Մշակույթի նախարարության արձագանքը՝ վերացող պատմամշակութային Երևանին

Երևանում տարիներ շարունակ ոչնչացող պատմամշակութային հուշարձանների, դրանց ճակատագրերի շուրջ տարվող անփույթ և կործանարար քաղաքականության վերաբերյալ օրեր առաջ լրագրողների հետ հանդիպեցին և իրենց խիստ վրդովմունքը հրապարակայնորեն հայտնեցին մի խումբ մտավորականներ:

Վերջիններս նկատեցին, որ Երևանում ակնհայտորեն օրեցօր պակասում են պատմության կնիքը կրող շինությունները, իսկ եղածներից շատերի մշակութային միջավայրը խաթարված է բազմազան նորակառույցների անկանոն և ճնշող ներկայությամբ: Նրանց զայրույթի ու զանգվածային լրատվամիջոցների սևեռված ուշադրության կենտրոնում հայտնվեց հատկապես Արամի 30 հասցեում գտնվող շինության գիշերային ապամոնտաժումը:

Միջադեպից անց՝ օրեր շարունակ, չեն դադարում նաև Աբովյան-Պուշկին-Նալբանդյան փողոցների միջև ընկած տարածքում տեղակայված պատմամշակութային հուշարձանների ճակատագրի վերաբերյալ հակասական քննարկումները: Պարզվում է, որ այս տարածքը 2008 և 2013 թվականներին կառավարության որոշմամբ ճանաչվել է գերակա հանրային շահ և ենթակա է կառուցապատման: Վերջիններիս մտահոգության առանցքում էր հայտնվել նաև այսօր արդեն լրջորեն վտանգված «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը: Մտավորականները հստակ պահանջ հղեցին պատկան մարմիններին՝ դադարեցնել պատմամշակութային հուշարձանների շարունակական ոչնչացումը, որդեգրել դրանց պահպանման, խնամքի և մշակութային ժառանգության վերականգնման պետական քաղաքականություն:

Զարմանալի պատահականությամբ, ո՛չ Արամի 30 հասցեի ետնամասում կառուցապատվող շինության կառուցապատող Ավո Քարագոզյանը, ո՛չ «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի պահպանման համար պայքարի ելած մտավորականներից որևէ մեկը որևէ կերպ չի կարողանում հստակեցնել, թե հատկապես ո՞ր պետական օղակն է պատասխանատու շինության պահպանման կամ քանդման վերաբերյալ որոշումների կայացման և թույլտվության տրամադրման համար պատասխանատու պատկան մարմինը: Ահավասիկ սիրիահայ գործարար Ավո Քարագոզյանը, օրինակ, ցնցող հայտարարություն է անում, թե ինքն արդեն 12 տարի ապրում է Հայաստանում, բայց չգիտեր, որ Արամի 30 հասցեի շենքը հուշարձան է: Ճարտարապետ Սաշուր Քալաշյանը, օրինակ, «Զվարթնոց» օդանավակայանի էստակադայի ապամոնտաժման թեմայով խոսելիս՝ չի թաքցնում, որ իրավիճակը տագնապալի է և դուրս է վերահսկողությունից, և, որ ինքն այլևս որևէ սպասելիքներ չունի:

Օդում կախված համատարած անորոշությունից ձերբազատվելու համար «168 Ժամը» պաշտոնական հարցում ուղարկեց ՀՀ Մշակույթի նախարարություն՝ նախարար Հասմիկ Պողոսյանից իրազեկվելու՝ որքանո՞վ է այս գերատեսչությունը պատասխանատվություն կրում ստեղծված իրավիճակում, որո՞նք են վերջիններիս վերապահված օրենքով նախատեսված գործառույթների սահմանները, միաժամանակ նաև ճշտելու՝ արդյո՞ք Երևանի պատմական կենտրոնում կատարվելիք կառուցապատումները նախապես համաձայնեցվում են ՀՀ Մշակույթի նախարարության հետ, կամ որքանո՞վ են հավաստի խոսակցություններն այն մասին, որ Երևան քաղաքի հուշարձանների պետական ցանկն այլևս չի գործում: Իբրև այս և, ի թիվս, այլ հարցերի պատասխան, Մշակույթի նախարարությունից մենք ստացանք անստորագիր մի նամակ, որտեղ շարադրված էին, ըստ էության, կիսատ ու լղոզված պատասխաններ, որոնք մենք ստիպված ենք հրապարակել՝ փորձելով ստանալ մեզ հետաքրքրող հարցերի պատասխաններն այս անգամ հրապարակավ հնչեցված մեկնաբանությունների տեսքով.

Հարց 1. Արդյոք Երևանի պատմական կենտրոնում կատարվելիք կառուցապատումները նախապես համաձայնեցվո՞ւմ են ՀՀ Մշակույթի նախարարության հետ, եթե այո՝ կոնկրետ նախարա՞րն է տալիս համաձայնությունը, թե՞ որևէ ստորաբաժանում:

–  Երևան քաղաքում նախատեսվող կառուցապատման նախագծերը ՀՀ մշակույթի նախարարության հետ համաձայնեցվում են, եթե դրանք առնչվում են պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններին: Նախագծերը, համապատասխան ստորաբաժանումների մասնագետների քննարկման արդյունքում` ներկայացվում է ոլորտի պատասխանատու նախարարի տեղակալի համաձայնեցմանը, իսկ վերջինիս բացակայության դեպքում` փոխարինող պատասխանատու անձին:

Մեկնաբանություն. Ինչպե՞ս հասկանալ՝ «կառուցապատման նախագծերը ՀՀ մշակույթի նախարարության հետ համաձայնեցվում են, եթե դրանք առնչվում են միայն պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններին» ձևակերպումը: Արդյո՞ք հուշարձանների շուրջ իրականացվող փոփոխությունները չեն համաձայնեցվում: Մեկնաբանեք խնդրում ենք՝ ի՞նչ է նշանակում՝ «համապատասխան ստորաբաժանումների մասնագետների քննարկման արդյունքում ներկայացվում է ոլորտի պատասխանատու նախարարի տեղակալի համաձայնեցմանը, իսկ վերջինիս բացակայության դեպքում` փոխարինող պատասխանատու անձին» ձևակերպումը: Արդյո՞ք Մշակույթի նախարարի տեղակալին կարևոր հարցերը համաձայնեցման ներկայացնում են ուղղակի մասնագետները, արդյոք չկա՞ն պատասխանատու մասնագիտական ստորաբաժանում կամ ստորաբաժանումներ: Ինչպե՞ս կարելի է հասկանալ նաև՝ «վերջինիս բացակայության դեպքում` փոխարինող պատասխանատու անձին» հասկացությունը: Հարց է ծագում՝ ո՞վ կարող է համարվել նախարարի տեղակալին փոխարինող պատասխանատու անձ:

Հարց 2. Խնդրում ենք տրամադրել Կենտրոն վարչական շրջանում քանդված բոլոր շինությունների վերաբերյալ համաձայնությունները, մասնագիտական եզրակացությունները:

– ՀՀ մշակույթի նախարարությունը հուշարձանների քանդման համաձայնություն և դրա հետ կապված մասնագիտական եզրակացություն չի տվել, քանի որ հուշարձանի քանդումը օրենքով արգելվում է:

 Մեկնաբանություն. Հարցադրումը բավական հստակ է եղել` տրամադրել Կենտրոն վարչական շրջանում քանդված բոլոր շինությունների վերաբերյալ համաձայնությունները: Մշակույթի նախարարության պատասխանում «շինությունը», չգիտես ինչո՞ւ, դարձել է «հուշարձան»: Հարգելի նախարարություն, ակնկալում ենք այս հարցի հստակ պատասխանը: Հաջորդ ենթահարցը` արդյո՞ք տրվել են մասնագիտական եզրակացություններ այդ շինությունների քանդման համար, եթե՝ այո, տրամադրեք խնդրում ենք, եթե՝ ոչ, հիմնավորեք՝ ինչո՞ւ չի տրվել: Պատասխանն առկա չէ: Պարտավո՞ր է արդյոք Մշակույթի նախարարությունն այս դեպքում տալ համաձայնություն, թե՞ ոչ՝ հիմնավորեք խնդրում ենք: Հարցը վերաբերում է ոչ միայն հուշարձաններին, այլև`շինություններին՝ կա՞ն արդյոք Աֆրիկյանների, Աճառյանի դպրոցի, այլ հուշարձանների ու շինությունների վերաբերյալ համաձայնություններ և մասնագիտական եզրակացություններ: Ի՞նչ հիմքով են ապամոնտաժվել դրանք:

Հարց 3. Որքանո՞վ են հավաստի խոսակցություններն այն մասին, որ Երևան քաղաքի հուշարձանների պետական ցանկն այլևս չի գործում: Եթե այդպես է, ապա ինչո՞ւ և ի՞նչ պատճառաբանությամբ է չեղյալ համարվել այն:

– Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի «ՀՀ Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» N 1616-Ն որոշմամբ հաստատված ցուցակը ուժը կորցրած չի ճանաչվել և գործում է մինչ օրս:

Հարց 4. Ո՞վ է իրավասու չեղյալ համարել Երևան քաղաքի հուշարձանների պետական ցուցակը, և ի՞նչն է տվյալ պարագայում ընդունվել որպես հիմք:

–  Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը ուժը կորցրած կարող է ճանաչվել միայն այն հաստատող մարմնի որոշմամբ:

Մեկնաբանություն. Ինչպե՞ս կարող է հաստատող մարմինը` Կառավարությունը, չեղյալ համարել նախկին՝ 1983 թվականին հաստատված ցուցակը՝ դուրս թողելով դրանից հուշարձանի կարգավիճակ ունեցող շինություններ: Չե՞ք կարծում, որ դրա իրավասությունը բացակայում է: Մշակութային արժեքը չի կարող չեղյալ համարվել: Ո՞ր իրավական հիմքով և ի՞նչ հաստատող մարմնի կողմից կարող է չեղյալ համարվել նախկին ցուցակը: Նշեք, խնդրում ենք, իրավունքի այն տեսակը, որտեղ նշված է, թե հաստատող մարմինը կարող էր անել դա: Ո՞ր հուշարձաններն են նշված եղել նախկին ցուցակում, և որո՞նք են հետագայում դուրս մնացել ցուցակից (խոսքը վերաբերում է Երևանի կենտրոնի հուշարձաններին):

Հարց 5. Ե՞րբ կհաստատվի նոր ցուցակը, և ի՞նչ հուշարձաններ կներառվեն նոր ցանկում:

–  Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական նոր ցուցակ կազմել չի նախատեսվում: Տեղեկացնում ենք, որ ՀՀ մշակույթի նախարարությունը նախատեսում է գործող ցուցակը լրամշակել և լրացնել նոր հուշարձաններով:

Մեկնաբանություն. Արդյո՞ք լրամշակելուց և լրացնելուց հետո նոր հուշարձաններ դուրս չեն մնալու այդ ցուցակից:

Հարց 6. Արդյո՞ք պատճառը պայմանավորված չէ այն հանգամանքով, որ նոր ցանկում արդեն տեղ չեն գտնելու այն հուշարձանները, որոնք խոչընդոտում են քաղաքի կենտրոնում տարաբնույթ բիզնես ծրագրերի իրականացմանը:

– Հուշարձանների պետական ցուցակը համալրվում է փորձագիտական հանձնաժողովի եզրակացության հիման վրա, որը առաջնորդվում է բացառապես ապագա հուշարձան-օբյեկտի պատմական և մշակութային արժեքի գնահատմամբ:

Մեկնաբանություն. Արդյո՞ք փորձագիտական հանձնաժողովը միշտ և «բացառապես» այդպես է գործել: Եթե՝ այո, տրամադրեք, խնդրում ենք, նախկին ցուցակով չեղյալ ճանաչված հուշարձանների և շինությունների մասին մասնագիտական գնահատականները:

Հարց 7. Ըստ Հուշարձանների մասին օրենքի՝ հուշարձանները կարող են ցուցակից դուրս գալ միայն փորձագիտական հանձնաժողովի եզրակացության հիման վրա: Խնդրում ենք տրամադրել մինչև 2004թ. ցուցակում ընդգրկված, բայց նույն 2004թ. ցուցակից բացակայող հուշարձանների դուրս գալու մասին այդ հանձնաժողովի եզրակացությունները:

– Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի «ՀՀ Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» N1616-Ն որոշման 2-րդ կետով ուժը կորցրած է ճանաչվել Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1983 թվականի հուլիսի 4-ի «Հայկական ՍՍՀ տարածքում պետական պահպանության տակ վերցված պատմության և կուլտուրայի հուշարձանների և նրանց պահպանական գոտիների ցուցակների հաստատման մասին» N 377 որոշման Երևան քաղաքի պատմության և կուլտուրայի հուշարձանների ցուցակը: Տեղեկացնում ենք, որ նոր ցուցակում ընդգրկված չեն 2004թ. դրությամբ բացակայող հուշարձանները (Լենինի, Ղուկաս Ղուկասյանի և այլ):

Arami-3 (3)

Մեկնաբանություն. Անհասկանալի է, նախկինում ևս՝ ինչպես վերջերս դրանք քանդվել կամ «ապամոնտաժվե՞լ» են: Խնդրում ենք տրամադրել ցանկում ընդգրկված, հետագայում դուրս մնացած հուշարձանների տվյալները, ինչպես նաև դրանց բացակայության, ընդգրկված չլինելու և այլ որոշումների վերաբերյալ փաստերը:

Հարց 8. Ինչի՞ հիման վրա քանդվեցին վերջին շրջանում Հին Կենտրոնի հուշարձան շենքերը, ո՞վ է պատասխանատու կառույցը` Մշակույթի նախարարությո՞ւնը, Քաղաքապետարա՞նը, թե՞ Կառավարությունը:

– Կրկին անգամ տեղեկացնում ենք, որ հուշարձանի քանդումը օրենքով արգելվում է: Հավանաբար, Ձեր հարցը վերաբերում է ՀՀ կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի N1616-Ն որոշման 1-ին կետով հաստատված` Երևան քաղաքի տեղափոխման ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում ընդգրկված մի շարք ապամոնտաժված հուշարձան-շենքերին: Վերը նշված հուշարձանների տեղափոխման խնդիրները լուծելու նպատակով` Երևանի քաղաքապետի 2005թ. օգոստոսի 24-ի N1827-Ա որոշմամբ, ինչպես նաև կառավարության որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծով` գլխավոր պողոտայի հատվածում պետք է իրականացվի «Հին Երևան» ծրագիրը, որի տարածքում էլ նախատեսվում է վերականգնել ապամոնտաժված հուշարձանները: ՀՀ կառավարության որոշմամբ` նախագծի մշակման աշխատանքների իրականացումը հանձնարարվել է ՀՀ քաղաքաշինության նախարարությանը:

Մեկնաբանություն. Հնչեցնում ենք հարցը՝ ինչի՞ հիման վրա «ապամոնտաժվեցին» (քանդվեցին) վերջին շրջանում Հին Կենտրոնի հուշարձան շենքերը, ո՞վ է պատասխանատու կառույցը` Մշակույթի նախարարությո՞ւնը, Քաղաքապետարա՞նը, թե՞ Կառավարությունը: Եթե կան հուշարձաններ, որոնք տեղափոխվել են այլ վայր, նշեք խնդրում ենք: Հուշարձանի տեղափոխման դեպքում ենթադրվում է վերականգնման հաստատված նախագիծ, եթե կան այդպիսիք, ապա խնդրում ենք տրամադրել դրանց տվյալները:

«168 Ժամը» շնորհակալություն է հայտնում Մշակույթի նախարարությանը՝ հնչեցված նախորդ պատասխանների համար՝ սպասելով համալրված նոր պատասխանների, որը միգուցե լույս կսփռի Երևան քաղաքի կենտրոնում շարունակաբար քանդվող և դեռ քանդվելիք պատմական հուշարձանների և կառույցների շուրջ ծագած հանրային հնչեղություն ստացած վեճերի հանգուցալուծման վրա:

 

Տեսանյութեր

Լրահոս