Հայաստանը կարող է վերանվանվել․ ընդունվում են առաջարկներ

Հայաստանի իշխանության ավտորիտար, անձնակենտրոն բնույթի խորացման մասին ահազանգերը երբեն հնչում են՝ որպես սոսկ քաղաքական գնահատականներ, որովհետև հասարակությունն ավելի շատ լսում է այդ ահազանգերին իշխանության ներկայացրած պարզունակ պատասխանները։

Բայց նույն իշխանությունը, պետական կառավարման ողջ համակարգն իր գործողություններով ամրապնդնում է երկրի ավտորիտարացման մասին բոլոր մտահոգությունները։

Ամենաթարմ օրինակը Նիկոլ Փաշինյանի կողմից Հայոց պատմությունը «Հայաստանի պատմության» վերանվանելու մասին անհեթեթ, հակագիտական, բայց միևնույն ժամանակ՝ չափազանց վտանգավոր հայտարարությունն էր, որից ընդամենը մեկ շաբաթ անց նաև կրթությամբ զբաղվող երկարանուն նախարարությունը նախաձեռնել է դրա իրականացումը։

«Հայոց պատմություն» առարկայի անվանումը «Հայաստանի պատմություն» անվամբ փոխելու մասին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջարկության նախագիծն արդեն շրջանառվում է Իրավական նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Կարդացեք նաև

ԿԳՄՍՆ-ի ողջ մեթոդական բաժինը, պետական այլ կառույցներ մեկ շաբաթ ճգնել և Փաշինյանի ցանկությունը հիմնավորելու համար երկնել են հետևյալ ծիծաղելի հիմնավորումը․

«33-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված է, որ «Հայրենագիտություն» և «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառների շրջանակում հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 5-6-րդ դասարաններում ներկայացվում են Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը և կրոնը, աշխարհագրությունը, հասարակական կյանքի ոլորտները, իսկ ՀՊՉ 35-րդ կետում՝ որպես պարտադիր առարկա, ներկայացված է «Հայոց պատմություն» առարկան։ «Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխելով «Հայաստանի պատմություն» անվամբ` վերանում է ՀՊՉ-ի 33-րդ և 35-րդ կետերի սահմանումներում առկա անհամապատասխանությունը։ Արդյունքում ավելի հստակ է դառնում առարկայի անվանումը, որի շրջանակներում ուսումնասիրվելու են հայկական պետականության և հայ ժողովրդի պատմության տարբեր ժամանակաշրջաններում տեղի ունեցած իրադարձությունները»։

Սա, իհարկե, արվել է զուտ ձևական, իրավական պահանջը պահպանելու համար։ Այդ գաղափարից ոչ պակաս անհեթեթ փաստարկով իր կամակատարությունը հիմնավորելու փոխարեն՝ ավելի ազնիվ կիներ, եթե ԿԳՄՍՆ-ն հայտարարեր, որ «այդ քայլն իրականացվում է, քանի որ այդպես է կամեցել մեծ առաջնորդը»։
Իրականությունն այն է, որ Հայաստանն այլևս վերածվել է երկրի, որի ողջ պետական կառավարման համակարգը, տասնյակ նախարարություններն ու մի քանի տասնյակ այլ գերատեսչություններ ոչ թե զբաղված են համակարգային, պետական շահերի հիման վրա խարսխված գործունեությամբ, որի արդյունքներով պետության ղեկավարն այս կամ այն հայտարարությունն է անում, այլ հակառակը՝ վերջինս կարող է ըստ սեփական տրամադրության կամ ըստ աշխարհաքաղաքական պատվերի՝ անգամ անհեթեթ մտքեր հայտնել, որոնց հիմնավորմանն ու իրագործմանը լծվում է ողջ պետական համակարգը։

Սա ավտորիտարիզմի դասական դրսևորում է։ Իշխանության այսպիսի դեֆորմացիան կարող է ունենալ չափազանց վտանգավոր ու այս պահին աներևակայելի թվացող հետևանքներ։

Օրինակ, մի օր Նիկոլ Փաշինյանը կարող է հայտարարել, որ ինչ-որ գյուղի ակումբի գրադարանավարից լսել է Հայաստանը վերանվանելու առաջարկ և դա իրեն շատ դուր է եկել։

Դրանից մեկ շաբաթ անց որևէ գերատեսչություն կարող է հանդես գալ Հայաստանը վերանվանելու նախաձեռնությամբ և անգամ նոր անվանման մրցույթ հայտարարել։

Բոլոր նրանք, ովքեր դա այսօր անհավանական կհամարեն, կարող են հիշել՝ արդյոք հինգ տարի առաջ պատկերացնո՞ւմ էին, որ Հայաստանի ղեկավարն Արցախը ճանաչելու է Ադրբեջանի կազմում, իսկ, օրինակ, Գորիս-Կապան ճանապարհը նվիրվելու է Ադրբեջանին, կամ էլ, որ Հայոց պատմությունն իր ամբողջականությամբ դադարելու է դասավանդվել դպրոցում՝ վերանվանվելով Հայաստանի պատմություն։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս