Քաղաքացիները կստանան վճարման պահանջագրեր
«Դու մենակ չես, մենակ չես…» երգելով 2018-ին փողոցից իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն այսօր մենակ չէ։ Արցախին պատուհասած աղետը, ընդդեմ Հայաստանի, հայկական անցյալի ու ինքնության նրա իրականացրած քաղաքականությունը միայնակ անելիք չէ, այդ գործընթացում ընդգրկված են հարյուրավոր երևացող դեմքեր ու հազարավոր, գուցե տասնյակ-հազարավոր անտեսանելի կատարածուներ։
Երևացողները հանձնարարաբար կամ բնազդորեն ապականում են հանրային միտքն ու բանականությունն ամենայն հայկականի դեմ՝ Փաշինյանի մտադրություններն արդարացնելու համար։ Շատերը դրան ծառայում են անխոս՝ կատարելով հակահայկականության գերատեսչական, թղթաբանական իրենց փայ ստորությունը։ Այլ շերտեր մասնակից են դրանց իրենց լռությամբ, ժպտադեմ քծնանքով, ապագայում այսօրվա հացկատակության համար պատասխանատվության չենթարկվելու կեղտոտ հաշվարկներով։ Եվ բոլոր փորձերը՝ այսօր տեղի ունեցողը վերագրելու միայն Նիկոլ Փաշինյանի անձին, լավագույն դեպքում ծառայում են նրա ներքինիների ապագա մեղսազերծմանը։ Իսկ այս ընթացքը կասեցնելու համար Փաշինյանի հեռացումն իշխանությունից՝ անհրաժեշտ պայման լինելով՝ բավարար չէ, իշխանությունից պետք է հեռացնել այն մտածողությունը, անձեռնմխելիի հանդեպ ոտնձգելու այլանդակ հանդգնությունը, որով այսօր Փաշինյանին սպասարկողները վաղը նույնը կարող են անել այլ մեկի հրահանգով։
Հայկականության դեմ այսօր վարվողը հանցավոր է ի բնե և հաջողության հասնելու դեպքում կարող է հավակնել հազարամյակի հանցագործությանը։ Եվ եթե դա այդպես է, ապա Փաշինյանի իրականացրածը կազմակերպված, խմբակային հանցագործություն է, ինքն էլ՝ հանցախմբի պարագլուխը։ Եվ հազարամյակի հանցագործությանն ուղեկցող էպոխալ սուտն այն է, որ արվում է ամեն ինչ՝ դա որպես փրկչություն, հանցախմբի պարագլխին էլ՝ որպես փրկիչ ներկայացնելու համար։ Եթե դա էլ հաջողի, հանցախմբի անդամները դառնալու են առաքյալներ ու քարոզիչներ՝ հայկականության դեմ իրենց հաղթանակից կերտելով տարածքի վերածված հայրենիքի նոր «կրոն», որը որևէ աղերս չի ունենա անցյալի, հիշողության, գենի, ավանդությունների հետ։
Որոշողը՝ նրանք կդատվեն որպես հանցագործնե՞ր, թե՞ կմեծարվեն որպես փրկիչներ, հասարակությունն է՝ անկախ նրանից՝ այդ որոշման մեջ կլինե՞ն առաջնորդող քաղաքական ուժեր ու անհատներ, թե՞ ոչ։
Հանրության այդ որոշումը սովորական որոշում չէ, այլ այնպիսիներից է, որի համար գին է վճարվելու։ Խնդիրն ամենևին հասարակությանը մեղադրելը չէ, պարզապես գերնյութականացված ու օգտապաշտական չափանիշով առաջնորդվող հանրությունը պետք է պատրաստ լինի վճարել նման իշխանությանը հանդուրժելու համար։ Կյանքը ցույց տվեց, որ Արցախով վճարելը հասարակության համար ընդունելի էր գոնե այնքանով, որ դա վճարվեց առանց առանձնակի ընդվզման։ Բայց դա ընդամենը կանխավճարն էր, առջևում սպասվում են նոր վճարումներ, և հասարակությունը կարող է ստիպված լինել որպես զոհաբերություն մատուցել, այլաբանորեն ասած, նախնիների գերեզմանները, որոնք «նոր կրոնի» հետևորդները կվերածեն գինարբուքի վայրերի։ Նոր Սահմանադրությունը, զինանշանի ու օրհներգի փոփոխության մասին հայտարարությունները, «Հայաստանի պատմությունը» այդ վճարման պահանջագրերն են, որոնք առաջիկայում կուղարկվեն քաղաքացիներին։
Հարություն Ավետիսյան