Նիկոլ Փաշինյանը կարող է մեկնել Բաքու

Երեկ Ադրբեջանում կայացել են նախագահական արտահերթ ընտրություններ, որոնց արդյունքում, բնականաբար, արդեն որերորդ անգամ նախագահ կհռչակվի 20 տարի այդ պաշտոնը զբաղեցնող Իլհամ Ալիևը։ Քանի՞ տոկոսով՝ հարցը երկրորդական է այն իմաստով, որ խոսքն ավտորիտար պետության մասին է, որտեղ ձայների քանակը ոչ թե հաշվվում է, այլ հռչակվում։ Մյուս կողմից՝ արցախյան երկրորդ պատերազմից ու Արցախի հայաթափումից հետո Ալիևն ամեն ինչ անելու է, որ այսօր հրապարակվելիք տոկոսը լինի հնարավորինս մեծ՝ ցույց տալու համար, որ ադրբեջանական ժողովուրդն իրեն վստահում է՝ արդեն որպես «հաղթանակած նախագահի»։

Ալիևի՝ այսօր Ստեփանակերտում բացված տեղամասում  քվեարկելու, ընտրություններում «շռնդալից» հաղթանակի կերտման, առավել ևս՝ դրա բարձր ցուցանիշների ապահովման հարցում անուղղակի, բայց զգալի մասնակցություն ունի Նիկոլ Փաշինյանը։

Հենց նա է ղեկավարել այն Հայաստանը, որը խայտառակ կառավարման պատճառով պարտվել է արցախյան պատերազմում, հենց նա է դրանից հետո բանավոր պայմանավորվածություններով ու անգործությամբ ադրբեջանական վերահսկողությանը հանձնել Հայաստանի ռազմավարական բարձունքներն ու ճանապարհները, հենց նրա ղեկավարած Հայաստանն է օտարի նման հետևել արցախահայերի վտարմանն իրենց բնակավայրերից, և հենց նա է անձամբ այսօր բոլոր ամբիոններից զբաղված Ադրբեջանի նախկին, ներկա ու ապագայում կատարելիք ռազմական հանցագործությունների լեգիտիմացմամբ։

Բոլոր այս գործոններն ամենատարբեր չափաբաժիններով նպաստել են, որպեսզի Ալիևն իր ժողովրդին ներկայանա՝ որպես «հաղթանակած առաջնորդ», որի «երկաթյա բռունցքն» ավելի լկտիաբար է թափահարվել հատկապես պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի ստացած «պողպատյա մանդատի» շնորհիվ։

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանն է ապահովել այն նախադրյալները, որոնք Ալիևին հնարավորություն են տալու այսօր հրապարակել իր «բարձր լեգիտիմության» տոկոսները։ Խոսքն այն նույն Նիկոլ Փաշինյանի մասին է, ով 2020 թ սեպտեմբերի 26-ին՝ պատերազմի նախորդ օրը, Հանրայինի եթերից սպառնում էր պայթեցնել Ադրբեջանի ներքաղաքական կյանքը, ինչի արդյունքում Արցախում պայթեցին հազարավոր ականներ, Արցախը հանձնվեց Ադրբեջանին, բայց ինքը պահպանեց իշխանությունը։

Հիմա ժամանակները փոխվել են, և Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի ներքաղաքական կյանքը պայթեցնելու փոխարեն՝ հերթով պայթեցնում է Հայաստանի Երրորդ Հանրապետության հիմնասյուները՝ փոխարենը հույս հայտնելով, որ Ադրբեջանում ընտրությունների ավարտից հետո խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները կառուցողական ընթացք կունենան (նա նման հայտարարություն է արել երկու շաբաթ առաջ Վրաստանի վարչապետի հետ հանդիպման ընթացքում)։

Իսկ Ալիևին, «կառուցողական» լինելու համար, անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանում էլ իշխանությունը պահպանի այն ուժը/անձը, որը հնարավոր է դարձրել իր 2020-ի պատերազմական ու երեկվա ընտրական «հաղթանակը»։ Դա նշանակում է, որ Ալիևն էլ իր հերթին՝ շահագրգիռ է լինելու, որպեսզի Հայաստանում ընտրական գործընթացների դեպքում ապահովվի Նիկոլ Փաշինյանի հաղթանակը։ Դրա ամենահեշտ ձևը պատերազմի սպառնալիքն ավելացնելն է և անհրաժեշտության դեպքում՝ պատերազմական գործողություններ սանձազերծելը, ինչը «խաղաղության նվիրյալ» Նիկոլ Փաշինյանին հնարավորություն կտա հայտարարել, որ միայն իր ընտրությամբ կարելի է խուսափել պատերազմից։

ՀԳ Պետք չէ բացառել, որ Նիկոլ Փաշինյանը կարող է անգամ շնորհավորել Ալիևին նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ և առաջիկայում մեկնել Բաքու՝ մասնակցելու նրա երդման արարողությանը։ Նախորդ տարի Անկարայում Էրդողանի երդմնակալությանը մասնակցելով՝ նա ցույց է տվել, որ որևէ բարդույթ չունի՝ թեկուզև երկրորդ շարքում թշնամական երկրի ղեկավարի քարոզչական միջոցառումներին գլխաքանակ ապահովելու հարցում։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս