Զելենսկին Պուտինին ասֆալտին կծեփի Երևանի փողոցներում
Հայաստանի իշխանությունների կողմից վարվող արտաքին քաղաքականությունը, որոշակի առանձնահատկություններով, սկզբունքորեն նման է նրան, ինչի միջոցով Նիկոլ Փաշինյանը 2018թ․ հասավ իշխանության և մինչև օրս պահպանում է այն։ Վեց տարի առաջ նա իշխանության եկավ առավելապես հանրությանը տարանջատելու, նախկինների ու ներկաների, արդար աղքատների և թալանչի հարուստների բաժանելու թեզերով։ Արդեն իշխանության հասնելուց հետո հասարակության բարիկադավորման քաղաքականությունն ամբողջացավ սևերի ու սպիտակների չարագուշակ բանաձևում։
Իր ողջ պարզունակությամբ ու գարշելիությամբ, այդ բանաձևը Փաշինյանին օգնեց պահպանել իր իշխանությունն անգամ 2020թ. աղետալի պատերազմից հետո։ Մարդկանց սորտավորումը, հասարակության պառակտումը, բաժանումն ու ատելության խոսքով իրար հակադրումը գրեթե զրոյացրեց հանրային համախմբման հնարավորությունը՝ ամրապնդելով նրա իշխանությունը։
Եվ, հավանաբար, առաջնորդվելով արդարացված նախադեպի փորձով, Նիկոլ Փաշինյանը, արդեն տևական ժամանակ է, արտաքին քաղաքականություն է վարում գրեթե նույն սկզբունքով՝ Հայաստանի հետ հարաբերվող պետություններին, դաշնակից, բարեկամ, չեզոք ու թշնամի երկրներին տարանջատելով սևերի ու սպիտակների։ Այդ տարանջատման մեջ հիմա բոլոր արևմտյան երկրներն ու կառույցները դասվում են սպիտակների, մնացյալ աշխարհը՝ սևերի շարքին։ Իշխանական մանր ու միջին դեմքերը, քարոզչական ամենատարբեր խոսնակներն Արևմուտքից հնչող ցանկացած զկրտոց ներկայացնում են՝ որպես երկնային մանանա, և հակառակը՝ Ռուսաստանի, ոչ արևմտյան տիրույթի կողմից կատարվող ցանկացած քայլ պիտակավորում են ճիշտ այնպես, ինչպես ժամանակին վարվում էին «նախկինների» հետ։
Բարձրաձայն դեռ չի հայտարարվում, բայց անուղղակիորեն հասկացվում է, որ սևերի ու սպիտակների այս տարանջատման սկզբունքով Թուրքիան ու Ադրբեջանը ևս դասվում են սպիտակների շարքին։
Հասկանալի է, որ ինչպես Արևմուտքի, այնպես էլ Ռուսաստանի վարած քաղաքականությունը խիստ բազմաշերտ է, բազմագործոն, որովհետև միջազգային հարաբերություններում չկան և չեն կարող լինել միագիծ քաղաքականություններ։ Խնդիրն այն է, սակայն, որ եթե ներքաղաքական կյանքում հանրային բարիկադավորումն ու տարբեր խմբերի հակադրումը՝ որպես հետևանք, ամրացնում է իշխանությունը՝ հանրային մոբիլիզացիայի թուլացման հաշվին, ապա արտաքին քաղաքականության մեջ նույն սկզբունքով երկրների տարանջատումը՝ որպես հետևանք, անդառնալիորեն թուլացնում է պետության դիրքերն ու դիմադրողականությունը։ Մեզ հետ հարաբերվող պետություններին սևերի ու սպիտակների բաժանելով՝ Նիկոլ Փաշինյանն առանց այդ էլ հակադրության մեջ գտնվող այդ բևեռների համար Հայաստանը դարձնում է կոնֆրոնտացիայի ևս մեկ, բայց արդեն շատ տաք կետ, որտեղ դրանք կարող են իրենց հաշիվները մաքրել հայկական պետականության հաշվին։
Հասարակությանը սևերի ու սպիտակների բաժանելով՝ Նիկոլ Փաշինյանը կարողացել է պահպանել ու դեռ պահպանում է իշխանությունը։ Սակայն արտաքին քաղաքականության մեջ սևերի ու սպիտակների բաժանման արկածախնդրության շարունակման դեպքում Հայաստանի պետականության պահպանման հնարավորություններն ամեն օրվա հետ մոտենում են Նիկոլ Փաշինյանի գահավիժող վարկանիշին։
Հարություն Ավետիսյան