ԲԱՄԲԱՍԿՈՏ ՉԵՄ, ՉԿԱ ՆՄԱՆ ԲԱՆ. ԻՆՉ ՀԵՔԻԱԹ ԱՍԵՍ, ԻՄ ՄԱՍԻՆ ՀՈՐԻՆՈՒՄ ԵՆ. ԾՈՎԻՆԱՐ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
168TV-ի «Ռանդևու» հաղորդման հյուրն այս անգամ դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանն է, ով բաց ու անկեղծ խոսեց իր մասնագիտական ընտրությունների, անձնական սահմանների և տարիներ շարունակ իր մասին տարածվող խոսակցությունների մասին։

Դերասանուհու ամենահնչեղ հայտարարություններից մեկը վերաբերում էր բեմին իր հնարավոր հրաժեշտին.
«Կգա էդ ժամանակը… երբ զգամ՝ այլևս չեմ մտնի բեմ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ բեմում մնալու կամ չմնալու որոշումը կախված է իր ներքին զգացողություններից։

«Նարեկն իրավունք ունի ասելու, այդպիսի դեպքեր եղել են»,- նշեց նա՝ շեշտելով, որ եթե ամուսինը՝ դերասան Նարեկ Հայկազյանը, գա այդպիսի որոշման, ինքն անձամբ չի փորձի հակադրվել․
«Եթե իմ ամուսինն ինձ ասի՝ այլևս չեմ ուզում, որ դու թատրոնում աշխատես, ես կասեմ՝ ինչպես ուզում ես»։
Ծովինարն ընդգծում է, որ իր շուրջ ստեղծված բամբասանքները տարիներով հետապնդում են իրեն․
«Իմ մասին հեքիաթներ են հորինում, ինչեր են պատմում, թե ես ինչքան բամբասկոտ եմ… չկա նման բան»,- ասաց նա՝ վստահեցնելով, որ խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը։

Նրա խոսքով՝ երբեմն նույնիսկ իր լինելն է «խանգարում» որոշ մարդկանց:
«Նախանձը գիտե՞ք՝ որն է՝ իմ լինելը այստեղ։ Այս պահին գուցե խանգարում եմ»,- նշեց Ծովինարը։
Դերասանուհին կարծիք հայտնեց նաև մարդկային շփումների ու ուղղախոսության մասին․
«Դա գռեհկություն է, երբ դու մտածում ես, որ դիմացինը հիմար է, և ասում ես՝ գիտես, դու հիմար ես։ Չէ, դա գռեհկություն է։ Ես ասում եմ այն, ինչը վերաբերում է արդարությանը կամ անարդարությանը»։
Ծովինարն անդրադարձավ նաև այն փաստին, որ իրեն մշտապես կապում են մոր՝ Գրետա Մեջլումյանի անվան հետ․
«Գիտե՞ս, ամենավատ բանն է, երբ քեզ անընդհատ ասում են՝ դե, Գրետա Մեջլումյանի աղջիկն է։ Հակառակը․ եթե դու ունես մի չուզող, Գրետան ունի 10 չուզող, և այդ 10-ը դառնում են նաև քո չուզողները։ Մինչև դու հասկացնում ես, որ Գրետա Մեջլումյանը չես, դու ուրիշ մարդ ես»,- ասաց նա։
Ծովինար Մարտիրոսյանը նշեց, որ որքան էլ թատրոնն իր կյանքի անբաժան մասն է եղել մանկությունից մինչև այսօր, այն իր համար պաշտամունք չէ․

«Ես նվիրյալ չեմ, թատրոնին վերաբերվում եմ՝ իբրև գործ, աշխատանք։ Ես կուռք չեմ սարքում թատրոնը, չեմ տառապում թատրոնացավով»,- ընդգծեց նա։
«Եթե ես երեք տարի գործ չունենամ թատրոնում և դեր չունենամ, կարող եմ հանգիստ չմտնել թատրոն։ Դա ինձ ցավ չի պատճառի»։
Մանրամասները՝ տեսանյութում։

