Ո՞ւմ ընկալումներով կդատեն Նիկոլ Փաշինյանին 

Արցախի հետ տեղի ունեցած ողբերգությունը, Հայաստանի տարածքներում Ադրբեջանի զորքի ներկայությունը, պետության, հայրենիքի, ինքնության, ամենայնի դեմ վարվող պայքարը Նիկոլ Փաշինյանը հիմնավորում է «սխալ ընկալումներով»։ Ասում է՝ Արցախը հանձնվել է, որովհետև պարզվում է՝ շուրջ երեսուն տարի «սխալ ընկալումներ ենք ունեցել ինքնորոշման իրավունքի վերաբերյալ», Հայաստանի ինքնիշխան տարածքները զավթված են, որովհետև «սխալ ընկալումներ ենք ունեցել տարածքային ամբողջականության վերաբերյալ», Հայաստանը կանգնած է գոյաբանական սպառնալիքների առջև, որովհետև «սխալ ընկալումներ ենք ունեցել հայրենիքի վերաբերյալ»,  և այդպես շարունակ…

Նիկոլ Փաշինյանն իր այս հայտարարություններով սխալական է հռչակում մի ամբողջ ժողովրդի, կայացած պետության անցյալը, ինստիտուցիոնալ հիշողությունը, այն ամենը, ինչ եղել է իրենից առաջ։ Բացի այդ, ըստ նրա տրամաբանության, սխալ ընկալումներով են ապրել և առաջնորդվել ոչ միայն հայաստանյան տարբեր իշխանությունները, այլև ողջ աշխարհը, միջազգային հանրությունը, որն ավելի քան երկու տասնամյակ բանակցային գործընթացի հիմքում դրել է «սխալ ընկալումները»։

Խոսքն այն նույն միջազգային հանրության մասին է, որը, ըստ Նիկոլ Փաշինյանի՝ միջազգային իրավունքի օրենսդիրն է և սրբության սրբոցը։ Իր հռչակած հակաբանականությունը ճշմարտանման դարձնելու համար Նիկոլ Փաշինյանը բոլոր այդ հայտարարություններում շեշտում է, թե ինքն էլ ժամանակին եղել է նույն «սխալ ընկալումների կրողը»՝ հերթական անգամ ու հերթական կերպով իր անմիջական մեղավորությամբ տեղի ունեցած ողբերգությունների համար պատասխանատվությունից ազատվելու նպատակով։

Բանն այն է, որ Փաշինյանն անընհատ կրկնելով «սխալ ընկալումների» մասին բարբաջանքը, հանրային գիտակցության մեջ սերմանում է այն մոլորությունը, որ Արցախը հանձնվել է ոչ թե իր խայտառակ, ձախողված կառավարման, դիլետանտության, չհաշվարկված, դավաճանական որոշումների, այլ հենց «սխալ ընկալումների» պատճառով։ Եվ հիմա նա չքմեղացած հայտարարում է, թե հասկացել է իր ընկալումների սխալականությունը, փոխել է ընկալումները և պետությունից մնացած հատվածը տանում է ճիշտ ճանապարհով։

Կարդացեք նաև

Ընդ որում, որպես մեծ մանիպուլյատոր՝ նա ասում է, թե իր ընկալումների փոփոխությունը նշանակում է, որ փոխվել է նաև ժողովրդի ընկալումը, քանի որ իրեն ընտրել է ժողովուրդը։ Այդ տրամաբանությամբ, նա վաղը կարող է կրոնափոխ լինել և հայտարարել, թե քանի որ ինքը փոխել է կրոնը, հայ ժողովուրդը ևս կրոնափոխ է եղել, որովհետև իրեն ընտրել է ժողովուրդը։

Սեփական ընկալումներով պետության կործանումն արդարացնելու Նիկոլ Փաշինյանի այս փորձերը նման են հիվանդին սխալ բուժման պատճառով սպանած բժշկի արդարացմանը, թե նախկինում ինքը սխալ ընկալումներ է ունեցել այդ հիվանդության ու դրա բուժման մասին։ Նման բժշկին հիմնականում դատում են  ամենախիստ պատժաչափով, բայց եթե բախտը բերի, կարող են պայմանական ազատազրկման դատապարտել՝ անմեղսունակության հիմքով։

Թե այս տարբերակներից որը, ի վերջո, կգործի Նիկոլ Փաշինյանի պարագայում, և ում ընկալումներով կդատեն նրան՝ կախված է սպանված հիվանդի հարազատի դերում հայտնված հայ հասարակությունից։ Հակառակ դեպքում աշխարհում հազիվ թե ընկալեն հազարամյա ժողովրդի կողմից սեփական երկիրը գիտակցված կործանման դատապարտելու իրողությունը։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս