Հայաստանում կարող է ներդրվել նոր հարկատեսակ՝ ախմախության հարկ
Պետությունը՝ որպես հանրային կյանքի կազմակերպման բարձրագույն ձև, ունի մի շարք մենաշնորհային իրավունքներ։ Պետությունը, օրինակ, ունի բռնության բացառիկ իրավունք և հանրության բնականոն կենսագործունեությունը, ներքին ու արտաքին անվտանգությունն ապահովելու նպատակով բռնություն կիրառելու իրավունք և պարտականություն։
Պետությունն ունի նաև հարկեր սահմանելու ու գանձելու բացառիկ իրավունք, որը, կրկին նույն սկզբունքով, կարող է և պարտավոր է իրացնել՝ բազմաթիվ համահասարակական խնդիրներ լուծելու համար։
Բոլոր այդ իրավունքները, մենաշնորհներն ապրիորի վերագրվում են պետությանը, սակայն գործնականում տրվում են տվյալ պահի իշխանությանը, որը ձևավորվում է հանրության կողմից։ Այսինքն՝ հասարակությունն է՝ ընտրելով այս կամ այն քաղաքական ուժին, նրան մանդատ տալիս՝ կիրառելու բռնություն, սահմանելու հարկեր, և այսպես շարունակ։ Արդյունավետ կամ ոչ արդյունավետ պետական կառավարումը, հետևաբար, ի թիվս մի շարք այլ դրսևորումների, նշանակում է նաև բռնության, հարկեր սահմանելու ու գանձելու մենաշնորհի խելամիտ կամ չմտածված իրացում։
Հայաստանում վաղուց պետության այդ մենաշնորհային իրավունքներն իրացվում են ոչ թե խելամտության, այլ հակաբանականության կանխավարկածով։ Բռնության իրավունքն իրացվում է միայն իշխանություններին ընդդիմացողների նկատմամբ, պետական բարձրաստիճան պաշտոնյաները բռնությունն իրացնում են անձամբ՝ սեփական ավտոշարասյունով վրաերթի ենթարկելով՝ սպանել քաղաքացուն (օրինակ՝ հղի կնոջը), կամ, եթե քաղաքացու բախտը բերում է, կարող է կյանքի փոխարեն վճարել միայն պաշտոնյայի կողմից երեսին թքելու տհաճությամբ։
Նույն իրավիճակն է նաև պետության՝ հարկահավաքության գործառույթի դեպքում։ Սննդի կետերում աղամաններ տեղադրելու անհեթեթ արգելքից մինչև բացօթյա տարածքներում ծխելու անթույլատրելիություն, բոլորը ոչ խելամիտ, մեղմ ասած՝ անարդյունավետ որոշումներ են, որոնք, այդ թվում՝ հանգեցնում են քաղաքացիների շրջանում պետության՝ առանց այն էլ չունեցած հեղինակության խարխլմանը։
Հարկային քաղաքականությունն անհեթեթության սկզբունքով իրականացնելն իրականում իշխանությունների, որոշում կայացնողների մտածողության, աշխարհայացքի խեղման հետևանք է, որի ամենավառ վկայությունը Նիկոլ Փաշինյանի կողմից արտագնա աշխատողներին կամ շոու-բիզնեսի աստղերին հարկելու հիմնավորումն էր՝ ասֆալտե ճանապարհներով երթևեկելու ցնորամիտ օրինակով։ Խնդիրն այն է, որ ավտորիտար իշխանություն ունեցող երկրներում հենց նման ցնորամտությունն է տարբեր ձևակերպումներով, ի վերջո, դառնում օրենք, կառավարության որոշում, հարկային դրույքաչափ։
Իրականում քաղաքացուն տուգանքի մատերիալ սարքած Նիկոլ Փաշինյանն ամենատարբեր անվանումներով ու ամենաանհեթեթ հիմնավորումներով ավելացնելով քաղաքացիների հարկային բեռը՝ բոլորին հարկում է չհայտարարված մի հարկատեսակով, որը կարող է կոչվել «ախմախության հարկ»։
Փաշինյանին ու նրա քաղաքական թիմին 2018 թվականին իշխանությանը մոտ թողնելու ախմախության համար քաղաքացիները վճարում են բոլոր հնարավոր միջոցներով։ Իհարկե, արդար կլիներ, եթե այդ հարկը վերաբերեր միայն նրան «ընտրած» 680 հազար քաղաքացիներին, բայց իրականում վճարում են բոլորը։
Եվ վճարելու են այնքան ժամանակ, քանի դեռ չեն կարողացել գտնել պետությունը խելամտության և խելամիտների կառավարմանը հանձնելու միջոցները։ Եվ եթե դա առաջիկայում տեղի չունենա, իշխանությունը կարող է արդեն տարբեր անվանումների ներքո քաղաքացիներից քերթվող հարկերը միավորել մեկ միասնական հարկատեսակում և հարկային օրենսգրքում ավելացնել «ախմախության հարկ» հոդվածը։
Հարություն Ավետիսյան