Այն, ինչ կարելի է Ալիևին, պետական գաղտնիք է հայ հասարակության համար

Կառավարությունը հունվարի 25-ի նիստում հաստատել է Զինված ուժերի կարիքների համար իրականացվող և պետական գաղտնիքի շարքին դասվող գնումների մասին տեղեկությունների ցանկը։

Ըստ որոշման՝ պետական գաղտնիքի շարքին է դասվելու նաև զինված ուժերի կարիքների համար իրականացված գնումների մասին տեղեկատվությունը՝ պետական գաղտնիք պարունակող ռազմական տեխնիկայի ու սպառազինության, պետական գաղտնիք պարունակող ռազմամթերքի միջոցների ապահովման համար անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների, ինչպես նաև ռազմական կարիքների ապահովման նպատակով անշարժ գույքի ձեռքբերման վերաբերյալ տեղեկատվությունը:

Առաջին հայացքից սովորական ու տրամաբանական թվացող այս որոշումն իրականում շատ հետաքրքիր շերտեր ունի։

Բանն այն է, որ որոշման մեջ տեղ գտած բավական տարողունակ ձևակերպումներից դատելով, այն վերաբերելու է ոչ միայն զինված ուժերի կարիքների համար գնվող սպառազինությանն ու զինամթերքին, ինչը նորմալ է ու հիմնավոր, այլ նաև զինված ուժերի «կարիքների համար իրականացված գնումների մասին տեղեկատվությանը»։

Կարդացեք նաև

Իսկ վերջինն իր մեջ ներառում է նաև բանակի համար կատարվող տնտեսական գնումները, սնունդը, հիգիենայի պարագաները, գործնականում այն ամենը, ինչն անհրաժեշտ է բանակի կենսագործունեությունն ու կենցաղն ապահովելու համար։ Խոսքը տարեկան միլիարդավոր դրամի գնումների մասին է, որոնց իրականացումը միշտ էլ համարվել է «ատկատների», կոռուպցիոն ամենատարբեր սխեմաների գրավիչ աղբյուր։

Այդ արատավոր երևույթների դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը պետք է և կարող է լինել բանակի՝ սպառազինություններին չվերաբերող գնումների հնարավորինս հրապարակայնացումը, գնումների մրցութային կարգի կատարելագործումն ու մրցակցության խթանումը։

Կառավարության այս որոշմամբ, սակայն, գործնականում ամեն ինչ դասելով «պետական գաղտնիքի» շարքին, իշխանությունն իր հետ փոխկապակցված օլիգարխների միջոցով հնարավորություն է ստանում կամայականորեն, գրեթե առանց որևէ վերահսկողության տնօրինելու զինված ուժերի կարիքների համար գնումները։

Ընդ որում՝ դրա մեջ ներառվելու է նաև ձեռք բերվող անշարժ գույքը և եթե, ասենք, իշխանության հետ սերտաճած որևէ կալվածատեր բանակին իր մի քանի հեկտար հողակտորը վաճառի շվեյցարական Ալպերի շուկայական գներով, հասարակությունն այդ մասին չի էլ իմանալու, քանի որ ցանկացած հարցադրմանն ի պատասխան՝ պատասխանողները մատնանշելու են «պետական գաղտնիքը»։

Այլ կերպ ասած, կառավարությունը զինված ուժերում առկա թալանը, կոռուպցիան ընդամենը մեկ որոշմամբ դասում է «պետական գաղտնիքի» շարքին՝ իշխանության մի քանի ֆիգուրանտների օժտելով հսկայական միջոցների տնօրինման հնարավորությամբ։
Բայց այս որոշումն ուշագրավ է մեկ այլ առումով ևս։

Կառավարությունը, որի ղեկավարն ընդամենը երկու շաբաթ առաջ հրապարակավ թշնամի երկրին առաջարկում էր սեփական սպառազինությունները վերահսկելու մասին պայմանագիր ստորագրել, որոշում է ընդունում զինված ուժերում փողի ցանկացած շարժ «պետական գաղտնիք» հայտարարելու մասին։

Այսինքն՝ այն, ինչ կարելի է Ալիևին, պետական գաղտնիք է հայ հասարակության համար։

Հարություն Ավետիսյան 

Տեսանյութեր

Լրահոս