Մենք գիտենք, որ դու ոչինչ չգիտես
Եթե Հայաստանում անցկացվեր մրցանակաբաշխություն՝ «Շաբաթվա անհեթեթությունը» խորագրով, ապա Նիկոլ Փաշինյանի ելույթներն ամենշաբաթյա կուսակցական հանդիպումներում, վստահաբար, կզբաղեցնեին առաջին պատվավոր հորիզոնականը։ Իսկ որոշ մտքեր կարող էին հավակնել անգամ «Գրան Պրիի», ինչպես, օրինակ, «որպես պետություն՝ սիգի հետ հարաբերվելու» մասին հայտարարությունը, կամ հայ ժողովրդի պատմությունը պետականություն ունենալու և չունենալու շրջանների բաժանելու գաղափարը, որի բացատրության համար անհրաժեշտ են ոչ միայն՝ պատմական, այլ նաև՝ առողջապահական գիտելիքներ։
Պակաս զավեշտալի չէ այն, որ այսպիսի մոնոլոգները «գաղափարական հարցերի քննարկումներ» խորագրով հնչում են մի կուսակցությունում, որն իշխանության է եկել՝ հայտարարելով, որ չի դավանում որևէ իզմ-ի։ Եվ հիմա, Նիկոլ Փաշինյանը՝ ամեն շաբաթ հավաքելով իր կուսակցական անդեմ զանգվածին, նրանց դեմքի անհաղորդ արտահայտության պայմաններում կերտում է սեփական «իզմ»-ը, որը՝ հռչակվելով որպես «հայրենասիրության նոր մոդել», իրականում հիմնված է հայրենիքի ոչնչացման և դրա փոխարեն՝ անհայրենիք պետության գաղափարի սերմանման վրա։
Դրա շրջանակներում, ահա, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե իրեն շատ է դուր եկել ինչ-որ մեկի արտահայտած միտքը, թե «հայրենասիրությունը պրոֆեսիոնալիզմն է»։
Բավական պարզունակ ու մակերեսային այս թեզը տեսականորեն կարող է գոյություն ունենալ և տեղ գտնել, օրինակ, ավագ դպրոցի գերազանցիկ որևէ աշակերտուհու շարադրությունում, անգամ բարձր գնահատականի արժանանալ «մեր ժամանակների հերոսին» հավակնող որևէ մանկավարժի կողմից։
Բայց երբ այս թեզով հիանալու մասին հայտարարում է մեկը, ով հաջողացրել է ընդամենը 5 տարվա ընթացքում մի քանի հազարամյակ հայկական համարվող Արցախը հանձնել Ադրբեջանին, 5000 երիտասարդների կյանք խլել, դրանից առաջ ու դրանից հետո հիմնահատակ կազմաքանդել պետության բոլոր կենսական համակարգերը, այդ թվում՝ բանակը, դիվանագիտական ծառայությունը, գործնականում ամեն ինչ, խնդիրը տեղափոխվում է կամ դատահոգեբուժական, կամ, լավագույն դեպքում, բարոյականության հարթություն։
Արցախին ու Հայաստանին պատուհասած բոլոր աղետները լայն իմաստով կարող են ունենալ երկու բացատրություն։ Կա՛մ իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, իրականացրել և շարունակում է դավաճանական, կոլաբորացիոնիստական քաղաքականություն, կա՛մ այդ աղետները հնարավոր են դարձել այդ իշխանության՝ Նիկոլ Փաշինյանի ոչ պրոֆեսիոնալիզմի, մասնագիտական ու քաղաքական թերհասության, ոչ կոմպետենտության պատճառով։
Ընդ որում, արդեն ավելի քան երեք տարի է՝ իշխանական ու մերձիշխանական քարզչությունն ամենատարբեր մեթոդներով տարածում է երկրորդ տարբերակը՝ մոտավորապես՝ «խեղճ հարիֆը ի՞նչ աներ» արդարացման մոտիվներով, որի նպատակը, թեկուզ և ոչ այնքան հաճելի պիտակավորմամբ, այդուհանդերձ նրան դավաճանության մեղքից մաքրելն է։
Եվ հիմա, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե իրեն դուր է գալիս միտքը, որ հայրենասիրությունը պրոֆեսիոնալիզմն է, ուղղակիորեն խոստովանում է, որ ոչ միայն հայրենասեր չէ, այլև հակահայրենիք է, որովհետև պրոֆեսիոնալիզմից հեռու է այնքան, որքան տարիներ շարունակ իր կողմից մեջբերվող «Կարգին հաղորդումը»՝ անցած շաբաթ օրն իր ցիտած Սոկրատի փիլիսոփայությունից։
Ընդ որում, Սոկրատին վերագրվող «ես գիտեմ, որ ես ոչինչ չգիտեմ» արտահայտությունը, որ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում էր՝ որպես գաղափարական, հայեցակարգային մտածում, նրա դեպքում ունի ոչ թե փիլիսոփայական, այլաբանական, այլ ամենաուղիղ, ամենաբառացի իմաստը։
Հարություն Ավետիսյան