Հավաքական ախմախության պարադոքսը․ Օտարված Հայաստան

Արդյոք ազգերը կարո՞ղ են լինել հավաքականորեն հիմար կամ անբանական և զուրկ  բարոյականությունից ու արժանապատվությունից։

Այս հարցի անսխալ, բացարձակ պատասխանը չկա, քանի որ անգամ գիտության զարգացման ներկայիս պայմաններում, գործնականում հնարավոր չէ չափել վերը նշված հատկանիշները համազգային մակարդակով։

Բայց հարաբերականության հարթությունում այդ հարցի պատասխանը կարելի է գտնել՝ որպես հիմք ընդունելով ազգի, հասարակության կենսագործունեությունն ապահովող հավաքական ինստիտուտների որակը։

Տվյալ դեպքում այդպիսի կառուցակարգերի դերում կարող են հանդես գալ պետությունը՝ որպես հանրային դաշինքի արտահայտություն, և իշխանությունը՝ որպես պետության կառավարումը որոշակի անձանց, միավորների հանձնելու կոնսենսուսի դրսևորում։

Կարդացեք նաև

Առաջադրված հարցի հարաբերական պատասխանն այս հարթությունում փնտրելու դեպքում արդյունքները, մեղմ ասած, չեն կարող շոյել մեր ազգային արժանապատվությունը։

Պետության կերպը, որն այսօր գոյացել է Հայաստանում, և իշխանությունը, որը կառավարում է նմանակերպ պետությունը, ցույց են տալիս, որ, այո, ախմախությունը կամ անբանականությունը, ինչպես և անբարոյականությունն ու անարժանապատվությունը կարող են հանդես գալ՝ որպես ազգերի բնութագրեր։ Սա ամենևին չի նշանակում, թե մեր հասարակության մեջ չկան անհիմար ու բանական անհատներ, ո՛չ, կան և հաշվվում են տասնյակ-հազարներով ու ամենատարբեր խավերով։

Դա չի նշանակում նաև, որ մեր հանրությունը չունի բարոյական իմպերատիվներով ու արժանապատվությամբ ապրող ներկայացուցիչներ, ո՛չ, ունի, և նրանք հաշվվում են հարյուր-հազարներով։

Խնդիրը, սակայն, ոչ թե այդպիսի որակներով անհատների, հանրային շերտերի ու խավերի գոյությունն է ինքնին, այլ այն հավաքական կառուցակարգերը, որոնք՝ ի դեմս պետության ու իշխանության, արձանագրվում են՝ որպես հասարակության կենսագործունեության ինտեգրալ արդյունք։

Ահա այդ տեսանկյունից առկա է հսկայական ճեղք, խզում հանրության անհատական որակների և հավաքական արդյունքների միջև։

Եվ մեր հանրային, պետական, քաղաքական, սոցիոմշակութային ու արժեբանական հիմնարար խնդիրների մեծ մասը գտնվում են հենց այդ խզման տիրույթում։ Դա նշանակում է, որ՝ կա՛մ, պայմանականորեն ասած, հանրային առաքինությունների մակարդակը, այդուհանդերձ, բավարար չէ որակյալ համահասարակական արդյունքներ ունենալու համար, կա՛մ արդյունավետ չէ այն մեխանիզմը, հանրային ու քաղաքական ինստիտուտների այն համակարգը, որով այդ ռեսուրսը վերածվում է հավաքական արդյունքի՝ ի դեմս պետության ու իշխանության։

Առաջին հայացքից թվում է, թե այս խնդրի լուծման վերը նշված խզումը վերացնելու ճանապարհն այդ մեխանիզմի կատարելագործումն է, որը կարող է տեղի ունենալ հանրության՝ ավելի որակյալ ներկայացուցիչներին, խավերին հանրային ու պետական կյանքում ընդգրկելու միջոցով։ Բայց դա թվացյալ լուծում է, որովհետև իրականում այս գործընթացը զարգանում է փակ շրջանի սկզբունքով․ հասարակության որակյալ հատվածն ինքնաօտարվում է անբանական ու անարժանապատիվ պետությունից և իշխանությունից, որովհետև անգամ ամենամակերեսային նույնականացումը դրանց հետ խնդրահարույց է արժանապատվության համար։

Այս օտարումն է՛լ ավելի է մեծացնում առաջին հերթին՝ իշխանության, բայց որպես արդյունք՝ նաև պետության դեգրադացման աստիճանը, իսկ այլասերման յուրաքանչյուր հաջորդ փուլ ավելի է օտարում բանական ու արժանապատիվ խավերին։ Այս օտարումն իր հերթին՝ արտահայտվում է մի քանի դրսևորումներով։

Ոմանք պետությունից օտարվում են սոսկ հոգեբանորեն՝ սեփական երկրում ապրելով արտագաղթածի զգացողությամբ, որոշներն օտարումն իրականացնում են նաև ֆիզիկապես՝ արտագաղթելով, այս խմբերում կան նաև արտագաղթելու հնարավորություն ունեցողներ, բայց դեռ դիմադրողներ, և հակառակը՝ երկրից հեռանալու վերջնական որոշում կայացրածներ, որոնք չունեն դրա հնարավորությունը։

Այս՝ հիմնականում լատենտ գործընթացների հետևանքն այն է, որ պետությունը մնում է բանականության ու արժանապատվության հետ անհաղթահարելի խնդիրներ ունեցողներին, որոնք այդ խնդիրը փորձում են լուծել բանականությանն ու արժանապատվությանը վերջնականապես հաղթելով։

Եվ նրանք հաջողելու են այնքան ժամանակ, քանի դեռ հասարակության՝ պետությունից օտարված շերտերը չեն գտել պետությունը հիմարությունից ու անարժանապատվությունից օտարելու միջոցները։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս