Ուրիշ ոտքեր կախիչներին թող մոտ չգան

Հայաստանի քաղաքական ու սոցիալական հարաբերությունների այլասերումը գտնվում է մարզադահլիճի պատից պոկվող կախիչի ու սահմանի խրամատում զինծառայողի մահվան միջակայքում։

Առաջին դեպքում՝ թերացման համար պետության ղեկավարն իբրև թե պատասխանատու պաշտոնյաներին ազատելու ցուցադրական տեսարաններ է բեմադրում, երկրորդում՝ ընդ որում, նույն օրը բանակում արձանագրված մահվան ելքով միանգամից երկու միջադեպերի պարագայում չի հետևում պաշտպանության նախարարի հրաժարական։

Խնդիրը տվյալ դեպքում պաշտպանության չազատված նախարարի կամ արդեն իսկ պաշտոնանկ արված մարզպետների անձերը չեն։

Նրանք բոլորը՝ անկախ իրենց անուններից ու ազգանուններից, հավատարմորեն ծառայում են Նիկոլ Փաշինյանին, վերջինս էլ նրանց հետ վարվում է սեփական ներքինիների հանգույն։

Կարդացեք նաև

Պետական կառավարման համակարգում առկա ամենաթողության այս երկու արտահայտությունները, բայց, որ ավելի կարևոր է՝ դրանցից յուրաքանչյուրին Նիկոլ Փաշինյանի արձագանքը, բացահայտում են այն արժեքային, արժեբանական այլասերումը, որն իր ուղերձներով իշխանությունը փոխանցում է հասարակությանը։ Պոկվող կախիչի կամ անորակ ցնցուղի պարագայում հիմքում փողն է, «բարեխիղճ հարկատուների միջոցները», որոնք մսխվում են անբարեխիղճ պաշտոնյաների վատ աշխատանքի պատճառով, Նիկոլ Փաշինյանն էլ՝ որպես հարկատուների յուրաքանչյուր «կոպեկի համար դողացող ղեկավար», պատժում է ատկատասեր չինովնիկներին։

Այսպիսով, հասարակությունը երկրի ղեկավարից ուղերձ է ստանում այն մասին, որ փողը, նյութական արժեքը նրա համար «կարմիր գիծ է», որը հատողը չի ներվում, եթե անգամ մերձավոր թիմակից է։

Բանակում առկա խայտառակ իրավիճակը, պետության մակերեսային վերաբերմունքը զինված ուժերին հանգեցնում են մահվան, կոնկրետ նախօրեի միջադեպերի պատճառով՝ երկու երիտասարդների մահվան։ Դրան Նիկոլ Փաշինյանն արձագանքում է հերթապահ մի խորհրդակցությամբ, որը, ի դեպ, կայանում է ոչ թե այդ միջադեպերի առիթով, այլ ՊՆ-ի տարեկան հաշվետվության քննարկման նպատակով։ Դրա ընթացքում նա նույնքան հերթապահ «հանձնարարականներ է տալիս», տեսախցիկների առաջ մասնակցում է իրեն պատիվ տվող բարձրաստիճան զինվորականների նվաստացման հերթական տեսարանին, և վերջ։

Պաշտպանության նախարարը շարունակում է պաշտոնավարել։ Եվ կրկին, խնդիրը նրա անձը չէ, Պապիկյանի փոխարեն հաստատ կգտնվի ոչ պակաս կամակատար մեկ ուրիշ քպ-ական։

Շատ ավելի վտանգավոր է այն ենթագիտակցական ուղերձը, որ այս երկու միջադեպերի բերումով հղում է իշխանությունը. կարևորը փողն է, նյութականը, որը չարաշահելու համար պաշտոնյաները պատժվում են, իսկ մարդկային կյանքի պարագայում կարելի է պատմությունը փակված համարել «հանձնարարականներով»։

Վտանգավոր է նաև այն, որ հասարակությունը բանակում սպանվող կամ ինքնասպանություն գործող զինվորականին վերաբերվում է որպես օտարի, եթե, իհարկե, անձամբ չի ճանաչում, մինչդեռ անորակ ցնցուղի մեջ նույնականացնում է իր փողը, այսինքն՝ իրեն՝ այդպիսով ձևավորելով համապատասխան վերաբերմունք և արժեքային նախընտրություն։

Ինչ վերաբերում է պաշտոնյաներին, ապա անձամբ Նիկոլ Փաշինյանի համար նման միջադեպերը, որքան էլ անմարդկային է հնչում, հրաշալի միջոց են սեփական ենթականերին էլ ավելի կառավարելի դարձնելու համար։

Բանակում արձանագրվող մահվան ամեն մի դեպքից հետո Պապիկյանի նկատմամբ նրա ազդեցության աստիճանն ավելի է մեծանում (կարող էի պաշտոնանկ անել, բայց չեմ անում), յուրաքանչյուր անորակ ցնցուղ ավելացնում է ԿԳՄՍ՝ պաշտոնանկ չարված նախարարի  հավատարմության չափաբաժինը։

Իսկ հասարակությունը շարունակում է սերիալային հետաքրքրությամբ հետևել սեփական դեգրադացմանը՝ իրեն նույնացնելով ոչ թե սպանվող եղբոր, այլ պոկվող կախիչի հետ։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս