Պատվի համար

Արդեն ավելի քան երեք տարի է՝ Նիկոլ Փաշինյանն ամենօրյա ռեժիմով Հայաստանը դարձնում է խղճուկ, խաղաղություն մուրացող, բայց փոխարենը հարվածներ ստացող, հարվածներ ստացող, բայց դրանց չպատասխանելուց հետո ավելի ստորացող պետություն։ Հայաստանը՝ որպես պետություն, գրեթե անդառնալիորեն զրկվել է արժանապատվությունից, և այդ ընթացքը շարունակվում է։

Թվում է՝ այդ ամենն արվում է Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական խմբակի կողմից կամ նրանց միջոցով։ Դա, իհարկե, հենց այդպես է, բայց միայն առաջին հայացքից։ Իրականում պետությանն արժանապատվությունից զրկելու՝ իշխանության կողմից ղեկավարվող գործընթացին մասնակցում են տասնյակ համակարգեր՝ հարյուրավոր բարձրաստիճան, միջին մակարդակի ու շարքային պաշտոնյաներով։

Բանակի՝ տասնյակներով հաշվվող բարձրաստիճան զինվորականները՝ գեներալական ու այլ ուսադիրներով, լուռ հետևում են քաղաքական իշխանության կողմից զինված ուժերը արժեզրկելու, հեղինակազրկելու գործընթացին, սլացիկ դիրքով պատիվ են տալիս այդ գործընթացը ղեկավարողներին՝ վստահաբար բոլորից առաջ ու ամենքից լավ գիտակցելով բանակը քանդելու ողբերգական հետևանքները։

Եվ այնպես չէ, որ ԶՈՒ հրամկազմն ամբողջությամբ բաղկացած է նոր նշանակված զինվորականներից։ Այսօրվա բարձրաստիճան ուսադիրավորների զգալի մասը հայկական բանակում են դրա կազմավորման առաջին օրից, ծառայում են տասնամյակներով և, դժվարություններից բացի, զգացել են նաև հաղթանակած բանակի հրամանատարներ լինելու բերկրանքը։ Այսօր, սակայն, հաղթանակած բանակի ղեկավարությունը լռելյայն հետևում է ձախողված քաղաքական ղեկավարության պատճառով կրած պարտությունից հետո բանակի գիտակցված թուլացման գործընթացին։

Կարդացեք նաև

Նույնը՝ արտաքին քաղաքականության ոլորտում։ Այսօր պաշտոնավարող Հայաստանի դեսպանների առնվազն մի մասը կանգնած է եղել հայկական դիվանագիտության ակունքներում, արցախյան առաջին պատերազմից հետո աշխարհում ներկայացրել է հաղթանակած պետությունը, բայց այսօր գլխիկոր սպասարկում է երկրին արժանապատվությունից զրկելուն ուղղված արտաքին քաղաքականությունը։

Տարբեր առանձնահատկություններով նույնպիսի իրավիճակ է Ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, մյուս իրավապահ համակարգերում։ Հայաստանի պետական համակարգերը, փաստորեն, չունեն մասնագիտական, համքարությանը բնորոշ այնպիսի արժանապատվություն, որը նրանց կստիպեր գոնե դիմադրության, վարվող քաղաքականության հետ անհամաձայնության նշաններ ցույց տալ։

Հարյուրավոր բարձրաստիճան և հազարավոր ավելի ցածր պաշտոնյաներ հաշտ են իրականության հետ, որում իրենք ծառայում են պետության նվաստացմանը։ Հայաստանը ներկայիս իրավիճակին է հասցրել համակարգերի ու համակարգային կոնֆորմիզմը, որը տարբեր մեխանիզմներով պրոյեկցվել է նաև հասարակության վրա։ Բայց այս իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ պետության արժանապատվությունը կարող է վերականգնվել միայն հասարակության կողմից՝ իշխանությունից զրկելով բոլոր նրանց, ովքեր պետությանը զրկում են արժանապատվությունից։ Ընդ որում, դրա համար մնացել է անպատկերացնելիորեն քիչ ժամանակ։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս