«Քանդվելու են նաև Նալբանդյան, Արամի, Աբովյանի փողոցների հարակից տարածքները, իսկ Ազգային պատկերասրահը՝ որպես քանդման ենթակա կառույց, նախագծում ներառված չէ». Ավո Քարագոզյան
Այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպեցին Արամի 30 հասցեի ետնամասում կառուցապատվող շինության կառուցապատող Ավո Քարագոզյանը և շինության նախագծի հեղինակ, ճարտարապետ Աշոտ Ալեքսանյանը: Ասուլիսի թեման Արամի 30 հասցեում տեղակայված կառույցի ապամոնտաժման պատճառներն էին:
Ասուլիսի բանախոս կառուցապատող, սիրիահայ գործարար Ավո Քարագոզյանը հայտնեց, որ ինքն արդեն տասներկու տարի ապրում է ՀՀ-ում, բայց չգիտեր, որ Արամի 30 հասցեի շենքը հուշարձան է: «Իմ խնդիրն է՝ կառուցել այնպիսի շինություն, որը գոնե իմ տեսակետից՝ կլինի մաքսիմում լավագույնը, որպեսզի ես կարողանամ այն կառուցելուց հետո վաճառել: Կոնկրետ այդ շինության քանդման հետ ես որևէ շահ չունեմ, որովհետև այդ տարածքում նախատեսված է կառուցել քաղաքային ճանապարհ: Այդ տարածքը հանրային գերակա շահ է հռչակվել: Կառուցապատում իրականացնելու՝ հյուրանոցային շենք կառուցելու իրավունքը ես ստացել եմ դեռ 2004թ. քաղաքապետ Երվանդ Զախարյանի կողմից: Խնդիրն ինձնով չի սկսվել, ավելին ասեմ՝ ես սպասեցի երկու-երեք տարի, մեկը չասաց, որ Արամի 30 հասցեի շենքը հուշարձան է, հնություն է»,- ասաց կառուցապատող գործարար Ա. Քարագոզյանը:
Լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչո՞ւ է, այնուամենայնիվ, որոշում կայացվել շենքն ապամոնտաժել գիշերային ժամերին, պարոն Կարագուլյանն անկեղծ պատասխանեց. «Ակտիվիստներից եմ վախեցել, նրանց բողոքից, դրա համար գիշերով քանդեցի»:
Իմանալով ակտիվիստների դիրքորոշումը տվյալ տարածքի և այդ տարածքում եղած կառույցի նկատմամբ՝ գործարարն այնուամենայնիվ չի հրաժարվել այդ նախագծից, որը վերջինս այսօր այսպես մեկնաբանեց. «Դա իմ իրավասության մեջ չէր մտնում՝ հրաժարվելը: Արամի 30 հասցեի այդ տարածքի համար ես վճարել եմ հինգ հարյուր հազար դոլար, դա շատ վաղուց էր, կոնկրետ չեմ հիշում»:
Ասուլիսի մյուս բանախոսը՝ Արամի 30 հասցեի շինարարության նախագծի հեղինակ, ճարտարապետ Աշոտ Ալեքսանյանը, հարցի վերաբերյալ ունի իր դիրքորոշումը, որը, ինչպես ինքը խոստովանեց, քննարկումների սկզբնական ընթացքում բոլորովին այլ է եղել: Նա այն քիչ մասնագետներից մեկն էր, ով դեմ է եղել Արամի 30 հասցեում գտնվող հուշարձանի քանդման գաղափարին. «Հավատացեք, այս քաղաքում իմ նախնիների կողմից դրված յուրաքանչյուր քար ինձ համար թանկ է և կարևոր, բայց ինձ բացատրեցին, կողմնորոշեցին, և ես հասկացա, որ իսկապես այստեղ խնդիր կա: Բանը նրանում է, որ Արամի փողոցը նեղ, առվակի պես փողոց է և պետք է քանդվի՝ մայրաքաղաքի տրանսպորտային երակները թեթևացնելու, մայթը լայնացնելու, մարդկանց հանգիստ տեղաշարժն ապահովելու համար: Հավատացեք, ամենաօպտիմալ լուծումն էր ՝ ապամոնտաժել շենքն ու տարածքը վերադարձնել քաղաքին: Հանրապետության հրապարակում տրանսպորտը գերհագեցած է, և ես դրա դեմն առնել չեմ կարող, տրանսպորտը խեղդել է Երևանը, այն դարձել է տրանսպորտային քաղաք, հետիոտնին ոչինչ չի թողնվել: Այդ հարցով հանրային քննարկումներ են եղել: Այդ տարածքը պետք է բարեկարգվի քաղաքի համար»:
Շինարարության նախագծի հեղինակ, ճարտարապետ Աշոտ Ալեքսանյանը, պարզվում է, Ցավում է Երևանի հարկայնության բարձրացման համար, նրա մասնագիտական կարծիքով՝ Երևանի կենտրոնը խիստ խտացած է: Այնուամենայնիվ, վերջինս չհամաձայնեց այն դիտարկմանը, որ տվյալ տարածքում վեր խոյացող ութհարկանի հյուրանոցը մայրաքաղաքի կենտրոնը խտացնող շինարարական կառույցներից մեկն է լինելու: « Ես համաձայն չեմ ձեր այդ դիտարկմանը, որովհետև դա նախատեսված է՝ որպես «սեղմ» շենք: Ես իմ սերունդների առաջ շատ հանգիստ եմ լինելու, իմ խիղճը հանգիստ է»,- ասաց պարոն Ալեքսանյանը:
Անդրադառնալով այն հարցին, որ կառուցապատող, սիրիահայ գործարար Ավո Քարագոզյանը Սերժ Սարգսյանի եղբայր՝ Լևոն Սարգսյանի հետ մտերիմ հարաբերություններ ունի, և, որ հենց նրա հետ համագործակցությամբ է վերջինս Աբովյան փողոցում իրականացնում հյուրանոցի կառուցապատում, բանախոսը պատասխանեց. «Երբ Լևոն Սարգսյանը հյուպատոս էր Հալեպում, ես մի գործ էի տվել իրեն, ապա ես իրեն գրավոր դիմեցի, քանի որ մի դատավարություն ունեի ՀՀ-ում՝ ընդդեմ Մելիք Գասպարյանի, ու նա ինձ օգնեց: Իսկ տարածքների հետ կապված՝ ես իր հետ որևէ համագործակցություն չունեմ»:
Ավո Քարագոզյանը, ի դեպ, տեղեկացրեց նաև որ քանդման ենթակա է Արամի 30 հասցեի դիմահար շենքը, ինչպես նաև՝ հարակից «Milano» խանութը նույնպես, որի համար ինքն արդեն վճարել է սեփականատիրոջը: Վերջինս տեղեկացրեց նաև, որ իրեն տրված նախագծով քանդվելու են նաև Նալբանդյան, Արամի, Աբովյանի փողոցների հարակից տարածքները, իսկ Ազգային պատկերասրահը՝ որպես քանդման ենթակա կառույց, նախագծում ներառված չէ: