Թուրքական արտադրության ինքնիշխանություն

Արցախին ու Հայաստանին պատուհասած բոլոր աղետները Նիկոլ Փաշինյանն արդարացնում է իբրև թե ինքնիշխանության պաշտպանությամբ։ Արցախը կորցրե՞լ ենք, հոգ չէ, կարևորը՝ ինքնիշխան ենք, Հայաստանը հայտնվել է ռազմական ամենօրյա սպառնալիքի վտանգի առջև՞, էլի ոչ մի խնդիր, փոխարենը՝ ինքնիշխան ենք…  Ինքնիշխանության թեզը մատուցվում է այնպես, որ Հայաստանը տասնամյակներ շարունակ կախվածության մեջ է եղել Ռուսաստանից, որ վերջինս ոտնահարել է ՀՀ ինքնիշխանությունը, և Փաշինյանը, ահա, եկել ու երկիրն ազատագրում է ռուսական լծից։

Այս թեզի մի մասը մոտ է ճշմարտությանը․ այո, Հայաստանը բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով կախված է եղել ու է՛ Ռուսաստանից, վերջինիս դոմինանտությամբ ստեղծված կառույցներին՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ և այլն, քաղաքական նպատակահարմարությամբ պայմանավորված՝ զիջել է իր ինքնիշխանության մի մասը՝ պետության համար կենսական մի շարք խնդիրների լուծման նպատակով։ Արդյո՞ք ամբողջությամբ լուծվել են այդ խնդիրները, արդյո՞ք ինքնիշխանության սահմանափակումն արդյունավետ է եղել, այս և բազմաթիվ այլ հարցեր քննարկելի են։ Ինչպես որ քննարկելի է խնդիրը, թե պետությունը միջազգային հարաբերություններին, արտաքին տնտեսական և անվտանգային համակարգերին ինտեգրվելիս՝ իր ինքնիշխանության ո՞ր մասը պետք է զիջի, որովհետև այսօր բացարձակ սուվերեն պետություններ չկան, անգամ խոշոր տերությունները զիջում են դրա մի մասը՝ համաշխարհային գործընթացներին մաս կազմելու համար։

Այսինքն` այն, որ Հայաստանի ինքնիշխանությունը սահմանափակված է, ճիշտ է։ Իսկ ահա իշխանական քարոզչության մյուս մասը, որ իբրև թե Փաշինյանը Հայաստանին ինքնիշխանություն է պարգևում, մեծագույն սուտ է, ինչն ապացուցվում է ամենաթարմ իրադարձություններով։ Իրականում նա ընդամենը փոխում է ՀՀ ինքնիշխանության սահմանափակման ուղղությունը՝ ռուսականից դարձնելով ադրբեջանաթուրքական։

Ամենացայտուն օրինակներն արձանագրվել են վերջին ամիսներին։ Ադրբեջանի պահանջով Հայաստանի ինքնիշխան տարածքում՝ Երասխում, կառուցված մետալուրգիական գործարանը տեղափոխվել է մեկ այլ վայր, այսինքն՝ Ադրբեջանն ամենակոպիտ կերպով ոտնահարել է ՀՀ տնտեսական ինքնիշխանությունը։

Կարդացեք նաև

 Մի քանի ամիս է՝ Փաշինյանը զբաղված է ՀՀ նոր Սահմանադրության ընդունման քարոզչությամբ, դա կրկին Ադրբեջանի ու նաև Թուրքիայի պահանջն է։ Այսինքն՝ Ադրբեջանը, այս դեպքում՝ նաև Թուրքիան, ուղղակիորեն ոտնահարում են ՀՀ իրավական, սահմանադրական ինքնիշխանությունը։

Ադրբեջանն արդեն երեք տարի օկուպացիայի տակ է պահում ՀՀ ինքնիշխան տարածքները, այսինքն՝ ոտնահարել է նաև տարածքային ինքնիշխանությունը։ Այսպիսով, եթե անգամ Փաշինյանի քաղաքականությունն անվանենք ՀՀ ինքնիշխանության ազատագրում, ապա ստացվում է, որ նա ընդամենը Հայաստանի ինքնիշխանության սահմանափակումը ռուսական տիրույթից տեղափոխում է ադրբեջանաթուրքական տիրույթ։  

Ինքնիշխանության զիջումը զգայական հարթությունում՝ ոչ հաճելի, սակայն գործնական քաղաքականության տեսանկյունից՝ անխուսափելի իրողություն է։ Իշխանության արդյունավետությունը չափվում է նաև նրանով, թե այն ինչպիսի համամասնություններով և որ աշխարհաքաղաքական կենտրոններին է զիջում երկրի ինքնիշխանությունը՝ պետական շահերի արդյունավետ սպասարկման նպատակով։ Ռուսական, եվրասիական ուղղությունը, այդ առումով, լավագույնը չէ, մյուս կողմից, սակայն, Հայաստանի իշխանությունը ոչ թե օգտագործել է այդ ուղղությամբ հնարավորությունները, այլ ամեն ինչ արել է դրանից բխող ռիսկերը բազմապատկելու համար։ Այդ ուղղությամբ խնդիրները լուծելու փոխարեն՝ փաշինյանական իշխանությունը ոչ լավագույն, բայց օբյեկտիվորեն իրական այլընտրանք չունեցող այդ ուղղությունն ուղղակի փոխում է ադրբեջանաթուրքականով՝ քարոզչական միջոցներով դրա անունը դնելով արևմտամետականություն։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս