Իշխանությունը՝ ընդդեմ պետության․ իրական վերնախավի հրամայականը

«Էդ էլիտաները չկան, կա մի էլիտա՝ ժողովուրդն է, վերջացավ»,- հայտարարել է Ալեն Սիմոնյանը՝ վաստակավոր ու ժողովրդական կոչումների վերացման մասին նախաձեռնության քննարկման ժամանակ։

Դատելով նրանից, որ ժամանակին իրեն աղդամորդի համարող Սիմոնյանն այդ հայտարարությունն արել է մոտավորապես «Արցախը Հայաստան է, և վերջ» բացականչության առոգանությամբ, հասարակությունը մտածելու ու լուրջ մտահոգվելու առիթ ունի։

Գործող իշխանությունը՝ ժողովրդին պոպուլիստաբար սիրաշահելով այնպես, ինչպես ժամանակին արցախցիներին էր գովերգում Ստեփանակերտի հրապարակներում, իրականում սպառնում է այդ նույն ժողովրդին արժանացնել Արցախի ճակատագրին։ Ի թիվս բազմաթիվ այլ գործոնների, նաև այն պատճառով, որ էլիտաների դեմ հայտարարել է այնպիսի պատերազմ, որպիսին՝ Ադրբեջանի դեմ վարելու դեպքում, այսքան կորուստներ կարող էին չլինել։

Բայց խնդիրը միայն իրական էլիտաների դեմ իշխանության պայքարը չէ։ Բանն այն է, որ հայտարարելով, թե էլիտաներ չկան և միակ էլիտան ժողովուրդն է, իշխանությունը ստորաբար ու սովորության համաձայն՝ ստում է։ Իրականում էլիտաներ կան բոլոր հասարակություններում, բոլոր երկրներում, անգամ նրանցում, որտեղ փողոցային խառնամբոխը՝ պոպուլիզմով, զավթում է իշխանությունը։ Վերջիններում ահա, ոչ թե էլիտաները վերանում են, այլ դրանց տեղը զբաղեցնում է փողոցի խուժանը։

Կարդացեք նաև

Հայաստանի հիմնարար խնդիրներից մեկը ոչ թե էլիտաների լինելիությունն է, այլ այն, որ նոմինալ քաղաքական էլիտայի տեղն այսօր զբաղեցնում են ՔՊ-ի անդամները։ Այո, նրանք իրական վերնախավին ներկայացվող չափանիշներից հեռու են այնքան, որքան Ալեն Սիմոնյանը՝ իր երբեմնի հայրենիք Աղդամից։

Բայց միևնույն է, չհամապատասխանելով էլիտայի նվազագույն չափանիշներին անգամ, նրանք են այսօր ֆիզիկապես զբաղեցնում էլիտայի տեղը և հենց որպես դրա անդամներ՝ իրենց կայացրած որոշումներով են պետությունը հասցրել հանգրվանի, որում սահմանադրությունը փոխվում է թշնամական երկրի պահանջով։ Հայ հասարակությանն անհրաժեշտ է, որպեսզի ոչ թե ժողովուրդը լինի էլիտա, ինչպես նենգաբար ստում են իշխանությունները, այլ որպեսզի պետությունն ունենա իրական քաղաքական, տնտեսական, մշակութային, մասնագիտական վերնախավեր։

Առանց էլիտայի՝ չի կարող լինել պետություն, և էլիտայի դեմ պայքարն իրականում պայքար է պետության դեմ։ Այն, ինչով հիմա զբաղված է Հայաստանի իշխանությունը։

Հակաէլիտիզմը՝ հաջողություն ապահովելով ամբոխավարական շարժումների համար, իրականում հակաբնական է՝ որպես կեցության ձև, որովհետև հասարակության մեջ չեն կարող լինել ամբողջությամբ իրար հավասար անդամներ, և հանրությունը բնականորեն ունի շերտեր, որոնց մի մասը՝ մասնագիտության, որոշները՝ ինտելեկտի, երրորդները՝ գործունեության ոլորտի բերումով, զբաղվում են մյուսներից տարբերվող աշխատանքով։ Ինչպես հիմա, օրինակ, Ալեն Սիմոնյանը, որն ի դժբախտություն հայ հասարակության՝ գտնվելով քաղաքական էլիտայի բարձրագույն աստիճանում, երթևեկում է թանկարժեք ավտոմեքենայով, որում իր հայտարարած էլիտայի՝ ժողովրդի գերակշիռ մեծամասնությունն անգամ ամենավարդագույն երազում չի  կարող հայտնվել անգամ մեկ վայրկյանով։

Որևէ հանրույթի խնդիրը ոչ թե վերնախավի բացառումն է, այլ իրական, կենսունակ էլիտայի գոյությունը, որը պետության ու հասարակության համար կենսական որոշումներ կայացնելիս առաջնորդվում է առնվազն մեղսունակության կանխավարկածով։ Մյուս կողմից՝ ցանկացած հասարակություն մեծ գին է վճարում՝ թույլ տալով առաջին հերթին քաղաքական վերնախավում հայտնվել նրանց, որոնք նորմալ պետության մեջ, լավագույն դեպքում, այդ դերում կարող էին հանդես գալ միայն որևէ հումորային սերիալում։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս