջեցնելու» մասին, բոլորին թվաց, թե դա վերաբերում է միայն Լեռնային Ղարաբաղին ու բանակցային գործընթացին։

Իրականում նշաձողն իջեցնելու վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունը  վերաբերում էր ընդհանուր առմամբ հայկական պետականությանն ու պետությանը։ Ընդ որում, հնարավոր է՝ նա դա անգամ չէր էլ գիտակցում և չէր կարող հաշվարկել, որ Արցախի հարցի հետ կապված նշաձողի իջեցումը հանգեցնելու է նաև Հայաստանի՝ որպես պետության, նշաձողի, իմա՝ դերի, նշանակության, կարգավիճակի իջեցմանը։ Բանն այն է, որ Հայաստանն իր նախկին նշաձողն ուներ, ի թիվս բազմաթիվ այլ գործոնների, նաև Արցախի անվտանգության երաշխավորի կարգավիճակի շնորհիվ, որը նորանկախ երկրի կայացման հիմքում դրված իրավաքաղաքական հիմնասյուներից մեկն էր։

Կարդացեք նաև

Իջեցնելով Արցախի հարցի հետ կապված նշաձողը, հրաժարվելով ԼՂ-ի անվտանգության երաշխավորի կարգավիճակից՝ Փաշինյանն առնվազն այդքանով ապամոնտաժեց հայկական պետականությունը, որի հետևանքը պետք է դառնար երկրի ղեկավարի կարգավիճակի իջեցումը կախիչի ամրությունը ստուգող տեսուչի մակարդակի, կամ, որ նույնն է՝ պետության նշաձողի իջեցումը մինչև կախիչի մակարդակի։

Իր ամբողջ տհաճությամբ, սա միանգամայն օրինաչափ վիճակ է, քանի որ, որպես պետական կազմավորում՝ Հայաստանն այսօր տարածաշրջանում, առավել ևս՝ աշխարհում, իրենից գրեթե ոչինչ չի ներկայացնում, և նրա ղեկավարը, լավագույն դեպքում, կարող է զբաղվել տնտեսվարի աշխատանքով։ Այս ամենով հանդերձ, Նիկոլ Փաշինյանի ցնցուղային պոռթկումն ամենայն հավանականությամբ խիստ հաշվարկված է։ Նա հենց այնպես ոչինչ չի անում և ուղղակի չի մտնում ծաղրածուի դերի մեջ։

Դա նշանակում է, որ բոլոր նրանք, ովքեր զբաղվում են Փաշինյանի քարոզչական մոդելավորմամբ, գնահատել են, որ ջրմուղագործի նրա դերը կարող է դուր գալ հասարակության առնվազն որոշակի շերտի։ Այդ հաշվարկն ամենայն հավանականությամբ սխալ չէ։

Կարելի է, իհարկե, հասարակության այդ շերտի մասին խոսել հեգնանքով, քաղաքակրթական բարձր դիրքից ծաղրել դրան մաս կազմողներին։ Բայց դա ամենաշատը կծառայի հենց Նիկոլ Փաշինյանին, քանի որ նրա «բարկացած ղեկավարի» դերով հիացած քաղաքացիները, լսելով իրենց հասցեին վիրավորանքի ու ծաղրի հերթական չափաբաժինը, ավելի ամուր կապերով կկապվեն իշխանության հետ։

Հետևաբար, այս խայտառակությամբ իրապես մտահոգ բոլոր անհատների, քաղաքական ուժերի խնդիրը պետք է լինի ոչ այնքան Նիկոլ Փաշինյանի արածը ծաղրելն ու դրա նպատակները բացահայտելը, որքան այդ էժան քարոզչության թիրախային խմբերի հետ այլընտրանքային հաղորդակցության, երկխոսության մեթոդներ ու ասելիք մշակելը։

Դա չի նշանակում Փաշինյանի պոկած կախիչը տեսախցիկների առաջ պոկել ձեռքի ավելի պլաստիկ շարժումով կամ ցնցուղը քանդել հակառակ ուղղությամբ։ Դա նշանակում է այդ քարոզչության թիրախային խմբերի համար մատչելի կերպով տեսանելի դարձնել, որ պետության ղեկավարի խնդիրը ոչ թե տնտեսվարի աշխատանքն է, այլ կառավարման այնպիսի համակարգ ստեղծելը, որում յուրաքանչյուր տնտեսվար կկատարի իր պարտականությունները և դա կկատարի ոչ այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանն է կատարում իր պարտականությունները՝ վարչապետի պաշտոնում։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս