Պետությունը՝ հանրային գերակա շահ
Երբ իշխանությունը մայրաքաղաքի որևէ տարածք, հասարակության համար ոչ միայն նյութական, այլ նաև հոգևոր արժեք ներկայացնող ինչ-որ հաստատություն հռչակում է՝ որպես «հանրային գերակա շահ», և դրա փոխարեն այս կամ այն այլանդակ նախագիծն է ցանկանում իրականացնել, հանրության ամենատարբեր շերտեր բաղոքի ձայն են բարձրացնում, պայքարի գործողություններ են նախաձեռնում։ Վերջին նման դեպքը Երևանի «Օղակաձև զբոսայգու» նախագիծն էր, որտեղ Երևանի քաղաքապետարանը տասնամյակների պատմություն ու ավանդույթներ ունեցող թենիսի կորտերը ցանկանում է քանդել՝ փոխարենն այլ ծրագիր իրականացնելու համար։
Նույն գործընթացը անցած կամ նախանցած տարի կատարվում էր Հատիս լեռան շուրջ, որոշակի այլ դրսևորումներով նույնը տեղի է ունեցել նաև տարբեր հանքերի առնչությամբ, և այլն։
Խնդիրը տվյալ դեպքում առանձին օրինակները չեն, այլ այն, որ ներկայումս իշխանությունը լայն իմաստով «հանրային գերակա շահ» է հռչակել Հայաստանի Հանրապետությունը և զբաղված է պետության դե ֆակտո ապամոնտաժմամբ, որի փոխարեն կառուցվել է այլ, նոր՝ նախկինից տարբերվող, ինչ որ գոյացություն։ Այս պահին հայտնի է միայն, որ եթե կառուցվի, այդ պետությունը կապ չի ունենալու հայրենիքի, անցյալի հետ, դրա հիմքում դրվելու է վճարվող հարկը և հարկ վճարելու համար բանող քաղաքացին։
Դժվար չէ կռահել նաև, որ այդ մոդելի պետության արտաքին շահառուներն առաջին հերթին Թուրքիան ու Ադրբեջանն են, կարող են լինել նաև Ռուսաստանը, Իրանը, այլ երկրներ, բոլորը մի խոսքով։ Ահա այս պայմաններում, սակայն, հասարակության ակտիվ ու պասիվ խմբերն առանձնապես լուռ են ու հատկապես անտարբեր։ Այն դեպքերում, երբ բոլոր այն «խայտառակ որոշումները», որոնցով տարբեր խմբերի համար արժեքավոր, սրբություն համարվող տարածքները «հանրային գերակա շահի» անվան տակ ոչնչացվում են, մեծ հաշվով շրջելի են, կարող են չեղյալ համարվել, դրանց պատճառով ոչնչացված կառույցներն էլ՝ վերականգնվել։ Ի տարբերություն պետության, որի՝ «հանրային գերակա շահի» մեխանիզմով կազմաքանդումը լինելու է անշրջելի ու դրա փոխարեն նախկին պետությունը վերականգնելը գործնականում անհնարին է դառնալու։
Այս ֆենոմենը, իհարկե, բազմաթիվ պատճառներ ունի, որոնց թվում, թերևս, գլխավորն այն է, որ քաղաքացիների, տարբեր խմբերի անդամների զգալի մասն իրեն նույնացնում է ծննդավայրի, մանկության բակի, սիրելի խաղահրապարակի, առանձին-առանձին ամեն ինչի հետ, բայց չի նույնացնում այդ ամենի հավաքականության՝ պետության հետ։
Պետության զավթումը միայն իշխանության ուզուրպացիայով չի արտահայտվում։ Իշխանության զավթումը դրա մեխանիկական մասն է։ Ավելի լայն իմաստով՝ պետության զավթումը դրսևորվում է մարդկանց մեծ մասի գիտակցական ու հոգևոր տարածությունից պետությունն օտարելով։
Հենց դրանով է զբաղված Հայաստանի ներկա իշխանությունը, որը պետությունից օտարված հասարակության լռության պայմաններում այն հռչակել է «հանրային գերակա շահ» և դրա փոխարեն կերտում է կազմավորում, որն ապագայում ծառայելու է կրկին հանրությանը։ Պարզապես դրանք լինելու են ադրբեջանական ու թուրքական հանրությունները։
Հարություն Ավետիսյան