Բաժիններ՝

«Վիճակը տագնապալի է և դուրս վերահսկողությունից, ես որևէ սպասելիքներ չունեմ». Ճարտարապետը՝ «Զվարթնոցի» էստակադայի ապամոնտաժման մասին

Այս օրերին բողոքի և անհամաձայնության մեծ ալիք բարձրացրած «Զվարթնոց» օդանավակայանի էստակադայի ապամոնտաժման թեմայով քննարկումները ոչ միայն չեն դադարում, այլ նաև զարգացումների նոր փուլ են մտնում: Օրեր առաջ թեմայի առնչությամբ մեծ աղմուկ էր բարձրացրել ճարտարապետ Անահիտ Թարխանյանի տարածած այն հայտարարությունը, որտեղ նշվում էր, որ Երևանի քաղաքապետարանը 2015թ․ դեկտեմբերին ապամոնտաժման թույլտվություն է տրամադրել «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին` «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքի մասնակի ապամոնտաժման համար։ Ըստ Թարխանյանի` այդ թույլտվությունը հնարավոր է միայն կոռուպցիոն շահի առկայության պարագայում: Դրանից հետո Երևանի քաղաքապետարանը շտապեց պարզաբանել, որ որևէ շինարարական կազմակերպության «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքի ապամոնտաժման թույլտվություն չի տրվել, և օդանավակայանի ընդլայնման աշխատանքներին զուգահեռ՝ կլոր մասնաշենքն արտաքին փոփոխության կամ որևէ ապամոնտաժման աշխատանքների չի ենթարկվելու:

«Զվարթնոցի» կլոր շենքի ճակատագրով մտահոգ ճարտարապետներին, սակայն, այս հայտարարությունը բավարար չի թվացել: Նրանք, այնուամենայնիվ, կառույցի ապագա գոյության հիմքերում լուրջ վտանգ են տեսնում, որով պայմանավորված՝ չեն դադարեցնում հասարակային հնչեղությունը, մամուլի ասուլիսների կազմակերպումն ու հասարակական կազմակերպությունների ներգրավումը թեմայի առնչությամբ: Իր հրապարակային հայտարարություններից մեկում «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի հեղինակի դուստրը՝ ճարտարապետ Անահիտ Թարխանյանը, օդանավակայանի շենքի պահպանման համար դիմել է Քաղաքաշինության նախարարության Քաղաքաշինական պետական տեսչության պետին, որպեսզի պարզի, թե Երևանի քաղաքապետարանի՝ համալիրի էստակադան քանդելու թույլտվությունն արդյոք համապատասխանո՞ւմ է ՀՀ օրենսդրությանը, և արդյոք թույլտվության արդյունքում չի՞ վնասվում հին համալիրի ամբողջությունը: Ա. Թարխանյանը ստեղծված իրավիճակի հիմքում նույնիսկ կոռուպցիոն ռիսկ է տեսնում և չի թաքցնում իր այդ մտահոգությունը:

Պարզվում է՝ Ա. Թարխանյանն իր այս մտահոգության մեջ միակը չէ: Այդ կարծիքն են կիսում նաև մասնագետներից շատերը, որոնցից մեկի՝ ճարտարապետ Սաշուր Քալաշյանի հետ «Զվարթնոց» օդանավակայանի էստակադայի ապամոնտաժման թեմայով 168.am-ն այսօր հեռախոսազրույց ունեցավ: Պարոն Քալաշյանը չի թաքցնում, որ իրավիճակը տագնապալի է և դուրս վերահսկողությունից, և, որ ինքը որևէ սպասելիքներ չունի:

–  Պարոն Քալաշյան, ինչի՞ արդյունքում է ստեղծվել այս իրավիճակը:

Կարդացեք նաև

–  Պատճառը փողի սովն է:

–   Դուք է՞լ եք կիսում ճարտարապետ Անահիտ Թարխանյանի հնչեցրած այն կարծիքը, ըստ որի՝ «Զվարթնոց» օդանավակայանի էստակադայի ապամոնտաժման հիմքում կոռուպցիոն ռիսկեր կան:

–  Միանշանա՛կ կան:

–  Ի՞նչ հիմքեր ունեք այդպես կարծելու, պարոն Քալաշյան:

–  Հիմքերն այնքայն ակնհայտ են… և նաև այն պարզ պատճառով, որ կոռուպցիոն ռիսկերը մեզ մոտ արդեն վաղուց պետական մակարդակի վրա են դրված:

–  Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է արդյոք առանց լուրջ մասնագիտական եզրակացության և համակողմանի քննարկումների, մի գիշերում ապամոնտաժել օդանավակայանի էստակադան՝ հարվածի տակ դնելով «Զվարթնոցի» կլոր շենքի գոյությունը նույնպես:

–  Մենք արդեն 3 տարուց ավելի չընդհատվող շրջանառության մեջ ենք պահում այդ հարցը, և այսօր արդեն ես պատրաստվում եմ մի տեքստ կազմել, որտեղ այդ հարցը, որը Դուք հիմա ինձ եք տալիս, ուզում եմ տալ չգիտեմ՝ ում…

–  Ո՞ւմ, պարոն Քալաշյան:

–  Դե, երկրի նախագահին, ասենք թե, բայց ես ոչ մի ակնկալիք չունեմ, որ նա ինչ-որ պատասխան կտա:

–  Ուրեմն պետք է դիմել մի տեղ, որտեղից ակնկալում եք, որ պատասխան կլինի:

–  Իսկ ո՞րն է այդ տեղը, Դուք կարո՞ղ եք հուշել:

–  Նախօրեին գիշերով, բոլորից թաքուն ապամոնտաժվեց Արամի 30 հասցեում գտնվող երևանյան հին կառույցներից մեկը: Ոչ ոք ոչնչից տեղյակ չէ, ոչ ոք պատասխանատվություն չի կրում կատարվածի համար: Ի՞նչ եք կարծում, սա հետևողական քաղաքականություն չէ՞՝ վերացնելու ժամանակաշրջանի ճարտարապետական դիմագիծը:

–  Այս ամենի հիմքում գումարի շրջանառությունն է, ուրիշ ոչինչ: Եվ այստեղ ոչ միայն Երևանի այս կամ այն շրջանի ճարտարապետական հուշարձանների ու կառույցների քանդման վտանգն է միայն, այլ ազգի, որովհետև առանց մշակույթի՝ ազգ գոյություն ունենալ չի կարող, իսկ եթե դու մշակութային ճառանգության կրող չես, ուրեմն ոչինչ ես: Ահա թե ինչն են քանդում, և այն էլ՝ համատարած:
 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս