Հանդուրժվող այլասերման էժանագին չհանդուրժումը․ ներկայացում 3 գործողությամբ
Հեռուստաընկերությունների ամանորյա շոուների անորակությունն ու հանրությանը զբաղեցնելու անկարողությունն այս տարի փոխհատուցեց Նիկոլ Փաշինյանը՝ նոր տարվա առաջին աշխատանքային օրը բեմականացնելով «բարկացած ղեկավար» ներկայացումը՝ վախեցած նախարարի, ահաբեկված մարզպետի, կռացող կոմիտեի ղեկավարի տեսարաններով։
Նախարարից բացի, մյուս երկուսն ազատվեցին իրենց պաշտոններից, նախարարի պաշտոնավարության շարունակության համար էլ երևի վճարը կլինի քարոզչական անձնազոհության մակարդակի բարձրացման տեսքով։
Փաշինյանի մասնակցությամբ հոլովակը, իհարկե, ոչ այնքան զվարճալի էր, որքան նողկալի։
Կռացող տղամարդու պատկերն ամենահաճելի տեսարանը չէ, որ կարելի է ցուցադրել հեռուստատեսությամբ։ Բայց խնդիրը շատ ավելի խորքային է, քան ինչ-որ պաշտոնյայի ցուցադրական նվաստացումը։
Բացառված չէ անգամ, որ այդ պաշտոնյան նախապես տեղեկացված է եղել սպասվող ներկայացմանը, հնարավոր է՝ կախիչը միտումնավոր թուլացվել է, գուցե անգամ դրա պոկման ու շպրտման միզանսցենն է փորձարկվել։ Այդ մարդիկ՝ աշխատելով փաշինյանական կառավարությունում, այսպես թե այնպես, անցել են ինքնանվաստացման և նվաստացման բազմաթիվ փուլեր, և նրանց իրավունքների պաշտպանությամբ կարող է զբաղվել առավելագույնը սեփական իշխանության ՄԻՊ-ը։
Շատ ավելի կարևոր են այն թաքնված ուղերձները, որոնք այդ ներկայացման միջոցով Նիկոլ Փաշինյանը փոխանցում էր հանրությանը, իր իշխանությանը մաս կազմողներին, պաշտոնյաներին, բոլորին, մի խոսքով։
Բեմականացման գլխավոր նախադասությունը «չեմ հանդուրժելու» արտահայտությունն էր, որով Փաշինյանը ցանկանում էր մի կողմից՝ ընդգծել սեփական անձի կարևորությունը, մյուս կողմից՝ ծաղրել հասարակությանը, քաղաքական ուժերին, բոլորին, մի խոսքով։ Իրավական, ժողովրդավարական երկրներում որևէ ղեկավարի, անգամ ամենաբարձրաստիճան ղեկավարի «չհանդուրժելու» ինստիտուտ գոյություն չունի։ Չհանդուրժման բոլոր դրսևորումները կարգավորում են սահմանադրական, իրավական կառուցակարգերով։ Որևէ պաշտոնյա պետք է աշխատի ոչ թե այն պատճառով, որ երկրի ղեկավարը հանդուրժում է նրան, այլ՝ որովհետև նա բավարարում է սահմանված պահանջներին։ Նույն կերպ այս կամ այն չինովնիկը պետք է հեռացվի պաշտոնից ոչ թե իր ղեկավարի չհանդուրժման արդյունքում, այլ՝ որովհետև չի համապատասխանում պաշտոնին ներկայացվող չափանիշներին ու չի կատարում իրեն վերապահված գործառույթները։
«Չեմ հանդուրժելու» արտահայտությամբ, սակայն, Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ցույց է տալիս, որ Հայաստանը դասական ավտորիտար, անձնիշխանություն ունեցող երկիր է, որում բոլորը կախված են իր կամքից/հանդուրժումից։
Նոր տարվա առաջին օրը ներկայացված տեսահոլովակը, այսպիսով, անձի՝ իշխանության կողմից բացարձակորեն այլասերվելու վավերագրություն էր, որի բանալի բառը «հանդուրժումն» է։
Նման իրավիճակը հնարավոր է դարձել այն պատճառով, որ հայ հասարակությունը, քաղաքական ուժերը, պաշտոնյաներն ու մնացած բոլորը հանդուրժել են Նիկոլ Փաշինյանին՝ արցախյան երկրորդ պատերազմում կրած ողբերգական պարտությունից, Հայաստանի ինքնիշխան տարածքները թշնամուն հանձնելուց, Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուց, արցախահայերի բռնի տեղահանմանը որևէ կերպ չխոչընդոտելուց ու բազմաթիվ անհանդուրժելի արարքներից հետո։
Նիկոլ Փաշինյանն այսպիսով՝ այս գռեհիկ ներկայացմամբ, բոլորին պատասխանում է՝ քանի որ ու քանի դեռ ինքը հանդուրժվում է՝ որպես Հայաստանի ղեկավար, նա հանդուրժելու է այն, ինչ ինքն է ցանկանում (օրինակ՝ Ադրբեջանի ոտնձգությունները, Արցախի օկուպացիան, Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավը, Հայոց պատմության այլասերումը, և այդպես շարունակ), և չի հանդուրժելու այն, ինչն իրեն դուր չի գալիս։
Հայ հասարակության, քաղաքական դաշտի համարժեքության դեպքում Նիկոլ Փաշինյանը լավագույն դեպքում կարող էր չհանդուրժել կալանավայրի սննդի անորակությունը կամ զբոսանքի կարճ ժամանակահատվածը։
Բայց քանի որ արդեն երեք տարի է՝ հանդուրժվում է իր տիեզերական մասշտաբի անհանդուրժելիությունը, հիմա զբաղված է չհանդուրժման էժան տեսարաններ բեմադրելով։ Նա չի ասում, բայց ակնարկում է, որ հասարակությունն արժանի է դրան այնպես, ինչպես իր կողմից նվաստացվող արդեն նախկին պաշտոնյաները։
Հարություն Ավետիսյան