Փաշինյանի հանցավոր արկածախնդրության համար կվճարի քաղաքացին
Պետության ցանկացած քայլ, քաղաքականություն ունի՝ ինչպես հնարավորություններ, այնպես էլ՝ ռիսկեր։ Հատկապես, երբ խոսքը վերաբերում է կտրուկ, շրջադարձային քայլերին ու որոշումներին։
Խելամտությամբ առաջնորդվող իշխանությունն այս կամ այն քայլին դիմում է միայն այն ժամանակ, երբ գոնե նախնական գնահատմամբ՝ դրա հնարավորություններն ու ռիսկերը նվազագույնը հավասարակշռված են, լավագույն դեպքում՝ հնարավորությունները գերակշռում են ռիսկերին։ Ցանկացած այլ գնահատման պարագայում, երբ ռիսկերն ավելին են, քան երևակվող հնարավորությունները, այդ որոշումը, քաղաքականությունն ուղղակի անթույլատրելի է։ Սա պետական կառավարման տարրական կանոն է, որը որևէ իշխանություն պարտավոր է պահպանել առանց քննարկման։
Հիմա Հայաստանի իշխանությունը ցանկանում է փոխել երկրի արտաքին քաղաքական վեկտորը։ Մամուլում հայտնված ու չհերքված տեղեկությունների համաձայն, Նիկոլ Փաշինյանը որոշել է մինչև տարեվերջ Եվրամիության (ԵՄ) անդամության թեկնածուի հայտ ներկայացնել։ Սա արտաքին քաղաքական լրջագույն որոշում է, որն ունենալու է՝ ինչպես հնարավորություններ, այնպես էլ՝ ռիսկեր։
Ընդունենք՝ հնարավորությունների մասով ամեն ինչ պարզ է՝ բարեկեցիկ, ժողովրդավարական Եվրոպային մաս կազմելու անդամության թեկնածուի կարգավիճակը հրապուրիչ է և կարող է թեկուզ երկարաժամկետ հեռանկարում Հայաստանին զարգացած երկիր դարձնել։ Հնարավորությունների հետ մեկտեղ, սակայն, այս որոշումն ունի չափազանց վտանգավոր, ընդհուպ՝ գոյաբանական բնույթի ռիսկեր։ Քանի որ դրա իրագործման արդյունքում Ռուսաստանը Հայաստանում ու տարածաշրջանում լրջագույն վնասներ է կրելու, ընդհուպ կարող է դուրս գալ ռեգիոնից, դա ՌԴ-ի համար գրեթե թշնամական քայլ է։ Անկախ Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքից ու վերջին տարիներին Հայաստանի հանդեպ դրսևորած ոչ դաշնակցային գործելակերպից, կարևոր է հասկանալ, որ Ռուսաստանն այդ որոշմանը հակազդելու է՝ սկսած տնտեսականից, վերջացրած ընդհուպ ռազմական ու պատերազմական միջոցներով։ Այդ ռիսկերն ահա իշխանությունների կողմից ոչ միայն չեն գնահատվել, այլ ուղղակի անտեսվում են։
Մանկամտություն է կարծել, որ դրանք կարող են չեզոքացվել Արևմուտքից հնչող հավաստիացումներով, բայց Հայաստանի իշխանությունը հենց այդպես էլ վարվում է։ Հնարավորությունների ու ռիսկերի գնահատումն ինստիտուցիոնալ գործառույթ է, այն չի կարող իրականացվել մեկ անձի, անգամ՝ մի քանի անձերի միջոցով։ Հայաստանում, սակայն, տեղի է ունենում ճիշտ հակառակը։
Նիկոլ Փաշինյանը, գուցե, իր մերձավոր շրջապատի մի քանի անդամներով կայացրել է պետությանը վարդագույն հնարավորություններ խոստացող ու չարագուշակ ռիսկերով սպառնացող որոշում, որի հնարավոր հետևանքները գնահատելու, կշռելու փոխարեն՝ պետական ողջ համակարգը զբաղված է դրա իրագործմամբ։ Սա հերթական ցցուն վկայությունն է, որ Հայաստանում գործառութային ժողովրդավարություն գոյություն չունի, իշխանությանը զսպող ու հակակշռող համակարգերը վերածվել են մեկ կամ մի քանի անձերի որոշումները սպասարկողների։
Իսկ հասարակությունը, որ ավելի շատ լսում է իշխանությունների կեղծ հույսեր տվող անհիմն խոստումներն ու եվրոպական պայծառ ապագայի մասին լեգենդները, ամբողջ խորությամբ տեղեկացված չէ դրա հնարավոր ռիսկերի մասին։
Հասարակության մեծ մասը չգիտի նաև, որ հենց ի՛նքն է վճարելու Նիկոլ Փաշինյանի ու նրա շրջապատի հանցավոր արկածախնդրության համար, այն դեպքում, երբ նրանց կայացրած որոշման ռիսկերի իրացման փուլում իրենք արդեն հասցրած են լինելու ապահով, ֆինանսական մեծ կարողություններով հայտնվել որևէ տեղ Արևմուտքում։
Հարություն Ավետիսյան